Գերդաստաններ

Երևանի մետրոպոլիտենի և կասկադի անխոնջ մշակը. Ներսիսյաններ. «Գերդաստաններ»

Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն կառուցելու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, և շատ քաղաքներ մերժում էին ստանում։ Երևանն էլ այդ քաղաքներից մեկն էր, որի բնակչությունն այդ ժամանակ դեռ մեկ միլիոնին չէր հասնում, և դա պատճառ էր արդեն, որ թույլ չտան մետրո կառուցել։

Սակայն Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ` «Հայպետտրանս» նախագծային ինստիտուտը՝ Վլադիմիր Դանդուրովի գլխավորությամբ, որը Խորհրդային Միությունում մեծ ճանաչում ունեցող մասնագետներից էր, պատրաստեց մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում էին, որ Երևանում ստորգետնյա տրանսպորտի կարիքը շատ է, կառուցումն էլ` անհրաժեշտ։ 1978 թվականին սկսվեց մետրոպոլիտենի շինարարությունը։

Այսպիսի որոշումներին միս ու արյուն տվողը պետք է լիներ աշխատասեր, խոհեմ, ծանրակշիռ մեկը, որը պիտի լիներ նաև հայրենանվեր և իր մասնագիտական պատրաստվածությամբ կարողանար ղեկավարել այդ շինարարական գործը։ Այն առաջարկվեց նաև1975-1985 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Ներսիսյանին, որը ավարտել էր Պոլիտեխնիկական ինստիտուտը և եղել էր Երևանի էլկտրաշարժիչների գործարանի տնօրենը։ Պատմում են, որ այս մարդը զոր ու գիշեր աշխատում էր, որ ստորգետնյա այս կարևոր կառույցն իրականություն դառնա։

1978 թվականն էր, Երևանի բնակչությունը հետևում էր Մետրոպոլիտենի կառուցմանը, բոլորը միմյանց հարցնում էին, թե որ կայարանի շինարարությունն են ավարտել և որն են սկսել։ Բոլորը նաև գիտեին, տեսնում էին, որ դա անչափ ծանր աշխատանք է` լարված, բայց հետաքրքիր։ Կարեն Դեմիրճյանը գրեթե ամեն օր գնում էր այնտեղ, իսկ Լեոնիդ Ներսիսյանը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում էր տեղում։ Հարևանները տեսնում էին, թե ինչպես նա՝ լույսը նոր բացված, դուրս գալիս տնից և շատ ուշ վերադառնում՝ հողոտված ու ցեխոտված։ Տանը սպասում էին բոլորը, սակայն ընտանիքի անդամներին էլ միշտ չէ, որ հաջողվում էր Լեոնիդի հետ զրուցել` պատմում է Լեոնիդ Ներսիսյանի որդին՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աշոտ Ներսիսյանը։

Լեոնիդ Ներսիսյանի նախնիները գաղթել էին Արևմտյան Հայաստանից և հաստատվել Ծաղկահովիտ գյուղում։ Այստեղ մեղվապահությամբ էին զբաղվում։ Մեղուների աշխարհում ապրող մարդկանց միշտ էլ հետաքրքրել է արդար և ժրաջան աշխատանքը և նաև այն գեղեցիկ բնաշխարհը, որից բուժիչ և առողջարար կենսահյութն էին քաղում այդ աշխատասեր միջատները։ Ընտանիքում բոլորը սիրում  ու սովորում էին մաթեմատիկան։ Լեոնիդը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Պոլիտեխնիկական ինստիտուտ և 1960-ական թվականներին աշխատանքի անցնում Էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ, իսկ տարիներ հետո արդեն դառնում Էլեկտրաշարժիչների գործարանի տնօրեն։

