
Հունիսի 21-ին Կոմպոզիտորների միության համերգային դահլիճում կայացավ «Նվիրում Աշոտ Զոհրաբյանին» խորագիրը կրող համերգ, որի ծրագրում ընդգրկված էին ոչ միայն անվանի կոմպոզիտորի, այլև նրա սաների ստեղծագործությունները։
Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումարանը, 1967-1972 թվականներին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ 1972–2008 թվականներին դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումարանում, այնուհետև՝ 1992 թվականից, կոնսերվատորիայում, նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա` կոմպոզիցիայի պրոֆեսոր։
Գրել է «Խաղերի բումերանգ» լարային կվարտետը, սոնատներ դաշնամուրի, նաև թավջութակի և դաշնամուրի, «Սերենադ»՝ 13 մենակատարի, «Parable»՝ 13 մենակատարի, «Էլեգիա»՝ կամերային լարային նվագախմբի, «Նվիրում Մեծարենցին»՝ կամերային նվագախմբի, ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 եղջերափողի, «Shant matinale»՝ փողային կվինտետի, «Ritual»՝ 3 ֆլեյտայի, 4 գիշերերգ՝ սոպրանոյի և դաշնամուրի, «Knots»՝ երգեհոնի, «An der knaber Elis»՝ ձայնի, դաշնամուրի, թավջութակի և կլարնետի, կոնցերտ՝ ջութակի և լարային նվագախմբի համար, № 1 «Նարցիս» և № 2 լարային կվարտետները, «Նովելետ» դաշնամուրային կվինտետը և այլ գործեր։
Նրա երաժշտությունը կատարվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
«Մեր Ուսուցիչը համարվում է հայկական անդըրգրաունդի հիմնադիրներից և այդ հանգամանքը իրապես լայնացնում էր այն մշակութային տեսադաշտը, որի մեջ մենք հայտնվեցինք որպես նրա սաներ, ուսանողներ։ Նա երբեք չեր սահմանափակում մեր ստեղծագործական ազատությունը, ողջունում էր նորարարությունը, փորձարարությունը», — ասում է Աշոտ Զոհրաբյանի սան, կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանը, որը, ապրելով և ստեղծագործելով Գերմանիայում, ժամանել է Երևան հատուկ հիշատակի համերգին մասնակցելու նպատակով։
«Այսօր կարելի է ասել, որ նա կերտել է կոմպոզիտորական մի սերունդ, որի անդամները նաև մենք ենք, և եկել է ժամանակը, երբ մենք պետք է պատվենք մեր Ուսուցչի հիշատակը, նրա ավանդը հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության մեջ և, ի վերջո, հիշեցնենք հասարակությանը նրա կյանքի և ստեղծագործության մասին», — շարունակում է կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը, որը նույնպես Աշոտ Զոհրաբյանի սաներից է։
«Շատ չխոսկան էր մեր վարպետը, երբեմն կտրուկ և վճռական։ Շատ էր նեղվում, երբ ուշացնում էինք նրա առաջադրանքները։ Բայց դրա հետ միաժամանակ սպասում էր մեր նոր ստեղծագործություններին և հետևում մեր ստեղծագործական ընթացքներին», — ամփոփում է կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը։
Ցանկացած ստեղծագործական դպրոցի կենսունակության հիմքում սերնդափոխությունն է։ Մաէստրո Աշոտ Զոհրաբյանը կարող է հպարտանալ իր սաներով։




