ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանին «հասկանալու» վտանգները՝ ըստ վերլուծաբանների․ զգուշանալ երրորդ պատերազմից

Հայ–ադրբեջանական «խաղաղության օրակարգի» փոխարեն վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքի հնարավորությունը։ Հայաստանում ռազմական ագրեսիայի հավանականությունը չեն բացառում ո՛չ պետական, ո՛չ էլ փորձագիտական մակարդակներում։ Հունիսի 21-ից՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որում շեշտվել էր Խաղաղության համաձայնագրի շուրջ հնարավորինս շուտ համաձայնության հասնելու կարևորությունը, ադրբեջանական պետական ​​քարոզչամեքենան սկսել է պատերազմական հռետորաբանության նոր ալիքը։ Դրան զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցել է հրադադարի ռեժիմի խախտումների մասին կեղծ հաղորդագրությունների տարածման։ Դրանց Հայաստանի վարչապետի աշխատակազմն արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին ուղղված առաջարկով՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Մեկ ամսվա ընթացքում «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու պատրաստակամություն հայտնող պաշտոնական Երևանը զուգահեռաբար զգուշացնում է միջազգային հանրությանը Բաքվի կողմից նախապատրաստվող հնարավոր նոր ագրեսիայի մասին։ ԱԳ նախարարի մակարդակով հնչած մտավախությունը այժմ հաստատում են նաև վերլուծաբանները։ Քաղաքագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ նախազգուշացնում է կանխատեսվող վտանգի մասին․

«Որոշակի ազդակներ կան, որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում, որի մասին են վկայում թե արդեն ամեն օր տարածվող ապատեղեկատվությունը, թե Ֆրանսիայից զենքի մատակարարման վերաբերյալ հայտարարությունները, թե Իսրայելից դեպի Ադրբեջան զենքի ամենօրյա մատակարարումը։ Մենք պիտի պատրաստ լինենք հերթական ագրեսիայի, կարծում եմ, այս անգամ դա կլինի միջանցք բացել փորձելու նպատակով»։

Թաթիկյանը միակ վերլուծաբանը չէ, որ զգուշացնում է՝ պետք է չափազանց զգույշ լինենք ցանկացած խոսքում։ Շեշտում է՝ թե՛ իշխանությունները և թե՛ ընդդիմությունը, և ինչու ոչ, նաև հանրային գործիչներն ու փորձագետները, պետք է չտարածեն այնպիսի խոսույթ, որոնք օգնեն լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ավելի է կոնկրետացնում հնարավոր վտանգները․  անընդունելի է համարում վարչապետի այն թեզը, որը հանգստյան օրերին  հնչել է Հանքավանում «ՔՊ» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Արտաքին մարտահրավերը Ադրբեջանն է, հենց հատկապես Ադրբեջանը, որի ասածը, եթե շատ կարճ ձևակերպենք հետևյալն է․ ասում է՝ դու ինձ չես թողել 30 տարի ես ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ դու ապրես։ Ու պիտի վրեժս քեզանից լուծեմ։ Մենք այս մարտահրավերը պետք է կառավարենք»։

Վերլուծաբանը պարզապես հիշեցնում է՝ Հայաստանը միջազգային բարձր ձեւաչափով մասնակցել է բանակցային խաղաղ գործընթացի, հայտնելով կոնֆլիկտի խաղաղ կարգավորման պատրաստակամություն: Կոնֆլիկտ, որը ճանաչված է եղել միջազգայնորեն: Այդ միջազգային ֆորմատի մասնակիցները, ձեւավորելով այդ բացառիկ մեխանիզմը՝ Մինսկի խմբի համանախագահություն, ըստ էության միջազգայնորեն ճանաչել են կոնֆլիկտի լեգիտիմ հիմքը:

Բադալյանը նկատում է՝ 30 տարի ձեւավորված ստատուս-քվոն ընդամենը Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանք է։ Այն չէր լինի, եթե չլիներ Արցախի հայության և Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիան, որն առաջացրեց ինքնապաշտպանության եւ անվտանգության առավելագույն միջավայրի ձեւավորման միջազգայնորեն լեգիտիմ անհրաժեշտություն:

