Դիվանագիտական գործ

Ինչո՞ւ էր Հայաստանի Երրորդ Հանրապետությունն  իր հիմնադրման 16-րդ օրվանից ձգտում դեպի Եվրոպա․ «Դիվանագիտական գործ»

Դիվանագիտական աշխատանքը հրապարակային չէ, այդ պատճառով երբեմն թյուր կարծիք է ձևավորվում, որ այն լավ չի կատարվում կամ պարզապես չկա: Մինչդեռ դիվանագիտությունը ելքեր փնտրող կամ դրանք ստեղծող մարդկանց մասին է, որոնց աշխատանքը հանրության համար չէ, պետության համար է:

Հայաստանի հանրային ռադիոն շարունակում է իր տաղավարում հյուրընկալել Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին դիվանագետներին, որպեսզի նրանք պատմեն, թե հակառակ անփորձությանը ինչպես են կարողացել մրցել փորձառու գործընկերների հետ և Հայաստանն աշխարհին տեսանելի դարձնել։ Ես Անի Պողոսյանն եմ, սա «Դիվանագիտական գործ»  հաղորդումն է:  

Այսօրվա հաղորդումից կիմանաք, թե ինչպես Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման հարցի քննարկումներից իրենց դժգոհությունը ռուս գեներալները Վազգեն Սարգսյանին հասցրին, ինչպիսի դիվանագիտական հնարքով մերոնք խորամանկեցին ադրբեջանցիներին և թե ինչո՞ւ էր Հայաստանի Երրորդ Հանրապետությունն  իր հիմնադրման 16-րդ օրվանից ձգտում դեպի Եվրոպա:

***

Այո, դուք հավանաբար կզարմանաք, բայց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը իր ձևավորման արդեն 16-րդ օրը մի հույժ կարևոր նամակ է ուղարկում Եվրոպայի խորհրդին հետևյալ բովանդակությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ ցանկություն ունի դառնալ եվրոպական մեծ ընտանիքի անդամ:

Նամակի հեղինակը Հայաստանի Հանրապետությունն էր, հասցեատերը Եվրոպայի Խորհուրդը, խնդրանքը Եվրոպա հասցնողը՝ Աշոտ Ոսկանյանը, որը 1995-ից 1997 թվականը ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր, նստավայրը՝ Վիեննան, համատեղությամբ Հունգարիայի, Չեխիայի և Սլովակիայի դեսպանն էր: Հայաստանի եվրոպական երազանքներին Աշոտ Ոսկանյանը ծանոթ է առաջին ձեռքից ու առաջին դեմքով:

Աշոտ Ոսկանյան, ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

-Այդ պրոցեսը տևեց 10 տարի, դա այդքան էլ թեթև բան չէր, ինչպես մենք կարծում էինք։ Մանավանդ ինձ համար շատ անսպասելի էր, երբ որ մենք այնտեղ գնացինք, շատ պատգամավորներ բավականաչափ բարյացակամ մեզ ասացին՝ տղերք, բայց դուք ինչու եք համարում, որ դուք եվրոպացի եք: Մենք շատ զարմացանք, ասացինք, դե Քրիստոնեություն, էս, էն, ասացին, էն է լատինաամերիկյան երկրներն էլ են քրիստոնյա, բայց դա չի նշանակում, որ իրենք եվրոպացիներ են:

Իսկ սա նշանակում էր, որ  եվրոպական ապագային հասնելու համար Հայաստանին պետք էր նոր օրենսդրություն և եվրոպական չափանիշներին համապատասխան գործելակերպ:

Աշոտ Ոսկանյան, ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Իսկ մեր դիվանագիտական հարաբերությունները նոր  էին կայանում, ամեն ինչ արվում էր մի փոքր տնավարի, բայց լավ իմաստով տնավարի:

