
Տավուշի մարզում այս տարի փորձարկվեց նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում՝ բոլոր դպրոցներում հետագայում նույն ձևաչափը կիրառելու համար։
9-րդ դասարանում պատմության և գրականության քննությունները եղան հետազոտական աշխատանքի ձևով։ Գնահատվեց բուն հետազոտական աշխատանքը, սովորողի վերլուծական միտքը։ Աշակերտները ծանոթացան գրականության «էսսե» ժանրի հետ։ Այս գործընթացով ստեղծվեց հնարավորություն՝ համադրելու նոր և հին համակարգերի արդյունքները։

«Այս տարի Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերջին տարին էր։ Սա նշանակում է, որ այն աշակերտները, որոնք 2-րդ, 7-րդ, 10-րդ դասարանից 2021 թվականից սկսել էին սովորել հանրակրթության նոր չափորոշչով ՝ այս տարի իրենց կրթական աստիճանի վերջին դասարանում էին և համապատասխանաբար հաջորդ աստիճան տեղափոխվելու համար որոշակի ընթացակարգով պետք է անցնեին, որը փոփոխված էր։ Հանրապետության մյուս դպրոցների համեմատ՝ այստեղ ուրիշ գործընթաց էր կազմակերպվել», – ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամար Սարգսյանը։

«Նոր չափորոշչով մենք ներմուծել ենք կարողունակահեն կրթություն և միաժամանակ ուսումնական բոլոր ծրագրերում ներմուծվել են փիլիսոփայական այն հիմնական կատեգորիաները, որոնք երեխաների իմացական ներգրավվածությունն են ապահովում, և մենք տվել ենք խաչվող հասկացություններ ձևակերպումը։ Ավելացել է էսսեն, որպես գրավորի տեսակ, որը իր մեջ ունի և՛ փոխադրություն, և՛ ստեղծագործական շարադրություն, և՛ ռեպորտաժի տարրեր, և՛ հարցազրույցի, այսինքն սա «ինտեգրված» գրավորի տեսակ է։ Եվ այս տրամաբանության մեջ էսսեյով քննություն հանձնելը նոր չափորոշչի ամբողջ տրամաբանությունը «փակելու» նպատակ ուներ, որը մենք կարողացանք ապահովել։ Տավուշի մարզի պատմության և գրականության բոլոր ուսուցիչները վերապատրաստումներ են անցել, որովհետև էսսեն որպես ժանր, գրավորի տեսակ՝ անծանոթ էր շատերին»,– ասում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հանրակրթության պետական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։




