ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չարաշահված կալանքը և ատելության խոսքը՝ ԱԺ-ի ուշադրության կենտրոնում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդկանց կեսից ավելին՝ 53 տոկոսը կալանավորներ են։ Այս թիվը տարակուսանքով նշում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վիլեն Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը, համարելով սա բացառիկ՝ այլ երկրների համեմատ․

«Այլ երկրների հետ համեմատենք, շատ հազվագյուտ երկրներ կգտնենք, որ այս տոկոսը կազմում է ինչ-որ մի տեղ։ Ինձ համար շատ հստակ է, որ այնուամենայնիվ, համակարգային առումով ես, որպես մարդ և քաղաքացի, ինչ կուզեի տեսնել դատախազությունից, դեռ մինչև էս պահը չեմ տեսնում»,- ասում է Վիլեն Գաբրիելյանը։

«Անմեղության կանխավարկածով մարդիկ են, որ գտնվում են կալանավայրում ու նրանց թիվն ավելի մեծ է, քան մեղավորության կարգավիճակ ունեցողներինը։ Առանձին դեպքերում դուք կարող եք բացատրել դա, բայց վիճակագրությունը անոմալիայի մասին է խոսում»,- Թագուհի Ղազարյանի կարծիքն է։

Սա այն եզակի դեպքերից է, երբ օրենսդրի տարբեր խմբակցությունների անդամներ կիսում են նույն կարծիքը։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, օրինակ, իրավիճակի համար պատշաճ արդարացում չի գտնում։ «Դատարանները ծանրաբեռնված են» տարածված հակափաստարկի հետ համաձայն չէ․

«Մնում են կալանավորված պատճառաբանությամբ, որ դատարանները ծանրաբեռնված են․ լավ, մարդը դրանում ի՞նչ մեղք ունի, մեզ կալանավորեն, որ ճիշտ աշխատանք չենք անում, ու դատարանները շարունակում են ծանրաբեռնված մնալ»։

Կալանավորված անձանց շուրջ ընդհանուր եզրեր ունեցող այս քննարկումը, սակայն, ԱԺ-ում երկար չտևեց։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հորդորում է կալանքի մասին հարցերն ու դժգոհությունները ուղղել ոչ թե դատախազությանը, այլ դատարաններին․

«Ես չեմ ասում, որ կալանքը խափանման լավագույն միջոցն է, բայց եղել են դեպքեր, երբ անձի նկատմամբ, որը առերևույթ հանցագործություն էր կատարել, չի կիրառվել կալանք, որովհետև հիմքերը բացակայել են, տվյալ անձը հայտնվել է մեկ այլ միջավայրում և դարձել է հանցագործության զոհ՝ մինչ այդ կատարելով հանցագործություն, մասնավորապես, ծեծի ենթարկելով և դանակահարելով այս կամ այն սուբյեկտներին։ Այնպես որ, լավ կլինի մեկ-մեկ կալանքի հետ կապված հարցերը ուղղել, օրինակ՝ վճռաբեկ դատարանին»։

Եվ այնուամենայնիվ, մերոնք շատ են հանցանք գործում․ սա էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կարծիքն է։ Ասում է՝ խնդիրները հին են ու շատ, դրանք լուծելու իրենց ժամանակը՝ կարճ։ Միևնույն ժամանակ հույս է հայտնում, որ դատախազությունից շուտով «լավ լուրեր» կստանան․

«Հաշվի առնելով մի շարք իրավիճակներ, որոնց միջով մենք անցել ենք, չենք հաջողացրել դեռևս լիարժեք ինստիտուցիոնալ փոփոխություններ բերել մեր երկրում։ Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ ա, շատ-շատ ա, որոնք պետք է իրենց արժանի պատիժը ստանան, որոնք 30-ից ավել տարի կեղեքել են մեր ժողոբվրդին ու էդ գործերի հետ կապված ես հույս ունեմ, որ դատախազությունը մեզ լավ լուրեր կհայտնի առաջիկայում ապօրինի գույքի հետ կապված և այլնի, և այլնի հետ կապված»։

Ի վերջո, կալանավորվածնները շա՞տ են, թե՞ պատկերն օրինաչափ է․ սրանք դատախազի զեկույցի քննարկելի հարցե՞ր են, թե՞ այլ հասցեատեր ունեն․ այս հարցերին պատգամավորները միաձայն ընդունելի պատասխան չեն ստանում։ Բայց նրանցից մեկը՝ Արուսյակ Ջուլհակյանը, հարկ է համարում թվերով խոսել․

«Ամեն ինչ այնքան սև չէ, որքան փորձ է արվում ներկայացնել, և ես դա ապացուցելու համար որոշ վիճակագրական տվյալներ այստեղ կներկայացնեմ, մեջբերելով Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրությանն առնչվող զեկույցները։ Ըստ վերջին զեկույցի՝ Հայաստանում այլ երկրների համամետ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում 11 տոկոսի չափով, 18 թվականին Հայաստանից ՔՀԿ-ներում պահվել է 3536, 19-ին՝ 2266, 20-ին՝ 2221, 2021-ին՝ 1976 անձ։ 11 թվականի համեմատությամբ Հայաստանը արձանագրել է բանտային բնակչության թվի 52 տոկոսի կրճատում, որը համեմատական աղյուսակում 3-րդ լավագույն արդյունքն է»։

Հաջորդիվ, սակայն, Արուսյակ Ջուլհակյանը հավելում է՝ Հայաստանը, ըստ նույն զեկույցի, առանց դատավճռի կալանավայրերում պահվող մարդկանց թվով մի շարք այլ երկրների հետ կիսում է առաջին հորիզոնականը, ինչը, ամեն դեպքում, մտահոգիչ է համարում։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եզրափակիչ ելույթում կալանավորման թեմային րանդրադարձավ։ Գլխավոր հորդորը վերաբերում էր ատելության խոսքի նվազեցմանը։ Դատախազի զեկույցն ընդունվեց ի գիտություն։

Back to top button