ԿարևորՀասարակություն

«Edu2Work» էլեկտրոնային հարթակը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը. փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍՆ-ի և ՄԱԶԾ-ի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  համագործակցության շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրում, որով  «Edu2Work» էլեկտրոնային հարթակը պաշտոնապես փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Միաժամանակ հայտարարվել է «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի այս փուլի ամփոփման մասին,   որն իրականացվել էր ՄԱԶԾ Հայաստանի ԿԶՆ ֆինանսների և սոցիալտնտեսական պորտֆելների համատեղ նախաձեռնությամբ։ «Edu2Work» էլեկտրոնային հարթակը ստեղծվել է նշված ծրագրերի շրջանակում:

2022 թվականի ապրիլին մեկնարկած ծրագիրը նպատակ ուներ աջակցելու Հայաստանի մարզերում երիտասարդների կրթական հնարավորությունների բարելավմանը, նրանց ներուժի իրացմանը, կրթությունից աշխատաշուկա անցման դյուրինացմանը և հետագա բարեկեցության ապահովմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը. «Այս տարիների ընթացքում միասին կարողացել ենք ձևավորել ընդհանուր ընկալում, պատկերացում և գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս հետագա աշխատանքներն իրականացնել այնպիսի մի կարևոր խնդրի շուրջ, որը մեր շրջանավարտների հետագա զբաղվածության ապահովումն է: Մասնագիտական զբաղվածության խնդիրը ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի կարևորագույն թիրախներից է: Նպատակադրել ենք, որ 2030 թվականին մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բուհական համակարգի շրջանավարտների առնվազն 90 տոկոսն իրենց մասնագիտությամբ կարողանալու են աշխատանք գտնել: Մեծածավալ այս խնդրի   լուծումն առաջին հերթին պահանջում է տվյալներ, վերլուծություն, որի հիման վրա էլ կկարողանանք համադրել մեր քաղաքականութան արդյունավետությունը»:

Կարևորելով  ճշգրիտ տվյալների  վրա հիմնված վերլուծությունների առկայությունը պետական քաղաքականության համատեքստում՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է՝ «Edu2Work» հարթակի միջոցով հնարավոր է մեծածավալ տվյալներ ստանալ, որոնց հիման վրա կատարվող վերլուծություններից կբխեն կայացվող որոշումները:

«Այդ տվյալները նաև մեր ուսումնական հաստատությունների համար են: Կառավարության ծրագրով մենք կարևորագույն բարեփոխումներ ենք սկսել նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, որտեղ մեր ամենակարևոր խնդիրներից են մասնագիտությունների ցանկերի վերանայումը, ընդունելության տեղերի բաշխման սկզբունքների որոշումը՝ հիմնվելով տվյալ տարածաշրջանի և ամբողջ երկրի տնտեսության կարիքների վրա: Այս տվյալները գալիս են սպասարկելու այդ խնդիրների նպատակային լուծմանը: Հարթակը նաև որպես գործիք հնարավորություն է տալիս օգտագործել ամենանորարար տեխնոլոգիաները, արհեստական բանականության և դրա գործիքակազմի ընձեռած հնարավորությունները, ինչը ևս մեկ քայլով մեզ մոտեցնում է տեխնոլոգիական նորարարությունների կիրառման հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Շատ մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այս հարցին և պատրաստակամ ենք շարունակելու հարթակի պահպանումը՝ քայլեր ձեռնարկելով  վերջինիս զարգացման ուղղությամբ: Բոլոր աշխատանքներն արդյունավետ են, եթե դրանք անընդհատ զարգանում և լրամշակվում են».- ասել է ԿԳՄՍ նախարարն ու համոզմունք հայտնել՝ պետությունը, ստանձնելով հարթակը պահպանելու, օգտագործելու և զարգացնելու հանձնառությունը, կբացահայտի նաև հարթակի կիրառման նոր հնարավորությունները:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Վերջինս ընդգծել է՝ «Edu2Work» հարթակը կարևոր խնդիր է լուծում հատկապես երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակի նվազեցման առումով:

Հիշեցնենք՝ «Edu2Work» հարթակը ստեղծվել է արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանությունը հավասարակշռելու նպատակով: Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ստանալ աշխատաշուկայի պատկերն իրական ժամանակում, մշակել փաստահեն քաղաքականություններ և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել կարիերայի վերաբերյալ։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։

«Ուրախ եմ, որ միասին ստեղծել ենք թվային համակարգ մարտահրավերների լուծման համար: Թվայնացումը, նորարարությունը կայուն զարգացման կարևոր գործիքներից է»,- ասել է Նաթիա Նացվլիշվիլին՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին՝ արդյունավետ և պատասխանատու գործընկերության համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հարթակը կարևոր գործիք է ժամանակակից աշխարհում և միտված է կրթություն-աշխատաշուկա կապի սերտացմանը, որը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:

«Կրթական համակարգի խնդիրն է մշտապես լինել համահունչ աշխատաշուկայի՝ դինամիկ զարգացող պահանջներին: Հարթակն ուղղված է ոչ միայն պոտենցիալ գործատուներին և գործ փնտրողներին, այլև՝ հենց կրթական հաստատություններին, ինչը շատ կարևոր է: Կրթություն-աշխատաշուկա կապն ավելի անմիջական դարձնելու տեսանկյունից սա առանցքային շեշտադրում է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նշենք, որ «Edu2Work» հարթակի սպասարկումն իրականացնելու է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը/ ԿՏԱԿ/:

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է հարթակի գործունեությունը, ինչպես նաև պատասխանել քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչների՝  համակարգի գործունեության վերաբերյալ հարցերին:

Back to top button