«Ես կարծում եմ՝ այդ մտահոգությունը պաշտոնական Երևանը մշտապես ունի։ Հիմա երևի թե Երևանը փորձում է կանխարգելիչ միջավայր ձևավորել, միջազգային ուշադրություն հրավիրել խնդրի վրա։ Նոր ագրեսիան այնպիսի բնույթ կունենա, սա իհարկե, կարող է ամենատարբերը լինել՝ ընդհուպ ոչ ռազմական ագրեսիայի բնույթ։ Բայց այդուհանդերձ այստեղ ռիսկերը կան և կարծում եմ պարզապես քաղաքական կուրություն կլինի այդ ռիսկերը չնկատել։ Միայն այսպիսի քայլերը բավարար չեն։ Այլ քայլեր ևս պետք է դիտարկել՝ թե քաղաքական, դիվանագիտական աշխատանքի, թե նաև ռազմատեխնիկական աշխատանքի ուղղությամբ»։

Վերլուծելով ադրբեջանական մեդիատիրույթը՝ պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը փաստում է՝ ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը։ Ամեն անգամ, երբ Բաքվի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը որևէ կետի վրա կանգ չի առնելու՝ զգուշացնում է վերլուծաբանը՝ ներկայացնելով ադրբեջանական մամուլում տարածվող վերնագրերը, որոնք հանրությանը նախապատրաստում են «երրորդ պատերազմին»։  

«Ադրբեջանցիները հասկացել են՝ եթե իրենք համոզեն հայերին, էլ մյուսներին համոզելու խնդիր չի լինելու։ Պետք է հայ ժողովրդին համոզել, որ հայերը մեղավոր են, ցեղասպան են, իրենց սխալ են պահել տարածաշրջանում, պետք է խելով սուս անեն ու նստեն տեղները։ Ախր, շատ պարզ է ձեռագիրը»։

Բոլոր քննադատություններին ի պատասխան՝ իշխանական թևից պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանում է․

«Միանշանակ է, որ ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները ի դեմս Իլհամ Ալիևի որևէ ցանկցություն փաստացի չունեն խաղաղ պահել այս տարածաշրջանը և խաղաղ ապրել հայերի հետ, բայց դա չի նշանակում, որ ՀՀ–ն՝ որպես պետություն, և ՀՀ իշխանությունները չպետք է ձգտեն խաղաղության և չպետք է մեր հնարավոր հակառակորդների՝ մեզ սպառնացող մարտահրավերները հնարավորինս չեզոքացնեն և գնալ խաղաղության պայմանագրի ճանապարհով։ Խաղաղությունը որպես օրակարգ վերցնելը բնական երևույթ է»։

Այն բանից հետո, երբ հունիսի 21-ին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը զանգահարեց Ալիևին և շեշտեց որքան հնարավոր է շուտ համաձայնության հասնելու կարևորությունը, ադրբեջանական պետական ​​քարոզչության աղբյուրները սկսեցին պատերազմական հռետորաբանության նոր ալիքը։ Դրան զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցավ հրադադարի ռեժիմի խախտումների մասին կեղծ հաղորդագրությունների տարածման։  

Հայաստանի վարչապետի աշխատակազմն  այդ հաղորդագրություններին արձագանքել է դիվանագիտական խողովակներով փոխանցված առաջարկով՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել առաջարկը, թեև պատասխան Ադրբեջանից դեռ չի հնչել։

Մինչդեռ վերլուծաբաններն այս հարցում էլ են  տարակուսելու պատճառներ տեսնում, քանի որ կառույցը, որը ներկայացնում է Կլաարը՝ Եվրամիությունը, ունի հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգի դիտորդական կառույց, որի աշխատանքը, ըստ տրամաբանության, ենթադրում է նաեւ արձագանք հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությաններին:

Ըստ վերլուծաբանների՝ ԵՄ դիտորդական առաքելության գործը թերեւս պետք է լինի մոնիտորինգի արդյունքի պարբերական հրապարակումը և հանրայնացումը:

Back to top button