Մտքի ուժը

Նոր նյութ՝ սիլիցումի փոխարեն․ արևային վահանակների ինքնարժեքը գուցե նվազի․ «Մտքի ուժը»

Արդյունավետ են, հեշտ են ստացվում, բարձր մաքրություն չեն պահանջում։ Այս նյութերը գուցե ժամանակի ընթացքում գան ու փոխարինեն սիլիցումին, որով պատված են արևային վահանակները՝ էականորեն նվազեցնելով դրանց ինքնարժեքը։

Բայց արտադրություն հասնելու համար պերովսկիտները դեռ պետք է ճանապարհ անցնեն։ Դրանց առավելություններն ու թերությունները ուսումնասիրվում են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի օպտիկական սպեկտրոսկոպիայի խմբում։

Նյութերը նաև էական թերություններ ունեն։ Դրանք հետազոտելու, նաև՝ արդյունք գրանցելու համար հարյուրավոր խմբեր են աշխատում։ Ամենագլխավոր թերությունն, ըստ գիտնականի, նյութի կայունության հարցն է։

Գիտական խմբի ղեկավար Էդուարդ Ալեքսանյանը նշում է․ «Սինթեզվելիս ունեն մի հատկություն, որով կլանում են արևային էներգիան ու հոսանք են դարձնում։ Բայց, եթե ոչ մի միջոց չենք ձեռնարկում, շատ կարճ ժամանակում նյութը փոխակերպվում է այլ կառուցվածքի նյութի, որը կիրառելի չէ։ Հոսանք չեն ստանում»։

Ներկայիս արևային պանելները սիլիցիումով են պատված։ Այս նյութն անցյալ դարի կեսերին է հայտնաբերվել՝ ասում է գիտնականը։ Երեք տարի ուսումնասիրել, հետազոտել ու հասկացել են, թե ինչու են նոր նյութում փոփոխություններ առաջանում։ Պատճառներից մեկը ատոմներից է կախված։ Այժմ այլ պատճառներ են ուսումնասիրում։ Հատկանշական է, որ հետազոտում են միաժամանակ մի քանի ուղղություններով։ Այժմ նաև փորձում են հասկանալ՝ արդյոք այս նոր նյութը կարող են տիեզերք տեղափոխել։

Անուշ Բադալյանն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում աշխատում է 2015 թվականից։ Մասնակցում է կատարվող բոլոր փորձերին։

Գիտական այս խմբում ուսումնասիրում են նաև ջերմակարգավորիչ նյութերը, որոնք ունեն տիեզերական կիրառություն։ Դրանցով պատում են տիեզերակայանները, նաև՝ օգտագործվում են ինքնաթիռի շարժիչներում։ Նրանք աշխատում են շատ բարձր ջերմաստիճանում, նրանց անհրաժեշտ է պաշտպանել բարձր ջերմաստիճաններից։ Գիտական այս խմբում վստահ են՝ գիտությունն ապագա ունի, պետք է պարզապես շատ աշխատել։ Այդպես էլ անում են։

Back to top button