-Օրինակ դու կարող էիր գնալ ԵԱՀԿ՝ մի շատ կարևոր խնդրով բանակցելու ու չգիտես ինչ անել, ոնց կողմնորոշվել,  դու կարող ես վերցնել հեռախոսը, զանգել հանրապետության նախագահին ասել՝ շեֆ ինչ ես ասում, այստեղ ինչպես վարվենք:

Մեր օրերում նման երկխոսություն անգամ հնարավոր չէ պատկերացնել, ոչ մի դեսպան չի կարող հեռախոսը վերցնել ու ուղիղ կապով զանգել երկրի ղեկավարին:

Նմանատիպ պահվածքն անբնական է, քանի որ այժմ հիերարխիկ համակարգ է գործում, որի աստիճանները չես կարող միանգամից թռչել։ Սա  լավ է պետության կայացման համար, իսկ մարդկային շփումների համար շատ կարևոր մտերմությունը մնաց հեռավոր՝ դիվանագիտական հարաբերությունների ձեւավորման շրջանում:

***

Եվ այնուամենայնիվ, ինչու էր Հայաստանն այդպես աներկբա ձգտում դեպի Եվրոպա:

— Ես նայում եմ այդ հարաբերություններին մի շատ հետաքրքիր հարցի պրիզմայով, մենք դուրս եկանք Սովետից` ունենալուվ սովետական կարգերին բնորոշ տնտեսական և քաղաքական ինստիտուտներ, Սովետը պարտվել էր սառը պատերազմում և ապացուցվել էր սովետական ժամանակների ինստիտուտների անարդյունավետությունը։ Այսիքն` բոլոր հանրապետությունները կանգնած էին խնդրի առջև՝ կառուցել մրցունակ ինստիտուտներ, որոնք մրցունակ կլինեն 21-րդ դարի համար:

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Հրաչյա Թաշչյանը գիտի, որ Եվրոպան բազմիցս է աջակցել Հայաստանի Երրորդ Հանրապետության պետական ինստիտուտների կայացմանը, այլ հարց է, թե մեզ ինչքանով է հաջողվել բարեփոխվել:

Հրաչյա Թաշչյան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Փաստն այն է, որ ժամանակակից , կայացած ինստիտուտներով պետություն դառնալու համար մի պայման կա՝ պիտի հայացքդ թեքես դեպի այն պետությունները, որոնք քո երազած ինստիտուտների կրողն են:

-Եվ երկրորդ խնդիրը` այստեղ կա հայ ժողովուրդը, որն իմ սուբյեկտիվ ըմբռնում է, վերջիվերջո մեծ եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում, և մենք չէինք կարող առաջին իսկ հնարավորության դեպքում չսկսել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպայի հետ.

***

Դիվանագիտական գործ N1

1995 թվականին ԵԱՀԿ-ում Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված քննարկումներ էին:

Դրանք նյարդերի գերլարմամբ անցկացվող բանավեճեր էին, որտեղ անգամ այն հարցերը, որոնք թվում էին, թե առևույթ որևէ կապ չունեին Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, անցնում էին   թեժ մթնոլորտում:

-Ասենք, քննարկվում էր սովորական սպառազինությունների սահմանափակման հարցը, ըստ որի որոշվում էր, թե յուրաքանչյուր երկիր ինչքան սպառազինության իրավունք ունի՝ տանկ ինքնաթիռ, հրանոթ։ Եվ այդ բոլորի համար կատաղի կռիվ էր գնում: Ով ինչքան պիտի ունենա կամ չունենա, որովհետև մինչև էտ էլ էին եղել օրենքներ, որոնք պետք է վերանայեին, որովհետև աշխարհն արդեն փոխվել էր:

Աշոտ Ոսկանյանը հիշում է, որ այսպիսի որոշումներից մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու մնացած խնդիրներին առնչվող ամեն մի փաստաթուղթ ընդունվում էր մեծագույն ջանքերի, երբեմն էլ դիվանագիտական հնարքների միջոցով, որն ավանդաբար խորամանկել է կոչվում:

