Գերդաստաններ

Նկարչությունից մինչև պատկերազարդ ասեղնագործություն․ Առաքելյաններ․ «Գերդաստաններ»

Նրա արվեստը զարգանում էր հայրենիքում և սնվում էր բնաշխարհի թովչանքով, բարձրաբերձ լեռների ու ժայռերի հպարտությամբ ու հարազատ ժողովրդի  զգացմունքային աշխարհի նրբերանգներով։ Նրա աշխատանքները երկար տարիներ   Երևանի բժշկական համալսարանի տարբեր հարկերում էին, երևանյան դպրոցներում  ու Թերլեմեզյանի անվան ուսումնարանում։ Նրա դուստրն արվեստաբան Զարուհի Առաքելյանն է, որը հեղինակ է արվեստագետների մասին մի քանի գրքերի։

Նկարիչ Ալբերտ Առաքելյանի նախնիները 1939 թվականին գաղթել էին Նոր Ջուղայից  և հաստատվել Արտաշատում։ Արտաշատում բոլորը ճանաչում էին հորը՝ հյուսն Վազգենին և նրբաճաշակ դերձակ Աղավնիին, որի՝ ներդաշնակ գույներով ընտրված կտորներից կարված զգեստները հիացնում էին Արտաշատի կանանց։

Մանկության տարիներից Ալբերտը ընկերասեր էր, բարեսիրտ, օժտված էր նաև բացառիկ համեստությամբ։ Նա իր բարի գործերով և հումորով վարակում էր շրջապատին և վաստակում էր հարգանք ու սեր։ Նկարիչը ծնվել է Երևանում, մանկուց հիանալի նկարում էր, և այդ նկարները փակցնում էին դպրոցի միջանցքների պատերին։ Բոլորն արդեն ճանաչում էին փոքրիկ նկարչին։ Ուսուցիչները հպարտանում էին, իսկ ընկերներն ավելի էին մտերմանում նրա հետ։

Ալբերտը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան, իսկ 1957 թվականին ուսումը շարունակում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գունանկարչության բաժնում։ Այստեղ արդեն գույնը, կոմպոզիցիան, գիծը իմաստ էին ստանում։

Շատ արտահայտիչ են նրա բնանկարները՝ «Արարատը», «Աշնան շունչը», «Գորիսի քարակույտերը», «Լեռներով բնանկար», «Հեծանվորդները», որոնք նկարված են մեծ վարպետությամբ, ունեն հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածք և այնպիսի մանրամասներ են պարունակում, որ երբեմն կարելի է պատկերացում ունենալ նույնիսկ կենցաղի մասին։

Հասարակ մարդկանց կերպարները շատ զգացմունքային են կերտված։ Իլիկ մանող կնոջ և տարեց ամուսինների կերպարները շատ հուզիչ են, և նույնիսկ  դրանցից կարելի է հյուսել փոքրիկ պատմություններ՝ ասում է նկարչի դուստրը՝ արվեստաբան Զարուհի Առաքելյանը։

Նա կերտել է նաև հայ երգահանների, երգիչների, հանրահայտ մարդկանց դիմանկարներ։ Նրա վրձնահարվածներից ծնվեցին Կոմիտասը, Ջիվանին, որոնք դիտողին հնարավորություն են տալիս մտորելու ու խորհելու։

Ալբերտ Առաքելյանը բժշկական ինստիտուտում նկարիչ էր աշխատում, և ողջ կոլեկտիվը սիրում էր նրան։ Անսահման հումորով օժտված մարդը բոլորին ուրախ տրամադրություն էր հաղորդում։ Ամենատխուր մարդն անգամ նրա ներկայությամբ ժպտում էր՝ պատմում է Հայկանուշը։

Ալբերտ Առաքելյանի՝ Արարատ սարին նայող պատուհաններով բնակարանը,  գտնվում էր հենց նրա արվեստանոցի հարևանությամբ։ Այդ արհեստանոցը դարձել էր արվեստասերների հանդիպման վայր, ուր ներս էին մտնում ծանոթ թե անծանոթ, լավ թե վատ մարդիկ, որոնք հոգեկան բավարարվածություն էին ստանում այստեղ, խորհուրդներ էին վերցնում նկարչից, նրա բարությունից։

Այստեղ էին լինում նաև Զարուհին ու Հայկանուշը՝ եղբոր դուստրը։ Նկարչի գույներից գեղեցիկ տրամադրությամբ էին լցվում, սկսում էին նկարել, երկար զրուցում էին   արվեստագետ և արվեստաբան հյուրերի հետ։ Շուտով Զարուհին հայրիկի խորհրդով ընդունվում է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի բարձրագույն ակադեմիան և դառնում արվեստաբան։ Նրա առաջին աշխատանքն արվեստագետ հոր մասին էր՝ «Հորս հոգու կանչերով» գիրքը։

Հայրը հետևում էր նաև դստեր հագուկապին։ Նրան նայում էր նկարչի աչքերով, ասում էր, որ հագուստների գույները և ոճը համահունչ լինեն միմյանց և բոլորը բակում և դպրոցում նրան անվանում էին «նկարած աղջիկ»՝ պատմում է Հայկանուշը։

Հետո Զարուհուն սկսում են անվանել «կաթիլ»։ Դա կապված էր նրա այն համոզման հետ, որ ամեն ինչ սկսվում է մի կաթիլից։

Զարուհին նաև շատ այլ արվեստագետների մասին է գրքեր գրել։ Օրինակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի վաստակավոր դերասանուհի Ժակելինա Սարխոշյանի մասին։ Այստեղ արվեստաբանը ներկայացնում է, թե ինչպես դեռատի աղջկան կոփեց անընդմեջ դժվարությունների հաղթահարումը, ուժեղացրեց նրա ձգտումը՝ հասնելու իր երազած բարձունքին, և թե որքան սիրով և պատասխանատվությամբ է դերասանուհին ներկայացնում Ժիզելին։ Նա գիրք է գրել նաև ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մասին։ Այդ գրքում ներկայացնում է դերասանի կյանքի հետաքրքրաշարժ դրվագները, դերասանի արվեստն ու մարդկային էությունը։ Զարուհի Առաքելյանը նաև երգերի հեղինակ է։

Հայկանուշն իր ասեղնագործական աշխատանքները սկսելիս հաճախ էր զրուցում  հորեղբոր հետ։ Նրանից էր սովորում գույների ներդաշնակման արվեստը, նախշազարդելու հմտության գաղտնիքները։

Back to top button