ԿարևորՏեսանյութերՏնտեսական

Կառավարությունն աստիճանաբար կհրաժարվի շրջանառության հարկից

Կառավարության այսօրվա նիստում գործունեության առանձին ոլորտներում համեմատել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռը։ Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկման բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկինը։

Մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարա­յին հարկային բեռը գերա­զան­ցում է շրջանա­ռու­թյան հարկի բեռը 2 անգամ, շինարարու­թյան ու առևտրի ոլորտներում՝ ավելի քան 2․5 անգամ, անշարժ գույքի հետ կապված գործու­նեու­թյան ոլորտում՝ 2.1 անգամ։ 2025թ հունվարի 1-ից մի քանի ոլորտում սահմանափակումներ կմտցվեն։

Բիզնեսում արտոնյալ պայմանները աճի գրավակա՞ն են , թե՞ ոչ․ կառավարության ղեկավարը վստահ է՝ արտոնյալ ռեժիմները խանգարում են բիզնեսի զարգացմանը։ Այն սխալ մոտիվացիա է ստեղծում ՝ ասում է վարչապետը․

«Տնտեսվարողները (հիմա շրջանառության հարկի շեմը 120 մլն դրամ է) սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են:  Բիզնեսը գալիս, հասնում է 118․5-ի, 110-ի։ Մենք ստեղծել ենք մի այնպիսի դաշտ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ փուլ առ փուլ պետք է հրաժարվել շրջանառության հարկիից։ Առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը: Մասնավորապես, գործունեության հիմնական տեսակների մասով պետք է բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափը, հիմնականում կրկնակի: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա պետք է շրջանառության հարկը նվազեցնելու հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում: Անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որ ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործողն է։

Առաջարկվող սահմանափակումները վերաբերելու են շրջանառության հարկի համակարգում աշխատող նոտարական, փաստաբանական և վիճա­կա­խա­ղերի կազմակերպման գոր­ծու­նեու­թյամբ զբաղվողների, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում՝ անշարժ գույքի առքուվաճառքով ու վարձակալության միջնորդությամբ զբաղվողների, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, ծրագրային ապա­հով­ման մշակ­­ում և շինարարական աշխատանքներ կատարող, անշարժ գույքի գնահատում և չափա­գրում իրականացնող, սաունաների, բաղնիքների և շոգե­բաղնիքների կազմակերպման գործու­նեու­թյան տեսակ­նե­րով զբաղ­­վող հարկ վճարողների գործունեությունը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան․ «Շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն, վերածվել է հարկման արտոնյալ համակարգի»։

Ֆինանսների նախարարը հստակեցնում է՝ քննարկումների ժամանակ արմատական փոփոխությունների առաջարկներ են ստացել, որպեսզի տնտեսվարողներին ավերլորդ շոկի չենթարկեն։

«2022-ի տվյալներով 56 հազար շրջհարկ վճարող կա, որոնք երկու անգամից ավելի շատ են, քան ընդհանուր հարկման համակարգում գործող տնտեսվարողները։ Նրանք վճարել են հակերի 2․3 տոկոսը։ Սա ցածր ցուցանիշ է»։

Արդյո՞ ք շրջանառության հարկը կատարեց իր գործառույթը։ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ շրջհարկի ներմուծումը մի քանի հանգամանքներով էր պայմանավորված։ Նախ՝ նոր ստեղծվող բիզնեսի համար հարկային վարչարարության թեթևացումն էր։ Այս առումով հարկը կատարեց իր դերը։

«Սկզբնական շրջանում հարկային վարչարարության առումով ձեռնարկությունը խնդիր չէր ունենում, աշխատում էր զարգացնել, հետո մտածեր ենթակառուցվածքային փոփոխություններ մասին, որ աշխատակից ընդուներ՝  հարկեր, հաշվետվություններով զբաղվելու համար։ Այս առումով արդարացրեց»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ շրջհարկի դաշտում աշխատող ընկերությունների մի մասն իրականում առավելագույն շեմին մոտենալիս բիզնեսը սկսում էր տրոհել։ Բայց դա մի մասն էր միայն։ Փորձագետը շրջհարկից հարկման այլ դաշտեր տեղափոխվող ոլորտներում մեծ թանկացում չի ակնկալում, բայց և նկատում է՝ վարչարարությունը կավելանա։ Եթե գների կտրուկ աճ, այդուհանդերձ, գրանցվի, ապա դա արդեն ստվերի մասին է վկայելու։

Back to top button