Շուտով Կարեն Դեմիրճյանը նաև նրան է վստահում մետրոպոլիտենի շինարարության գործը: Նա սիրով ստանձնում է այն, քանի որ գործը համապատասխանում էր նաև իր խառնվածքին՝ շինարարական և կառուցողական աշխատանքը սիրող, շատ աշխատող, ուտելու մասին երբեմն նույնիսկ մոռացող։ Էլեկտրաշարժիչների մասին իմացությունն ինչ-որ տեղ օգնում էր նրան նաև ճշգրիտ կողմնորոշվել Մոսկվայից, Թբիլիսիից, Լենինգրադից հրավիրված, աշխատանքային փորձ ունեցող  մասնագետների խորհրդին հետևելիս։

Լեոնիդ Ներսիսյանին վստահվեց նաև Կասկադի շինարարական աշխատանքը, որը կատարում էր նույն ոգով ու պարտաճանաչությամբ։ Ընտանիքն այսօր ափսոսում է, որ արդեն 30 տարի է չի շարունակվում Կասկադի աշխատանքը, իսկ շուրջը վեր են խոյանում բազմաթիվ բնակելի շենքեր։

Լեոնիդ Ներսիսյանի կինը հայտնի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նվարդ Պառնասյանն էր՝ Շարահյուսական բազմաբնույթ հարցերին վերաբերող մի շարք մենագրությունների, հայոց լեզվի կառուցվածքի և այլ թեմաների վերաբերող գրքերի հեղինակ։ Նրա աշխատանքային ընկերներից մեկը՝ լեզվաբան Նեկտար Սիմոնյանը հիշում է։

Հոր աշխատանքով հետաքրքրվում էր որդին և թեպետ հայրը նրան չէր հորդորում  ինժեներ դառնալ, այնուամենայնիվ նա դարձյալ ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ և դարձյալ շարունակեց հոր աշխատանքը մաթեմատիկական ոլորտում։  Ընդունվեց Մոսկվայի համակարգային հետազոտությունների ինստիտուտը, հետո ասպիրանտուրան և դարձավ ֆիզմաթ գիտությունների թեկնածու։ 1986-87 թվականներին նա կոլեգաների հետ ստացավ բարձրագույն մրցանակ՝ համակարգերի կառավարման վերաբերյալ հետազոտությունների համար, պատմում է Աշոտ Ներսիսյանը։

Մաթեմատիկայի ուղղությամբ մեծ սեր ու հետաքրքրություն ուներ նաև Լեոնիդ կրտսերը, սակայն հավասարաչափ նրան հետաքրքրում էին նաև մյուս բոլոր առարկաները։ Ապրելով և սովորելով Մոսկվայում՝ Լեոնիդն ամեն ամառ գալիս էր Երևան և շատ ժամանակ էր անցկացնում պապի հետ։ Պապը նրան հաճախ էր պատմում Երկրորդ համաշխարհային պատերազմից, որի մասնակիցն էր եղել։ Պատմում էր, թե ինչպես է ինքը միայնակ խոցել թշնամու 15 թիրախ և այլ նմանատիպ  դրվագներ։ Կրտսեր Լեոնիդի մեջ տպավորվում է այս ամենը և անընդհատ մտածում է զենքի ուժի, տեսակների, դրանք ճիշտ գործածելու հմտության գաղտնիքների մասին, և այս ամենը ուղեկցում է նրեն նույնիսկ այն տարիներին, երբ ինքը սովորում էր Բժշկական ինստիտուտում, իսկ հետո նաև ասպիրանտուրայում: Լեոնիդի մաթեմատիկական իմացությունը օգնեց նրան շարունակելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  և նոր բացահայտումներ անել։

Հավանաբար մաթեմատիկական տրամաբանությունն ու անալիտիկ վերլուծությունը հիմք հանդիսացան, որ արդեն մեծ հաջողությունների հասած տղան զբաղվեց նաև  «Ռազմական վերլուծությամբ և հետազոտությամբ»։

Այս գերդաստանում ֆիզմաթ ուղղությամբ շարունակել են շատ երիտասարդներ , որոնք և՛ Մոսկվայում, և՛ Հայաստանում աշխատում են երկրի համար մեծ կարևորություն ներկայացնող հիմնարկներում։

Back to top button