Գերդաստաններ

Բաղումյանների ընտանեկան ավետարանն ու հոգևորական ժառանգները. «Գերդաստաններ»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ունենալով հոգևոր բարձր պատրաստվածություն, ուսումնասիրելով աստվածաբանություն դանիական բարձրագույն հոգևոր դպրոցում, մի շարք կարևոր  ուսումնասիրությունների հեղինակ է։ Այդ ուսումնասիրությունները ոչ միայն հարստացրել են մեր հոգևոր գրականությունը, այլև կարևոր են մեր ծիսակարգերը   նոր մոտեցումներով ընկալելու, դրանց կարևորությունն ավելի հասկանալի դարձնելու համար։

Օրինակ՝ դրա լավագույն ապացույցը «Ս․ Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները ուսումնասիրություն և բնագրեր» թեմայով աշխատանքն է։ Բաղումյանների գերդաստանում մի քանի հոգևորականներ կան։ Նրանցից են նաև շատերին ծանոթ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հայրերից Տեր Դանիելը, Կալիֆորնիայի հայկական եկեղեցու քահանա Տեր Վրթանեսը։ 

Բաղումյանների գերդաստանի նախնիները Պարսկաստանի Փերիա գավառից էին։  Սպահանից 150 կմ հեռավորության վրա Սանգիպարան անունով գյուղ կա։ Այդ գյուղի գերեզմանատանը գերդաստանի անդամները մի արձանագրություն են կարդացել. «Այստեղ գտնվող Բաղումյանները սերում են Նախիջևանի Արցխա գյուղից»։

Բաղումը այս գերդաստանի նախնիներից Փիլասոնի որդիներից մեկն էր։ Եղբայրներն ազգային-եկեղեցական գործիչներ էին և երգահաններ՝ պատմում է Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Տ․ Զաքարիա Բաղումյանի Լևոն պապը զրուցասեր և լավ պատմող մարդ էր, նաև  շատ գրքասեր էր, ուներ արժեքավոր մատյաններ։

Լևոն պապը թոռներին դաստիարակում էր եկեղեցասիրություն, հայրենասիրություն, ու մշտապես շեշտում էր պետականության կարևորությունը։

Հետաքրքիր է, որ թոռներից Տիգրանը, որը հետագայում պիտի Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ դառնար, մանկության տարիներին վախենում էր սևազգեստ հոգևորականներից, սակայն տղան կյանքում միշտ հասնում էր մի բանի, որից ինքը փախչում էր։ 1995 թվականին նա ընդունվեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, որը նրան ճանապարհ բացեց  դեպի աստվածային մեծ լսարան՝ Գևորգյան ճեմարան, Հայաստանի Ամերիկյան  համալսարան, Դանիայում ուսումնասիրեց սոցիալական աստվածաբանություն, տարբեր երկրներում մասնակցեց եկեղեցական մի շարք  կարևոր համաժողովների, իսկ 2005-2007 թվականներին հայրապետական տնօրինությամբ նշանակվեց Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն։ Այստեղ նա հրատարակեց «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» աշխատությունը, որն աչքի էր ընկնում գիտնական-հոգևորականների նոր բացահայտումներով, պատմում է Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Վարդապետի կյանքում հետաքրքիր զուգադիպություններ են եղել, որ նման էին հրաշքի։ Օրինակ՝ վեցօրական երեխայի մկրտությունն ու նրա բժշկվելը, 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակից տղաների փրկությունը և այլն։

2017 թվականի մարտի 13-ին «Ս․Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները․ ուսումնասիրություն և բնագրեր» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս․Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Բարձրաստիճան հոգևորականները անդրադարձան կատարված աշխատանքի կարևորությանը։

Երզնկացին նաև շատ հմուտ խոստովանահայր էր, մեծ ներդրում է ունեցել մեղքերի խոստովանության ծիսակարգի մեջ։

Այս գերդաստանից է նաև Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հայրերից Տեր Դանիելը, որը նույն Լևոն պապի շառավիղներից է։ Նրա մանկությունն անցել է եկեղեցիների բակերում։ Մի օր գնացել էր Խոր Վիրապ և հոգևորականներին խնդրել իր հետ զբաղվել, իրեն բացատրել Աստծո, եկեղեցու և աղոթքի խորհուրդը, քանի որ որոշել էր հոգևորական դառնալ։ Նրա մայրական պապը՝ Տեր Գրիգոր քահանան, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու քահանան էր։ Տղան պապի հետ հաճախ էր մասնակցում պատարագների, լսում էր նրա հոգևոր պատմությունները քրիստոնեության, աղոթքների ուժի, աստվածային հրաշքների մասին։ Երիտասարդ տղան աղոթքներ չէր կարողանում սովորել և հիշում է, թե ինչպես Աստված իրեն աղոթք պարգևեց։

Ուսանողական տարիներից մի հետաքրքիր դրվագ է հիշում Տեր Դանիելը, թե ինչպես որոշեցին Սևանի հոգևոր դպրանոցի ուսանողներով ուխտի դուրս գալ՝ ոտքով Սևանից հասնել մինչև Էջմիածնի Մայր տաճար։

Ինչպես պատմում է Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետը, Բաղումյաններից շատ հոգևորականներ կան։ Նրանք ծառայում են տարբեր երկրներում։ Նրանց մեծ մասը սարկավագներ են և իրենց աշխատաքով մեծապես նպաստում են հայապահպանությանը, երիտասարդներին ներգրավում են եկեղեցական տոնական միջոցառումներին, պատարագներին։

Հոգևորական Բաղումյանները Աստծո օրհնությունը տարածում են ողջ հայության վրա, որ չխլվի նրանցից հանապազօրյա հացը, որ փրկվեն չարից։

Back to top button