Ասացողը

Վանեցի Կոմիտասի աղջիկ Թամարն ու նրա՝ չլսված երգերը․ «Ասացողը»  

Օդաներում, գյուղերի հրապարակներում, ծեսերի ու ավանդական տոների ժամանակ  մեր բառուբանը թափառում էր ժողովրդի մեջ։ Այնքան էր տարածվում, որ դառնում էր ժողովրդական: Այսօր օդաներ չկան, ծեսերն ու ավանդական տոները մոռացվում են, չկա միջավայրը, որտեղ ստեղծվում է ազգային ֆոլկլորը, բայց կան մարդիկ, ովքեր այն ժառանգել են իրենց տատ ու պապից։ Այս հաղորդաշարը հենց նրանց՝ բանասացների մասին է։  

Թամարա Հակոբյանը վանեցի Կոմիտասի ու մշեցի Հասմիկի աղջիկն է: Երգասաց է: Ապրում է Ապարանում: Երաժշտական կրթություն չունի, նոտա չգիտի, բայց ժողովրդական հնչյունները իր կոկորդում այնպես է շարում, որ նոտա իմացողները գալիս են Թամար տատի մոտ, երգացնում ու գրառում են նրա չիմացած նոտաները: 

Թամարա Հակոբյանը իր թոռների տատիկը լինելուց բացի շատերի տատն է: «Տոնացույց» ժողովրդական թատրոնում է աշխատում: Հագնում է հայկական տարազ, կապում կարմիր գոգնոց ու թատրոն եկած թոռնիկների հետ ծեսեր կազմակերպում, տոներ նշում: Երեխաների հետ հնոցի է հարում, ցորեն է բովում ու երկանքով աղում: Ասում է` դարդերը ցորեն մաղելիս երկանքով աղում է, սրտի բարին էլ դնում է իր երգերի մեջ, որոնք թոռներին պիտի սովորեցնի, որ դառնան ականջ անող ու շարունակող։

Back to top button