Ժամանակի վկան

Նվիրում ազգային գործիչներին՝ նոր քանդակներով․ Յակոբ Ճանպազեան․ «Ժամանակի վկան»

Այս տարի կանադահայ ճանաչված ազգային գործիչ, գեղանկարիչ և քանդակագործ Յակոբ Ճանպազեանը երկու նոր գործերով հարստացրեց հայկական մշակութային և կրթական հաստատությունները։

Նա այսօր հաղորդման հյուրն է և միասին կներկայացնենք ազգային, քաղաքական, հասարակական գործիչ Սարգիս Զէյթլեանին և սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանին, որոնց նվիրված են հեղինակի վերջին ստեղծագործությունները։

Կանադահայ ճանաչված ազգային, հասարակական, համայնքային, կուսակցական գործիչ, գեղանկարիչ և քանդակագործ Յակոբ Ճանպազեանը ծնվել է Լիբանանի Այնճար հայավանում 1953 թ․ մայիսի 30-ին:

Սարգիս Զէյթլեան

1975 թվականից Կանադայում հաստատվելուց ի վեր Յակոբ Ճանպազեանն իր աստվածատուր գեղանկարչական ու քանդակագործական տաղանդն ի սպաս է դրել հայ ազգային հոգևոր և մշակութային կյանքի հաստացմանը։

Սարգիս Զէյթլեանի կիսանդրին Այնճարում

Նրա քանդակները զարդարում են հայկական եկեղեցիների, ազգային և համայնքային միությունների ու հաստատությունների սրահները, բակերը, շենքերը։ Նրա հայտնի ստեղծագործություններից են Քեյմբրիջում տեղադրված Մուսա լեռան հերոսամարտի հուշակոթողը, Նյու Ջըրզիի, Մոնթրեալի և Տորոնտոյի Հայ Ավետարանական եկեղեցիների  բակերում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ձոնված խաչքար-հուշակոթողները, Տորոնտոյի Հայ Կաթողիկե համայնքի եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության հուշակոթող խաչքարն ու հայոց այբուբենին նվիրված հուշաքարը։

Էդուրարդ Բոյաջյանի կիսանդրին Երևանում

Նա է հեղինակել կանադացի զինվորների հիշատակին նվիրված 15տ կշռող գրանիտյա եզակի հուշակոթողը, Մոնթրեալի Ազգային Առաջնորդարանի տարածքում կանգնեցված գրանիտից խաչքարը, Էջմիածնական թեմի Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող խաչքարը, ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան «Արարատ» մրցանակի արվեստի եզակի գործը և շատ այլ ստեղծագործություններ։

Յակոբ Ճանպազեանն այն սերնդի ներկյացուցիչն է, որը պատիվ է ունեցել ոչ միայն անձամբ ճանաչելու Սարգիս Զէյթլեանին, այլև գործելու նրա հետ։

Յակոբ Ճանպազեան, Երևան, 2023

1985 թ․ մարտի 28-ին «Նշան Փալանճեան» ճեմարան տանող ճանապարհի վրա անհայտ անձինք առևանգում և անհայտ հանգամանքներում սպանում են ՀՅԴ Բյուրոյի անդամ և «Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ»-ի խմբագրապետ Սարգիս Զէյթլեանին։ Մինչև օրս նրա առևանգումը և եղերական սպանությունը չբացահայտված առեղծված են մնում։

1994 թվականից Երևանի համար 121 հիմնական դպրոցը կրում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որի կարգախոսն է եղել.

«Հող` եւ մարդիկ. հող` եւ հոգի. հող` եւ ամէ’ն բան…»։ 

Յակոբ Ճանպազեանի կերտած Էդուարդ Բոյաջյանի բրոնզաձույլ կիսանդրին այսուհետև կզարդարի նույնանուն դպրոցի շենքը։ 

Իրինա Բարսեղյան-Կրպեյան, Յակոբ և Ջուլիետ Ճանպազեաններ, Տորոնտո, 2017

Մանկավարժական գործունեությանը զուգահեռ Էդուարդ Բոյաջյանը զբաղվում էր նաև գրական, խմբագրական և ստեղծագործական բեղուն աշխատանքով։

Յակոբ Ճանպազեանը սիրով ներկայացրեց նաև, թե ինչպե՞ս միտք հղացավ կերտելու Էդուարդ Բոյաջյանի կիսանդրին։ Դանիել Վարուժանի «Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին․․․» պատգամով ամփոփեցինք հաղորդումը։

Back to top button