Երաժշտական եռանկյունի

Արցախի ջազ նվագախումբը նշում է ստեղծման 20-ամյակը. «Երաժշտական եռանկյունի»

Արցախցի ստեղծագործող կատարողների ներկայությունն ու կանոնավոր գործունեությունը հայրենիքում կերաշխավորի սեփական մշակութային տեսակի պատմության պահպանումը։ Բազմաթիվ արցախյան ստեղծագործական միավորների (երգչախմբեր, նվագախմբեր, թատրոններ և այլն) գոյությունը կնպաստի դրան, հակառակ դեպքում, զրկված լինելով պետական ֆինանսավորումից, նրանք շատ արագ կքայքայվեն և, ի վերջո, կվերանան։

Արցախի ջազ նվագախումբը ստեզծվել է 20 տարի առաջ ակորդեոնահար Տիգրան Լալայանի և մի խումբ երիտասարդ երաժիշտների ջանքերով։

«Իմ առաջին տպավորությունը ջազ նվագախմբից ձևավորվել է դեռևս պատանեկան տարիքում, երբ ներկա գտնվեցի Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի ջազ նվագախմբի արցախյան համերգին։ Հիշում եմ, որ ոգևորությունն այնքան մեծ էր, որ որոշեցի ինքս էլ ստեղծել սեփական խումբը», — ասում է Տիգրանը։

Տիգրան Լալայանը սկսեց ինքնակրթվել, հանդիպել հայաստանյան ջազ երաժիշտների հետ, հայթայթել երաժշտության պարտիտուրներ։

Ժամանելով Երևան՝ նա մի շարք հանդիպումներ ունեցավ անվանի հայ կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի հետ, խնդրեց նյութեր տրամադրել։

Ինչպես հիշում է երաժիշտը, սկզբում ունեցել է ընդամենը երեք ստեղծագործությունների պարտիտուրներ, այն էլ առանց առանձին պարտիաների նոտաների։ Նվագախմբի կազմավորման շրջանը, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու և զոհողությունների շնորվիվ, ի վերջո, բերեց անդրանիկ համերգային ծրագրի ձևավորմանն ու առաջին համերգին։

Եթե Հայաստանում ջազային ընթացքները պայմանավորված են հիմնականում ակումբային և փառատոնային հարթակների գոյությամբ, ապա պետք է հասկանալ, որ արցախյան ջազային երաժիշտների համար խնդիր էր նաև սեփական բեմական հարթակի բացակայությունը, արցախցիների ջազի իմացությունն ու ընկալումը և նորաստեղծ նվագախմբի կարգավիճակի անորոշությունը։

Շատ կարճ ժամանակահատվածում նորաստեղծ ջազ նվագախումբը սիրվեց արցախցիների կողմից և այնքան համոզիչ գործունեություն ծավալեց, որ լուծվեցին նաև պետական կարգավիճակ ստանալու, աշխատավարձերի և կանոնավոր ելույթների բոլոր խնդիրները։

Նվագախումբը համալրվեց նոր երաժիշտներով, երգիչ-մենակատարներով և ունեցավ առաջին շրջագայություններն ու Արցախից դուրս ելույթ ունենալու հնարավորություն։

Նվագախմբի կատարողական ցանկը ընդգրկում էր ոչ միայն դասական ջազի, այլև հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ, ինչը թույլ էր տալիս ստեղծել տարբեր թեմատիկ համերգային ծրագրեր։

Այսօր Տիգրան Լալայանը իր գործընկերների հետ պատմական դառը իրադարձությունների պատճառով Հայաստանում է և աշխատում է հավատարիմ մնալ 20 տարի առաջ ձևավորված նպատակներին՝ դարձյալ հաղթահարելով բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ։ Արցախցուն հատուկ համառությամբ, համախմբելով հին և նոր երաժիշտների՝ Տիգրանը 2024-ի ապրիլի 12-ին ներկայացնելու է նոր համերգային ծրագիր Առնո Բաբաջանյան համերգային դահլիճի բեմում՝ նշելու իր ստեղծած նվագախմբի 20-ամյակը։

Back to top button