
Մալաթիա տոնավաճառում դարձյալ միացել է հակահրդեհային տագնապը, աշխատակիցները և հաճախորդները տարհանվել են։ Տարածքում հերթական գործնական վարժանքներն են տեղի ունեցել, որոնց ժամանակ նաև հրդեհաշիջման նոր համակարգն է գործի դրվել։
Տոնավաճառի բոլոր աշխատակիցներն արդեն ծանոթ են տարհանման պլանին, գիտեն՝ ով որ մուտքով պետք է դուրս գա, իսկ պայմանական հրդեհը մեկուսացվել է րոպեների ընթացքում։
Հրդեհը հանգցված է, աշխատակիցները՝ տարհանված։ Մալաթիա տոնավաճառում նման ուսումնավարժական միջոցառումներն արդեն սովորական են դարձել։ Տագնապի ազդանշանը լսելուց հետո ընդամենը 3 րոպեում ամբողջ տարածքը դատարկվում է։ Այսպես էր նաև այս անգամ։
Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի հավաստիացմամբ՝ տոնավաճառում բոլոր աշխատակիցներն արդեն ծանոթ են տարհանման պլանին, գիտեն՝ ով որ մուտքով պետք է դուրս գա, իսկ հրդեհը հանգցնելը րոպեների հարց է։ Նոր սարքավորումը հենց դրա համար է նախատեսված։



«Բոլորս տեսանք, որ կրակը միանգամից մարում է առանց մարդու մոտենալու։ Իր մեջ փոշի է, 3 րոպեում 7 մուտքից կարողացան դուրս գալ ժողովուրդը, հրդեհի վայրում եղել են երկու վիրավորներ, մեր բժիշկը կարողացել է առաջին օգնություն ցույց տալ։ Հրմշտոցներ չեղան, բոլորը գիտեն՝ ինչպես դուրս գալ»։
Ուսումնական տագնապներին արդեն սովոր են, բայց լինում են դեպքեր, երբ նախապես զգուշացված չեն լինում։ Նույնիսկ այդ ժամանակ խուճապի չեն մատնվում։ Ոչ միայն կարողանում են արագ կողմնորոշվել, այլև հաճախորդներին են օգնում արագ դուրս գալ տարածքից։
«Շատ լավ կազմակերպված դուրս եկանք։ Առանց խուճապի, հաճախորդների հետ միասին դուրս եկանք, մի մասը գնաց դիմացի մայթը, մի մասը վերևի ավտոկայանատեղի»։

Անցած տարի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը անվտանգության կանոններին չհամապատասխանելու պատճառով կասեցրել էր տոնավաճառի գործունեությունը։ Դրանից հետո ամենալուրջ խախտումները շտկվել են և տեսչականը թույլատրել էր ընկերության հետագա գործունեությունը՝ պայմանով, որ բոլոր այն խախտումները, որոնք վերացվել էին մասամբ, դրանք ևս պետք է ամբողջությամբ շտկվեն։ Տեսչական մարմնից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ առաջիկայում նախատեսում են հերթական հրդեհատեխնիկական հետազոտությունն իրականացնել տոնավաճառում, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք ամբողջ ծավալով շտկված են նախկինում արձանագրված բոլոր խնդիրները։ Տոնավաճառի տնօրենը այսօր էլ փաստում է՝ տեսչականի դիտարկումներից հետո շատ բան է փոխվել, թե համապատասխան գույքով են զինվել, թե փորձով։ Իսկ տարհանման պլանը, որը ամենատեսանելի հատվածներում է փակցված, նաև հաճախորդների համար է վստահելի ուղեցույց, ասում է անվտանգության գծով տնօրենի տեղակալ Կարեն Ավետիսյանը։
«Տարբեր արտակարգ իրավիճակներում, կախված՝ որտեղ է հրդեհը, ելքերն ու ուղղությունները ցուցադրված են։ Հաճախորդների համար էլ է շատ հեշտ կողմնորոշվելը։ Նշված է նաև առաջին օգնությունը ցուցաբերելու վայրը։ Հաջորդ պարապմունքները արդեն հաշխատողների և հաճախորդների գործողությունները կլինեն օդային տագնապի ժամանակ»։
Ուսումնավարժական տագնապի արդյունքներից գոհ է նաև վարչական շրջանի աշխատակազմի զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության հարցերով մասնագետ Աբրահամ Մարգարյանը։
«3 րոպեն գերազանց գնահատական է։ Ազդանշանից հետո ես ինքս իմ աչքով տեսա, թե ինչ արագ դատարկվեց տոնավաճառը։ Տեսնում եմ, որ կա հրդեհամարման համակարգ և այն պետք է տեղադրվի վարչական շրջանների բոլոր խանութներում»։
Տոնավաճառում այս ուսաումնական տագնապի մասին, իհարկե, նախապես հայտարարվել էր, բայց հավաստիացնում են՝ նույնիսկ իրական հրդեհի դեպքում պատրաստ են նույնքան արագ գործել։