-Ես հիշում եմ մի զվարճալի դեպք, երբ ԼՂ-ի վերաբերյալ մի որոշում պիտի ընդունվեր, որը պիտի ընդունվեր քվեարկությամբ հանձնաժողովային նիստի ժամանակ, որին մասնակցում էին բոլոր երկրները։ Այդ որոշումը պիտի համաձայնեցվեր. և մենք, և Ադրբեջանը որևէ կերպ ընդհանուր հայտարարի չէինք գալիս:  Նիստը ընդհատել էին, որովհետև արդեն ուշ էր և իմաստ չուներ, մինչև մեզ  չհամոզեին, ուրիշ խոսելու բան չկա:

Իսկ այդ ընթացքում միջնորդ  ամերիկացիները, երկու կողմերի ձեռքը կրակն ընկած, վազելով թղթերն  էին տանում- բերում, բայց ապարդյուն՝ ադրբեջանցիների առաջարկները մերոնք էին  մերժում, մեր առաջարկները՝ ադրբեջանցիները:

-Մեր տղաներից մեկը այս իրավիճակից մի հանճարեղ լուծում գտավ՝ ամերիկացուն ասաց՝ իսկ կլինի, որ դուք մեր առաջարկությունը տանեք, բայց չասեք, որ մերն է, ասեք՝ դուք եք առաջարկում, և ահա նա գնաց և մի քանի րոպեից այլայլված, վախեցած եկավ, ասում է՝ ընդունեցին, հիմա մենք ենք մտածում ՝ էս ինչ սխալ բան ենք արել, որ իրենք ընդունել են:  

***

Մինչև հաջորդ դիվանագիտական գործին անցնելը, որի գործողությունները կրկին ԵԱՀԿ-ում էր տեղի ունենում, եկեք հասկանանք, թե այս կառույցում որոշումների կայացման ինչպիսի մեխանիզմներ էին աշխատում:

-1994-ի գագագաթնաժողովի բանաձևում կար մի կետ, որը սահմանում էր այդ կազմակերպության շրջանում որոշումների ընդունման մեխանիզմը: Եվ բոլոր պետությունները պաշտպանում էին այն սկզբունքը, որ որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուս մինուս մեկ  բանաձևով, ոչ թե կոնսենսուսով, ինչպես ընդունված է շատ միջազգային կազմակերպություններում:

Ըստ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրաչյա Թաշչյանի՝ նպատակը  մեկն էր՝  որևէ  պետություն չպետք է կարողանա խոչընդոտել այն որոշումների ընդունմանը, որոնք համաձայնեցվել են բոլորի կողմից:

— Պատկերացնու՞մ եք, եթե լիներ կոնսենսուս մինուս մեկ, այսինքն  Ադրբեջանն ունենում էր ակնհայտ առավելություն այս պարագայում, որովհետև իր օգտին մշտապես կքվեարկեր Թուրքիան,  և կկարողանար կասեցնել որոշումների ընդունումը, իսկ մենք չէինք կարողանա:

Հայաստանը դեմ հանդես եկավ այդ նախագծին և պնդեց,  որ  որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսի սկզբունքով, և դա հնարավորություն տվեց մեզ համար ոչ նպաստավոր որոշումներն ապագայում ինքնուրույն կասեցնել, ինչպես օրինակ 1996-ին Լիսաբոնում ոչ հայանպաստ բանաձևի նկատմամբ կիրառված վետոն:

Դիվանագիտական գործ N2

-Եվ հանկարծ մի օր ինձ զանգում է ձեռքի հեռախոսիս վրա լուսահոգի Վազգեն Սարգսյանը՝ Աշոտ էտ ինչ եք դուք էդտեղ անում, գեներալները ասում են, որ եթե դուք  ձեզ շարունակեք էդպես պահել Վիեննայում, մենք ձեզ տանկ չենք տա:

Եկեք պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ, երբ Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի քննարկման ժամանակ Երևանն իր շահերն է պաշտպանում, այն է՝ եթե տվյալ երկրի տարածքում այլ երկրից զորք կա, իսկ Հայաստանում կար, ապա նրա գնալուց հետո, տվյալ երկիրն իրավունք ուներ քվոտան լրացնել սեփական ուժերով։ Սրան Ադրբեջանը դեմ էր:

