Վերնատուն

Ինգմար Բերգմանի «Պերսոնան»՝ մեր ներսից «անհատներ դուրս բերելու» մասին․ «Վերնատուն»

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում տեղի է ունենալու շվեդ հայտնի ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Պերսոնա» հոգեբանական դրամայի բեմադրության պրեմիերան:

Բեմադրության հեղինակ Վարդան Արզումանյանն ասում է, որ Բերգմանի ֆիլմը դիտելու ընթացքում մտքում արդեն այն հայկականացնում էր, թարգմանում:

Գլխավոր դերակատար Անի Խաչիկյանն այս ներկայացումն համարում է իր առաջնախաղը, քանի որ առանձնանում է թատրոնում նախկինում նրա արած այլ աշխատանքներից:

Ի՞նչ է ուզել ասել Բերգմանը։ Ասում են՝ այնքան էլ հեշտ չէր հասկանալ. մի քանի ամիս շարունակ դիտել են կինոռեժիսորի ֆիլմերը, ուսումնասիրել կենսագրությունը:

Վարդան Այվազյանն ասում է, որ Բերգմանն իր կենսագրության մեջ խոսում է «Պերսոնայի» մասին. նա ասում է՝ ֆիլմը գոյություն չունեցող իրականության լրացումն է, մյուս տեսանկյունից՝ իր մեկնաբանմամբ մենք երբեմն մտնում ենք որոշակի դերերի մեջ, և միայն դերերից հրաժարվելու պատճառ է դառնում մեր լռությունը:

Ըստ Բերգմանի՝ երբ թափանցում ես լռության մեջ, տեսնում ես, որ դա նույնպես դեր է և որ այդ դերն էլ մի օր կավարտվի: Այստեղ խոսքը մարդու և անհատի մասին է, նկարագրվում է մարդու ողբերգությունը: Այս թեման արդիական է միշտ և բոլոր ժամանակներում:

«Այս ներկայացումը հեշտ ըմբռնելու չէ և այն գործերից է, որ ամենայն հավանականությամբ հանդիսատեսը դահլիճից դուրս կգա հարցերով, բայց մենք ամեն ինչ արել ենք, որ հասկանալի լինի մարդու, անհատի դրաման: Կարծում եմ մեր հասարակությունը հենց այս պահին գտնվում է մի փուլում, որ կարիք ունի իր ներսից անհատներ դուրս բերելու: Ներկայացումը մեր բոլորի նվիրումն է հեղինակին, նրա հանրահռչակմանը»,- ասում է Անի Խաչիկյանը:

«Պերսոնա» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մարտի 22-ին և 23-ին, ժամը՝ 19։30-ին, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Back to top button