ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Իշխանությունը հավատում է սահմանին տեղադրվող սյան ուժին. սահմանազատում՝ խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները վարչապետ Փաշինյանը ընկալում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարեր։

Տավուշի մարզի իրականացվող սահմանազատման խնդիրների մասին նա խոսել է Գավառում կազմակերպված «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ: Նա նշել է, որ սահմանազատման գործընթացն սկսելու մասին որոշումները իշխանությունը կայացրել է ֆիքսելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Բացի սահմանազատման գործընթացից, վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել նոր փաստաթղթերի փոխանակում:

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները: Սա արդեն տեքստի 9-րդ խմբագրությունն է: Գերմանիայի կանցլերը նախօրեին իրատեսական էր համարել մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքելու հավանականությունը:

Փաստաթղթի 8-րդ խմբագրությունից մինչև 9-րդը կատարվեցին աշխատանքներ, ինչպես ընդունված է ասել, արդեն «գետնի վրա»: Խոսքը Տավուշի մարզի որոշ հատվածներում սկսված սահմանազատման մասին է:

Հայաստանի վարչապետը արձանագրում է. «Այս որոշումները մենք կայացնում ենք ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է: Երբ որ մենք մեր միջազգայնորեն ճանաչվածը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը: Ինչն էլ մենք երկար տարիներ արել ենք»:

Խաղաղության պայմանագրի տեքստի 8-րդ խմբագրումից հետո Հայաստանը խոսում էր որոշ առաջընթացի մասին, բայց հետո հաստատում էր՝ կային համաձայնեցված հոդվածներ կամ դետալներ, որոնց հետ Ադրբեջանը համաձայն է եղել, բայց հետո հետ է կանգնել այդ համաձայնությունից: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ անկյունաքարային էր երկու սկզբունքը՝ սահմանների վերականգնումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Հայաստանի իշխանությունը արձանագրում է՝ փոփոխական տրամադրությունների հստակեցումը տեղի ունեցավ ապրիլի 5-ի՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման նախօրեին տեղի ունեցած Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցից հետո:

Ընդդիմությունը, ի թիվս բազմաթիվ անհամաձայնությունների, պնդում է՝ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինի խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո: Մինչդեռ այսօր, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի, սկսվել է վտանգավոր գործընթաց. «Սահմանազատումն ու սահմանագծումը, երբ երկու պետությունների միջև գոյություն ունի համաձայնագիր, պայմանագիր, որտեղ կետ կա սահմանազատում և սահմանագծում անցկացնելու մասին: Այս ամեն ինչը մենք չունենք: Եվ փաստ է, որ տեղի է ունենում միակողմանի զիջման պրոցես»:

Ընդդիմադիրների հակափաստարկներին, թե սահմանազատումը խաղաղություն չի երաշխավորում, իշխանությունը պնդում է՝ սահմանը խաղաղության նշան է: ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը առաջարկում է դիտարկել և հասկանալ ձևակերպումների տարբերությունը.

«Այո, այդ վստահությունը ունեմ: Եթե սահմանազատումը տեղի ունենա, արդեն մի բան է Ադրբեջանի կողմից կրակել շփման գծից այն կողմ, մեկ այլ բան է՝ պետական սահմանից այն կողմ կրակել: Եթե դու պետական սահման ես խախտում և կրակում ես պետական սահմանից այն կողմ գտնվող բնակավայրերի վրա, դա միջազգային հարաբերություններում հանցավոր արարք է դիտարկվում: Երբ Ադրբեջանը մինչև հիմա ասում էր՝ սահման չկա, սա շփման գիծն է և կրակում էր, դա թույլ արձագանքի էր արժանանում: Հիմա, երբ սա պետական սահման է Ադրբեջանը, ես վստահ եմ, չի գնալու այդ ճանապարհով և հաստատ, եթե անի էլ շատ լուրջ արձագանքի է արժանանլու միջազգային հանրության կողմից»:

Խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրումներին զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է տարբեր նախապայմաններ առաջ քաշել, որոնք իբր կարևոր է համարում պայմանագիրը ստորագրելուց առաջ: Այդպես, օրինակ, Մոսկվայում Պուտին-Ալիև վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը նորից վերադարձավ «Զանգեզուրի միջանցք» խոսույթին, որի անհրաժեշտությունը հիմնավորում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով:

Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, սակայն, հակադարձում է. «Կներեք, այդ նոյեմբերի 9-ի հայտարարության մինչև 9-րդ կետը ուրիշ կետեր էլ չէ՞ կային: ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից, և որևէ մեկը իրավաբանական ուժ ունեցող որևէ պարտադրանքով չի կարող որևէ միջանցք ստանալ: Սա է Հայաստանի դիրքորոշումը: Ճանապարհների շրջափակում, դա մենք էլ ենք ասել, վարչապետն էլ է ասել հազար անգամ: «Խաղաղության խաչմերուկ»-ի առաջարկով հանդես է եկել, դա մեզ էլ է ձեռք տալիս, որովհետև մենք ենք տուժում ճանապարհների փակ լինելուց: Դա խնդրեմ, բայց պետությունների իրավազորությունը և ինքնիշխանությունը հարգելու պայմանով: Ամեն ճանապարհ պետք է գտնվի այն պետության իրավազորության ներքո, որով որ անցնում է: Սա է սկզբունքը և սա է սկզբունքը, որ աշխարհը ճանաչում է ընդհանրապես բոլոր պետությունների համար: Այդտեղ մենք իրավաբանորեն ուժեղ ենք»:

Արդյո՞ք ներկայացվող նախապայմանները դեռ խանգարելու են խաղաղության պայմանագիր կնքելուն, իշխանական թևը դժվարանում է կանխատեսել: Չեն բացառում, որ նման հայտարարությունները որոշ դեպքերում արվում են նաև ներքին լսարանի համար: Հայաստանի իշխանությունը, սակայն, հավատում է, որ պատերազմը բացառելու ճիշտ ճանապարհն է ընտրել: 

Back to top button