
Վնասների գույքագրում ավարտվել է: Ամբողջությամբ գույքագրվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած կորուստները, այժմ կատարվում են ուսումնասիրություններ և ճշգրտումներ: Աղետից տուժած հատվածներում ախտահանման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, հակահամաճարակային իրավիճակը վերահսկելի է: Խմելու ջրի որակի ամենօրյա հսկողություն է կատարվում: Աղետից մեկ ամիս անց «Ռադիոլուրն» արձանագրել է՝ վնասված ճանապարները երթևեկելի են, ժամանակավոր կամուրջները տեղադրված։ Բնակավայրերում տների ու փողոցների մաքրման աշխատանքները գրեթե ավարտված են։ Բայց որոշ հատվածներում դեռ ծանր տեխնիկայով փորձում են հեռացնել ծառերի արմատները։
Կիվի, թուզ, դեղձ խնձոր, դափնու տերև․․․ Քարկոփում Գագիկ Սիրադեղյանի մի քանի հետկար տարածք ընդգրկող այգուց աղետից հետո միայն ծառերի արմատներն են մնացել։ Բազմաթիվ ծառերից միայն մեկն է դիմադրել տարերքին ու նորից աճել՝ քարերի միջից օրերս նորից թզենու տերևներն են հայտնվել։

Մայիսի վերջին տեղի ունեցած աղետը տարավ Սիրադեղյանի ամբողջ տարվա ունեցվածքը։ Այգուց բացի նաև անասնագոմն ու անասունները ջրին զոհ գննցին։ Դեռ ցավում է, որ չկարողացավ գոնե խոզերին փրկել, որոնք փակված մնացին անասնագոմում։
Այս պահին էլ ծանր տեխնիկան աշխատում է այգուում՝ տարածքը մաքրում են չորացած արմատներից․ «Անասնագոմը՝ անասունները մեջը, եկավ ու ջուրը տարավ։ Գիշերը ժամը 1․30 էր, տղաս ասաց՝ զարթնի։ Վեր կացա՝ գոմը մինչև տանիքը ջրի մեջ էր։ Սառոչկես հանեցի, որ խոզերին փրկեմ, տղես ասաց՝ թող։ Խոզերը ճղճղում էին։ Ընենց այգի ունեի՝ ամեն ինչ կար»։
Գագիկ Սիրադեղյանի տունն էլ է ջրով լցվել, բայց կորցրած այգին ավելի է մտահոգում․ «Տունը մեկ տարում կկառուցենք, իսկ այգի հիմնելու համար՝ տասնյակ տարիներ են պետք»։

Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող այն շահառուները, որոնք հեղեղումների պատճառով ունեցել են տվյալ վարկի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես ծրագրի շահառուներ։
Աղետի գոտու տարածքներում տնտեսավարողների կողմից ձեռք բերված վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։ Պետական աջակցությամբ վարկավորված շահառուների համար կերկարաձգվի վարկի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը մինչև մեկ տարով։
Աղետից տուժած բնակավայրերից էր Սանահին կայարանը։ Տեղացիներն արդեն հավաքվել ու փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց մեկ ամիս առաջ։ Ջուրն ամբողջությամբ լցված էր փողոցները՝ մինչև 1,5 մետր բարձրություն ուներ՝ ասում են։ Ջուրն իր հետ նաև տիղմ էր բերել։

Զրուցակիցս, որ երեք օր տանը փակված է եղել, պատմում է․ «Երկու երեք օր մեկուսացած եմ եղել, ջուրը լիքը, պադյեզդը տիղմի մեջ էր։ Ջուրը քաշվեց, նոր դուրս եկա։ ԱԻՆ-ի տղերքը եկան, հանեցին»։

Կեսգիշերին տան դռները բացել են ու տեսել, որ ջուրը շենքերի մուտքերում է։
«Հենա, հազիվ փախանք վերի հարկը։ Հետո ԱԻՆ եկավ, հանեցին, տարան հյուրատուն»։
Շենքերի ու տների արտաքին պատերին դեռ ջրի հետքերը թարմ են, իսկ ներքին պատերը դեռ չեն չորացել։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ մեկ ամսում բազմաթիվ աշխատանքներ են կատարել․
«Բակերում, շինություններում, տներում կատարել ենք մարքման աշխատանքներ, որպեսզի տիղմից մարքվեն։ Դուք էլ եք տեսնում, որ այս պահին անգամ տիղմի հետք էլ չկա։ Ամբողջովին և՛ Սանահին թաղամասում, և՛ Թումանյան համայնքում, և՛ Քարկոփում, և՛ Ախթալայում, նաև՝ Տաշիրում մեծ աշխատանքներ են կատարվել»։

Մարզպետն ասում է՝ միջպետական վնասված ճանապարհները ամբողջությամբ անցանելի են, ոչ բոլոր աշխատանքներն են ավարտված, բայց երթևեկությունը վերականգնված է։ Վնասված երկաթուղին նույնպես աշխատում է։ Մոտ երկու տասնյակ կամուրջ էր փլվել։ Դրանց մի մասի դեպքում ժամանակավոր լուծում են տվել։ Մյուսների դեպքում՝պետք է նորը կառուցեն։
«Հնարավորություն կա նաև Ախթալայի կամուրջով թեթև մարդատար ու ոչ ամբողոջությամբ բեռնված բեռնատար մեքենաների երթևեկելու համար։ Ամբողջութմաբ կապը վերականգվել է մեր յոթ բնակավայրերի հետ» ։
Ավտոմոբիլային կամուրջ չկա Սանահին կայարանում։ Այստեղ մի ափից մյուսն անցնում են ժամանակավոր ճոճվող կամրջով։ Տուժած բնակավայրերում գույաքագրումն ավարտված է։ Աջակցության ծրագերրը՝ մշակման փուլում են։ Առաջնահերթն առաջին հարկերի բնակիչների բնակարանների հարցը լուծելն ու գույքով աահովելն է։ Այս պահին նրանց մի մասը վարձով է բնակվում։ Վարձավճարը հոգում է կառավարությունը՝ ասում է Լոռու մարզպետը։




