ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

«Մետաղորսիչին չես խաբի»․ ԳԹԿ-ն խստացնում է միասնական քննություններին մասնակցելու կարգը

Ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը սկսվել է, սակայն դիմորդների շրջանում դեռ ակտիվություն չի նկատվում։ Եթե մինչև մայիսի 10-ը դիմորդները չհայտագրվեն, չեն կարողանա մասնակցել ընդունելության մրցույթին։ Կրթության գերատեսչությունից հորդորում են շտապել։ Նաև հաշվի առնելով նախորդ տարիների փորձն ու դիմորդների հնարամտությունը, ԳԹԿ-ն այս տարի առաջին անգամ մետաղորսիչներ կկիրառի։

Այս տարվա հունվարին միասնական քննություն հանձնած ավելի քան 8000 դիմորդներից 6000-ը դեռևս հայտագրված չեն Dimord.am կայքում, և թեստավորման կենտրոնը արդեն սկսել է անհանգստանալ և մեկ առ մեկ նամակ ուղարկել դիմորդներին, որ շտապեն և բաց չթողնեն հայտագրումը։ Ուստի այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի10-ը պետք է դիմում-հայտ ներկայացնեն: Եթե առաջին փուլում դիմորդները նշել են միայն իրենց ընտրած քննական առարկաները, այս փուլում արդեն պետք է նշեն նաև բուհն ու մասնագիտությունը։ Հաշվի առնելով դիմորդների պասիվությունը՝ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը խորհուրդ է տալիս շտապել։

«Բոլոր նրանք, ովքեր հունվարին մասնակցել են քննություններին, երկրորդ փուլում անպայման պետք է հայտագրվեն ԳԹԿ Dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։ Եթե չընտրեք, մրցույթից դուրս կմնաք»։

Գալիք ուսումնական տարվա համար բուհերին հատկացված ընդունելության տեղերը 17 հազարից ավելի են, որոնցից անվճար են 3162-ը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ որոշ բուհերում և որոշ մասնագիտություններով պետպատվերով տեղեր այլևս չեն լինի։ Որոշ դեպքերում էլ դիմորդներին կառաջարկվեն նոր մասնագիտություններ։ Նոր ուսումնական տարում պետպատվերով տեղեր չեն հատկացվել այն մասնագիտություններին, որոնք չեն համապատասխանում բուհի ուղղվածությանը։ Հաշվի առնելով 2023/24 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2024/25 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյան.

«Դեռևս անցած տարվանից ԲՏՃՄ ուղղություններով որոշակի մասնագիտություններ կան, որոնց անվճար ընդունվելու պարագայում արական սեռի քաղաքացիները կստանան տարկետման իրավունք։ Դեռևս հոկտեմբերին հաստատված մասնագիտությունների ցանկում որոշակի խոշորացում է տեղի ունեցել, «Ֆիզիկա» մասնագիտության դասիչի ներքո անցյալ տարի կային երեք մասնագիտություններ, այս տարի «ֆիզիկան» խոշորացված մեկ մասնագիտության տակ է։ Խնդրում ենք դիմորդներին ավելի ուշադիր լինել։ Մի փոքր լրացում էլ «Ռադիոֆիզիկա» մասնագիտության հետ է կապված։ Նույն դասիչի տակ վերնագիրը փոխվել է «Ռադիոֆիզիկա» և «Համակարգչային տեխնոլոգիաներ»։

Բուհերի և մասնագիությունների հայտագրման վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել։ Նախարարության ներկայացուցիչները չեն բացառում՝ հնարավոր է դիմորդները հետևում են բուհերում դիմումների շարժին, բայց պետք է հիշեն, որ ավելի հեշտ է հայտը լրացնել, հետո փոփոխություններ կատարել, քան փոփոխություններին սպասելով առհասարակ չհասցնել։ Նաև հաշվի առնելով նախորդ տարիների փորձն ու դիմորդների հնարամտությունը, ԳԹԿ-ն այս տարի առաջին անգամ մետաղորսիչներ կկիրառի։

«Հատկապես ձմեռային ամիսներին շատ տաք հագնված գալիս են ոչ այնքան տաք քննասենյակ, և այնպիսի համակարգեր է լինում իրենց վրա, որ պարզապես հնարավոր չէ նկատել։ Խոսում է, բայց չգիտես՝ ում հետ։ Չի գրում ու վերջին կես ժամում արագ գրում է։ Բոլոր քննական կենտրոններում քննասենյակ մտնելուց առաջ դիմորդները ենթարկվելու են մետաղորսիչներով զննության»։

Կարո Նասիբյանը զգուշացնում է՝ մետաղորսիչին չես խաբի, իսկ «արտագրության հմտությունները» չեն ներվի։

Back to top button