ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գետառը չի մաքրվի, քանի դեռ ասֆալտի տակ է․ բնապահպանը հակադարձում է քաղաքապետարանի՝ 120 միլիոնանոց որոշմանը

Քաղաքային իշխանությունը քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքով հոսող գետերը՝ մասնավորապես Գետառը կոյուղաջրերից ու կենցաղային աղբից մաքրելու համար։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կգործարկվի Գետառի վրա կառուցված մաքրման նոր կայանը: Բնապահպանները, սակայն, կարծում են, որ մեխանիկական մաքրումը մեծ արդյունքներ չի տա, քանի դեռ գետը կտրված է բնական միջավայրից՝ հոսում է բետոնի տակ՝ թունելի միջով ու զրկված է ինքնամաքրման հնարավորությունից։

Քաղաքային իշխանությունը որոշել է մաքրել Երևանի ստորգետնյա գետը՝ Գետառը։ Դրա մի հատվածում կառուցված մաքրման կայանը կսկսի գործել արդեն հաջորդ ամիս՝ խոստանում են քաղաքապետարանում։ Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը «Ռադիալուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ կայանը գետը կմաքրի և’ կոյուղաջրերից, և’ կենցաղային աղբից։

«Գետառի վրա տեղադրված աղբաորսիչ կայանն ունի և՛ աղբաորսիչ ցանցեր՝ խոշոր տրամաչափի աղբը կանգնացնելու համար, և՛ նաև իրականացնելու է ջրի կենսաբանական մաքրում՝ օդային շատրվանացման միջոցով, որը հենց այդ հատվածում կմաքրևի ջուրը, քանի որ այնտեղ շատ հաճախ գարշահոտ է լինում, քանի դեռ ունենք կոյուղու խնդիր, որը թափվում է Գետառ»։

Գետառի մաքրման կայանի մասին խոսվում էր 2022-ից։ Այդ ժամանակ համայնքային բյուջեից ավելի քան 120 միլիոն դրամ հատկացվեց գետը «պարզաջրելու» համար։ Շենգավիթ համայնքում մաքրման կայան կառուցվեց, որը, սակայն, այդպես էլ չշահագործվեց անհրաժեշտ սարքերի ուշ մատակարարման պատճառով։

«Գործարկման համար անհրաժեշտ են, այսպես կոչված, տուրբիններ, որոնք նախագծով գծագրված ու նախատեսված են հենց այդ կայանի համար և դրանք պատվիրվել են արտերկրում՝ նմանատիպ տուրբինների արտադրության փորձ ունեցող գործարանում, դրանց պատրաստումն ու մատակարարումն է ուշացել, բայց առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դրանք կառաքվեն, այնուհետև 7-10 օր կտևի մոնտաժումը, ու արդեն հնարավոր կլինի շահագործել կայանը»,– մանրամասնում է Հայկազյանը։

Գետառի մեխանիկական մաքրումն անարդյունավետ կլինի, քանի դեռ գետը չունի ինքնամաքրման հնարավորություն՝ ասում է բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն ու բացատրում՝ եթե գետը չի ինքնամաքրվում, սկսում է, այսպես ասենք, ինքն իրեն թունավորել։

«Եվ պատահական չէ, որ Գետառն ունի ամենավատ, ամենածանր աղտոտվածության 5-րդ աստիճան։ Տարբերություն չկա, Գետառն է թե մեկ այլ գետ, այդ ինքնամաքրման գործընթացը տեղի է ունենում, բայց դա հնարավոր է նորմալ գետերի պարագայում, իսկ գետը, որը վերցված է խողովակի մեջ, դա արդեն գետ չէ, դա պարզապես ջրատար է»,– կարծում է բնապահպանը։

Գետառի աղտոտվածության ամենամեծ պատճառներից մեկը հենց փակ լինելն ու բնական կենսամիջավայրից թունելի տակ անցնելն է՝ կարծում է բնապահպանը։ 2007-ին այդ տարիների քաղաքային իշխանությունը որոշեց Գետառը բետոնապատել՝ տարածքի կառուցապատման ու ճանապարհաշինության համար։ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը հիշում է՝ դեռ այն տարիներին մանրամասն ուսումնասիրություններ չարվեցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ գետը ասֆալտի տակ անցկացնելը, մինչդեռ, մասնագետի կարծիքով, ռիսկերն ու վտանգները ակնհայտ են՝ հնարավոր վարարումից մինչև էկոլոգիական աղետ։

«Ընդհանրապես գետը խողովակի մեջ վերցնելը մեծ սթրես է գետի համար։ Մենք տեսանք, թե ինչ ահավոր իրավիճակ էր, երբ հորդառատ անձրևներից հետո անսպասելիորեն Դեբեդ գետը դուրս եկավ իր ափերից, նույնիսկ մարդկային զոհ ունեցանք։ Կարո՞ղ ենք մենք ասել, որ նման բան չի լինի Երևանում, իհարկե չենք կարող։ Նմանատիպ բան 40-ականներին արդեն տեղի է ունեցել։ Ես չեմ էլ պատկերացնում, ինչ կլինի Երևանում, եթե հանկարծ նման բան կրկնվի։ Եկեք չմոռանանք, որ Գետառն անցնում է Երևանի կենտրոնով և ամեն ինչ, և՛ ճանապարհը և՛ շրջակա շենքերը գտնվում են անմիջական վտանգի տակ»,– պնդում է Ինգա Զառաֆյանը։

Հատիսի լանջից սկիզբ առնող, մայրաքաղաքով անցնող ու Երևանի ծայրամասում՝ Շենգավիթում Հրազդան թափվող գետի ռիսկերը ուսումնասիրված ու գնահատված չեն՝ պնդում է բնապահպանն ու շեշտում՝ պետք է մասնագիտական բազմակողմ հետազոտություն իրականացնել ու անհրաժեշտության դեպքում նաև ապամոնտաժել, բացել Գետառը։ Քաղաքապետարանում այժմ նման քննարկումներ չկան՝ ասում է բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։   

«Բոլոր բաց ջրային մակերեսները մեզ մոտ խայտառակ վիճակում են, որովհետև մեր հասարակությունը ուղղակի չգիտի շրջակա միջավայրի հետ վերաբերվելու ձևը, և մենք ամեն օր առնչվում ենք այդ խնդրի հետ։ Երբ նման քննարկումներ ծավալվեն, պետք է քննարկել դրա և՛ դրական և՛ բացասական կողմերը, և՛ իրատեսականությունն ու անհրաժեշտությունը։ Ուղղակի այս պահին ես նման քննարկումներից տեղյակ չեմ»։

Որքան էլ մասնագետներն ու քաղաքային իշխանությունը ահազանգեն ու քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքի ջրային ֆոնդը կարգի բերելու, մաքրելու համար՝ ամենամեծ անելիքը բնակչությանն է՝ կարծում է Քաղաքապետարանի ներկայացուցիչը․ մայրաքաղաքի գետերը հիմնականում հենց կենցաղային ու շինարարական աղբով են լցված։ Քաղաքային իշխանությունը նախատեսում է՝ առաջիկայում լուծումներ գտնել նաև կոյուղաջրերի՝ գետեր թափվելը բացառելու համար։

Back to top button