Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ադրբեջանցին, որը հիվանդանոցում խնդրում էր չհեռանալ, հատուկ ջոկատային էր․ Արմեն Մաղաքելյան. «Կյանքին ասել այո՛»

Արմեն Մաղաքելյանը ծնվել է 1964 թվականին Ստեփանակերտում։ Տեղի թիվ 8-րդ դպրոցն ավարտելուց հետո 1982 թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի «Ֆիզմաթ» ֆակուլտետ։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Ուկրաինայում։ Երբ զորացրվեց, արդեն սկսվել էր արցախյան շարժումը։ Անմիջապես ներգրավվեց ու մասնակցեց նաև արցախյան ազատագրական պատերազմին։ Եղել է Խոջալուի վաշտի հրամանատարի օգնականը։ Շուշին ազատագրելուց հետո 1992-ին ամուսնացավ, չորս զավակ ունի, երկու թոռնիկ։ Պատերազմից հետո աշխատել է Փրկարար ծառայությունում, Արագ արձագանքման հատուկ ջոկատի հրամանատարն էր։ Արմեն Մաղաքելյանը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։

Ինչպես 2016-ի ապրիլին, այնպես էլ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում «Եղնիկներ» զորամասում էր՝ հրամանատար Կարեն Ջիլավյանի կողքին, որին ճանաչում է դեռ 90-ականներից ու անվերապահորեն վստահում և՛ իբրև մարդ, և՛ իբրև զինվորական։ 44-օրյայի հիշողություններից մի դրվագ է առանձնացնում․ «Հրամանատարն ասաց, որ ադրբեջանցի գերուն Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխեմ, ոտքը վիրավոր էր։ Ճանապարհին փորձեցի հետը ռուսերեն խոսել, չհասկացավ, ստիպված անցա ադրբեջաներենի։ Ինչքան լավ բան գիտեի, ասացի՝ եթե իմացածդ հայտնես, քեզ չեն սպանի, Աստված քեզ սիրում է, Հիսուսը նաև քեզ համար է խաչվել։ Ճիշտ է՝ ադրբեջանցի է, բայց այդ պահին գերի է, մարդ է»,-ասում է Արմեն Մաղաքելյանը։ Ադրբեջանցին, որը հիվանդանոցում նրան խնդրում էր չհեռանալ, հատուկ ջոկատային էր։ Այդ մասին հետո էր իմացել։

Դեռ 90-ականներից Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմի եկեղեցասիրաց եղբայրակցության անդամ էր։ 2005-ից վերջինի ղեկավարն է մինչ օրս։ 2023-ի սեպտեմբերի 28-ին Արցախից դուրս գալուց հետո էլ չի դադարել հավատալ ու վստահել Աստծուն։ Իսկ գերագույն նպատակը՝ հայրենիքի ու Հայոց բանակի զորացումն է։

Back to top button