-Ադրբեջանը պահանջում էր օրինակ, որ եթե նրանք գնացին, մենք պետք է դնենք քվերակության՝ դուք լրացնելու իրավունք ունեք, թե չէ։ Հասկանալի է, որ դա աբսուրդ է, որովհետև դուք չեք քվեարկի այն բանի օգտին, որ ես լրացնեմ իմ զորքերը:

Ադրբեջանական կողմի դիրքորոշումը  կիսում էր նաև ռուսական կողմը, նույնիսկ այնքան, որ հայկական դիվանագիտական վարքի մասին տեղյակ էին պահել Վազգեն Սարգսյանին ու զգուշացրել, որ այդպես շարունակելու դեպքում մերոնք տանկի երես չեն տեսնի:

-Ասում եմ ՝ Վազգեն ջան, սա է խնդիրը, սա է, սա է, սա է… լավ ինձ համոզեցիր ես էլ, իրենց կհամոզեմ ու իսկապես համոզել էր:

Անձնական գործ

Երկրորդ անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցած և երկրորդ անգամ պառլամենտում գործի անցած Աշոտ Ոսկանյանը որպես էթիկայի հանձնաժողովի նախագահ,  հնարավորինս արագ պետք է մշակեր պետական ծառայության մասին օրենքը: Սա շատ ծանրակշիռ պատճառ էր գերմանացի գործընկերների հետ շփման համար, քանի որ նրանց մոտ այդ  հարցը վաղուց լուծված էր:

Իսկ դրսում արդեն 1995 թվականն էր:

 — Այն ժամանակ էր,  որ մեր խմբակցության մեջ մենք  որոշել էինք, թե մեր որ ընկերոջը ինչ դիրքի համար առաջարկենք և գնացինք նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ, ասելով որ այ էսպիսի պատկերացում ունենք ՝ ինչ ես կարծում, ինքը ասաց՝ Ոսկանյանի հետ գործ չունեք, ինքը գնում է Եվրոպա:

Իսկ հետո կերտվեց այս պատմությունը, որ խնդրի լավ իմացությունը թույլ է տալիս սահմանել սպասումները բանակցային դաշտից,  ուրվագծել կարելիների ու անկարելիների շրջանակը: Եվ շատ կարևոր է բոլոր գործընթացները հաջողել ինչպես գործնական, այնպես էլ անհատական մակարդակում:

-Մեր մեջ պատահական մարդիկ չկային, դու գիտեիր, որ գնում ես կոնկրետ առաջադրանքով, ու այն պիտի լուծես՝ կռիվ, դավի, երբեմն իրար մեջ իրար ուտելով, բայց հարցը պիտի լուծես և անընդհատ կապի մեջ Երևանի հետ։ Օգնում էր նաև համայնքը, չեմ կարող ասել դիվանագիտական հարցով, բայց կենցաղային հարցերով օգնություն շատ է եղել:

Աշոտ Ոսկանյանը դեսպանության առաջին օրվա հետ պարզ հիշում է նաև վերջին օրը՝ մնաս բարովի փոքրիկ միջոցառումը: Այդ առիթին նաև Ադրբեջանի դեսպանն էր ներկա լինելու ցանկություն հայտնել, ինչը, համաձայնեք, շատ տարակուսելի է:

Ադրբեջանի դեսպանին ասացի դե կներեք ձեզ չեմ հրավիրել, պարզապես, որովհետև չեմ համարել, որ Դուք գալու եք։ Ինչո՞ւ, ես մեծ սիրով կգամ, և պատկերացրեք եկավ: Դրանից հետո անցավ մի քանի ամիս մեկ էլ հրահանգ եկավ, որ Ադրբեջանի դեսպաններին ոչ մի տեղ չհրավիրել:

Կարդացեք նաև

Back to top button