ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հատակագիծ՝ «ըստ մայրցամաքների»․ Երևանի կենդանաբանական այգին տեղափոխվելու փոխարեն կընդլայնի

Շակա անունով 2 տարեկան վագրիկը շփվող խառնվածքի շնորհիվ ամեն օր գերում է կենդանաբանական այգու մեծ ու փոքր այցելուներին։ Երեք ավագ ցեղակիցների հետ նա բնակվում է միջնապատեր ունեցող ազատավանդակում։ Փոքրիկ կատվազգին և այգու մյուս «մշտաբնակները» նույն տեղանքում կարող են նոր հասցեներ ունենալ։

Երևանի կենդանաբանական այգու տեղափոխման լուրերը պաշտոնապես հերքված  են․ այգին մնում է իր տեղում։ Ավելին, սեփական տարածքի հաշվին  այն նախատեսվում է ընդլայնել՝ պատմում է այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։

 «Նախորդ տարի կարողացանք այգու ամբողջ տարածքը չափագրել, և ներկայումս այն հստակ կազմում է 35.2 հեկտար։ Օգտագործվում է այդ տարածքի մինչև 20%-ը կամ մի փոքր ավելին, այսինքն, միայն կենտրոնական հատվածը։ Կենդանաբանական այգու գիտական բաժինը կառավարման խորհրդի աջակցությամբ կազմել է այգու զարգացման պլան, որտեղ չափագրված է, թե որ տարածքում ինչպիսի փոփոխություններ են լինելու»։

Առաջիկա տասնամյակի զարգացման պլանի համաձայն՝ այգու երկայնքով ձգվող մեկ ամբողջական և մեկ կիսատ երթուղուն կավելանան երկու հիմնական ճեմուղիներ։ Դրանք կտարածվեն տեղանքի աջ և ձախ լանջերին, որոնք ներկայումս չեն օգտագործվում։ Խոշոր թռչունների «կեցավայրերը» կտեղափոխվեն վերև։ Բարձունքի բնական լանդշաֆտը գիշատիչ փետրավորների համար ավելի հարմար է, նրանց ազատավանդակները կդառնան դիտարժան։

«Տարածքը, ինչպես ընդունված է ժամանակակից  այգիներում, բաժանված կլինի ըստ պայմանական մայրցամաքների։ Նոր կենդանիներին մենք արդեն տեղավորում ենք ըստ այդ պլանի։ Արդյունքում կունենաք «Աֆրիկա», կունենաք «Հայկական լեռնաշխարհ», փոքրիկ «Ասիա», փոքրիկ «Ավստրալիա»։

Մենք մինչև հիմա ունեինք սողունների և ձկների շատ փոքրիկ ցուցադրություն և նախատեսում ենք առաջիկա եռամյակում ունենալ շատ ավելի մեծ մասշտաբի գեղեցիկ ու հարուստ էկզոտարիում։ Դա մեր այցելուներին հանրավորություն կտա այգի գալ նաև ձմռանը»։

Մայրաքաղաքի կենդանաբանական այգին առ այսօր չունի ամբողջական ցանկապատ։ Արտաքին ցանկապատի և փղերի նոր մեծ ազատավանդակի կառուցումը առաջիկայում նախատեսվում է իրականացնել քաղաքային  բյուջեի հաշվին։

«Ցանկացած կենդանաբանական այգի, ըստ նորմատիվների, պետք է ունենա արտաքին ցանկապատ, որն այն կառանձնացնի շրջակա տարածքներից։ Այս տարվա առաջնահերթություններում դրված ծրագրերից է դրա կառուցումը։

Թեորիապես 10 տարվա կտրվածքով պլանի համաձայն այգին կարող է ունենալ 2-րդ մուտք Գյուրջյան փողոցից, քանի որ այգու տարածքը տարածվում է մինչև Գյուրջյան փողոց»։

Երևանի կենդանաբանական այգու վարչական շենքի հիմքում առկա էհուշաքար, որի վրա այգու ստեղծման տարեթիվն է՝ 1941 թվականի մարտ։ Իրականում, սակայն, այգու բացումն ավելի ուշ է տեղի ունեցել՝ խանգարել է Հայրենական պատերազմը։ Դրանով է բացատրվում նաև հետագա շինաշխատանքներին գերմանացի ռազմագերիների մասնակցելը։

«Միգուցե պատմաբաններն ինձ քննադատեն այգին պատմական վայր անվանելու համար, սակայն, այգում մեր հասարակության արդեն 3-4 սերունդ է մեծացել, իմ տարիքի մարդիկ հիշում են՝ ինչպես են այգի եկել իրենց  պապիկ, տատիկների հետ։

Արժեքավոր շինություններ կան, որոնք ԿԳՄՍ նախարարության ցուցակներում որպես պատմական օբյեկտներ ֆիքսված չեն, սակայն, դրանք միանգամայն կարող են հավակնել մշակութային ժառանգության օբյեկտ լինելուն։ Այստեղ շինություններ կան, որ կառուցվել են գերմանացի ռազմագերիների ձեռքերով, և դրանք մեր երկրի պատմական շերտի վկաներն են»։

Երևանցիների խոսքով՝ «գազանանոցի մոտով», իսկ տեղագրական բնորոշմամբ՝ Մյասնիկյան պողոտայով երթևեկելիս բարձունքի վրա հին սև աշտարակաձև շինություն է նշմարվում։ Այգու խորհրդանիշը դարձած  այդ ամրոցատիպ կառույցն այժմ կիսավթարային վիճակում է։

«Քաղաքապետարանին ներկայացրել ենք շինությունների ցանկը՝ 3-4 հրատապ վերականգնման։ Աշտարակաձև շինությունը տարբեր տարիներին փորձել են օգտագործել կենդանիների խնամքի համար, սակայն, ձևը և լուծումը, ըստ իս, ամենասկզբում էլ նախատեսված չի եղել կենդանիներ պահելու համար։

Լավագույն լուծումը՝ այն օգտագործել որպես գիտակրթական կենտրոն, այդ թվում երիտասարդ բնասերների ակումբի և մեր գիտնական հյուրերի սեմինարների ու գիտաժողովների անցկացման համար»։

Կենդանաբանական այգու տնօրենի գիտության գծով տեղակալի պաշտոնն արդեն երկու տարի ստանձնած Աշոտ Ասլանյանը նշում է՝ այցելուների թիվն աճել է 25-30% –ով։ Փոխվել է նաև հյուրերի վարքագիծը՝ սակավ են դարձել կենդանիներին անհանգստացնելու դեպքերը։

Այս տարի «մշտաբնակների» արդեն գրանցված ծնունդներից, տեսակի պահպանության և վերարտադրության միջազգային ծրագրի չափանիշներով, արժեքավոր է կարմիրգրքային մորուքավոր անգղի ճուտիկի  լույս աշխարհ գալը։ «Ծնունդառատ» կլինի նաև առաջիկա երկու ամիսը։ Նոր անդամներով կհամալրվեն կարմիրգրքային հայկական մուֆլոնների և բեզոարյան այծերի ընտանիքները։

Այգու ամենախոշոր բնակչին՝ Բունկա փղին Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի փորձագետը զննել են ու ասել՝ ամուսնացրեք։ Եթե քաղաքապետարանը լուծի Բունկային ավելի ընդարձակ կացարան հատկացնելու հարցը, այգու տնօրինությունը կդիմի միջազգային գործընկերներին՝ հարսնացու գտնելու խնդրանքով։

Back to top button