Գերդաստաններ

Հայր և որդի մաշկավեներաբանների նոր բացահայտումներն ու մոտեցումները. Բաբայաններ. «Գերդաստաններ»

Կարեն Բաբայանը մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, նա, վերապատրաստվելով Կոլումբիայի համալսարանում, մաշկավեներական հիվանդությունների բուժման և կանխարգելման նոր և արդյունավետ տարբերակներ առաջարկեց, որոնք հաջողությամբ ներդրվեցին, իսկ որդու՝ Ռշտուն Բաբայանի հետ, նրանք հրատարակեցին պատկերավոր ատլաս, որը մեծապես օգնում է և՛ ուսանողներին, և՛ բնակչությանը ճանաչելու վարակիչ հիվանդություններն ու զերծ մնալու դրանցից։

18-19-րդ դարերում Պարսկաստանի Թավրիզ քաղաքում ապրում էին Օրդույանները, որոնցից Բաբկենը Կասպից ծովի ափին նավաշինական գործարան ուներ, նա մեծահարուստ էր և բարերար։ Մի օր նա որոշեց տոհմի՝ իրենց պատկանող ճյուղը անվանակոչել իր անունով. նրանք դարձան Բաբայաններ։

Կարապետ Բաբայանը, որը Բաբկենի որդիներից մեկն էր, դարձյալ նավաշինական գործարանի տերերից մեկն էր։ Պատերազմների հետևանքով, երբ Բաբայանները կորցրեցին իրենց նավաշինական գործարանը, տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին Կարսում և Խոյում։ Բաբայաններն իրենց ունեցվածքի մի մասը տեղափոխել էին Կարս և այստեղ առևտրական գործունեությամբ էին զբաղվում։

1915 թվականի ցեղասպանության ժամանակ գերդաստանի անդամներից շատերը   տեղափոխվեցին Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Արտաշատում։ 1917 թվականին Կարապետ Բաբայանի ընտանիքում ծնվեց բժիշկ Ռշտուն Բաբայանը։ Կարապետը Կարսից իր հետ ունեցվածքը  բերել էր, որը շատերի աչքից չէր վրիպում ու մատնության պատճառ է դառնում։ Շուտով նրան համարեցին կուլակ և ունեզրկեցին։ Ռշտունը և եղբայրը՝ Հայկազը, որոնք լավ էին սովորում դպրոցում և շատ հետաքրքրասեր էին, եկան Երևան և ընդունվեցին սկզբում բժշկական ուսումնարան, հետո բժշկական համալսարան։ Այստեղ Ռշտունը շատ նկատելի ուսանող էր և հիվանդանոցներում պրակտիկաների ժամանակ անընդմեջ վազվզում էր և աշխատում կատարել բժիշկների հանձնարարականները՝ օգնելու վտանգի մեջ գտնվող հիվանդներին։

1942 թվականն էր, արդեն սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ռշտունը մեկնեց ռազմաճակատ և այստեղ ստանձնեց զինվորական բժշկի պարտականությունները։ Շուտով նա դարձավ զինվորական հոսպիտալի ղեկավար։ Բժիշկը չէր սիրում պատմել պատերազմից, քանի որ տեսել էր սոսկալի իրավիճակներ, սարսափելի մահեր։

Պատերազմի ավարտից հետո Ռշտուն Բաբայանը վերադարձավ և աշխատանքի անցավ երկաթգծի հիվանդանոցում՝ որպես մաշկավեներաբան։ Նա ամուսնացավ բժիշկ-գինեկոլոգ Էլեոնորա Գյուլխանդարյանի հետ, ունեցան երեք զավակ, որոնք բոլորն էլ շարունակեցին բժշկի մասնագիտությունը։

Համերաշխ այս ընտանիքում յուրաքանչյուրը գիտեր իր անելիքը։ Բոլորն էլ ցածրախոս էին, լռակյաց և խորացած իրենց որոնումների մեջ։ Երեքն էլ հետաքրքրված էին երաժշտությամբ։

Չնայած երաժշտական բարձր ընդունակություններին՝ Կարենն ընտրեց բժշկի մասնագիտությունը։ Դարձավ մաշկավեներաբան, ղեկավարեց մաշկավեներաբանության ամբիոնը՝ Երևանի բժշկական համալսարանում, կրթեց բազմաթիվ սերունդներ, պատրաստեց լավագույն մաշկաբաններ։ Վերապատրաստվելով Կոլումբիայի համալսարանում՝ նա առաջարկեց սնկային հիվանդությունների բուժման նոր մեթոդներ, որոնք կիրառվեցին տարբեր երկրներում։ Մեծ է նրա ներդրումը նաև սիֆիլիսի բուժման և կանխարգելման ոլորտում՝ պատմում է որդին՝ մաշկավեներաբան Ռշտուն Բաբայան կրտսերը։

Կարեն Բաբայանի քույրը ՝Ժաննա Բաբայանը, համաճարակաբան-վիրուսաբան է։ Նրա գիտական աշխատանքները վերաբերում են ախտահանությանն ու վիրուսաբանությանը։ Մեծ աշխատանքներ է կատարել վիրուսների կանխարգելման ուղղությամբ. 1981 թվականին դրանք ամբողջովին պատրաստ էին և պետք է արտադրանք ստեղծվեր, սակայն ժամանակի հանգամանքներն ստիպեցին, որ այդ ամենը մնա թղթի վրա։ Չնայած, որ դրանք պատենտավորված են և ունեն հեղինակային վկայականներ։ Ժաննա Բաբայանը հույս ունի, որ այս գիտական ուսումնասիրությունները չեն կորչի անհետ, և կգա ժամանակ, որ կյանքի կկոչվեն։

Մարգարիտա Բաբայանը նույնպես մաշկաբան է։ Նրան կարելի է համարել կոսմետոլոգիայի հիմնադիրներից մեկը Հայաստանում, քանի որ Մոսկվայում սովորած և կոսմետոլոգիան լավ ուսումնասիրած մասնագետն առաջինը նախաձեռնեց դեմքի մաշկի բուժման և խնամքի հետ կապված աշխատանքները մեր երկրում։

Այս գերդաստանի երրորդ փայլուն մասնագետը Ռշտուն Բաբայան կրտսերն է։ 2014 թվականին հայր և որդի ատլաս հրատարակեցին մաշկային հիվանդությունների, սեռական  ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին ՝տեքստերով և համապատասխան լուսանկարներով։

Ռշտուն Բաբայանը լավագույնս ուսումնասիրել է և հաջողությամբ է բուժումներ իրականացնում նաև վիտիլիգո և պապիլոմա հիվանդությունների բուժման  ուղղությամբ։ Բժիշկն իր գիտական ուսումնասիրություններն ու բուժման տարբերակները ցանկություն ունի նաև ներկայացնել միջազգային հարթակում։

Բաբայաններին այսօր ճանաչում են մեր երկրի առողջապահական ոլորտում որպես բարձրակարգ մասնագետների, նրանց կարիքն ունեն մեր ուսանողները, երիտասարդներն, տարբեր տարիքի քաղաքացիներ, որոնք ուզում են պաշտպանված լինել վարակներից ու համաճարակներից։

Back to top button