ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սահմանագծման քննարկումներ Կիրանցում, վարչապետի թեկնածուի քննարկումներ՝ Երևանում

Սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են, նրանք պատրաստվում են ծառայության։ Այսօր Կիրանց է այցելել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նա հանդիպել է գյուղի բնակիչների հետ, լսել նրանց ու պարզաբանումներ ներկայացրել։ Ամեն ինչ արվելու է իրավիճակը կառավարելի դարձնելու համար՝ վստահեցրել է նախարարը։

Երևանում էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը շարունակել է իր հանդիպումները։ Նա այսօր հանդիպել է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և մտավորականների հետ։

Որտե՞ղ են տեղակայվելու հայ և ադրբեջանցի սահմանապահները, որտեղո՞վ է անցնելու ճանապարհը, ինչպե՞ս է լուծվելու վիճահարույց  տների հարցը, ինչպե՞ս են երեխաները դպրոց գնալու․ այս և այլ հարցեր Կիրանցի բնակիչները ուղղել են կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ Ամեն ինչ արվելու է իրավիճակը կառավարելի դարձնելու համար՝ վստահեցրել է Գնել Սանոսյանը։

-Սահմանագիծը ո՞նց է լինելու, ծառի մոտո՞վ է անցնելու։

 -Ես այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև կարողա երկու կողմը պայմանավորվեն ու այդքան մոտիկ չկանգնեն։ Հնարավոր ամեն ինչ կարվի։ Հիմա բոլոր հարցերի պատասխանները չի որ կան, բայց միասին քննարկում ենք, հնարավոր ամեն ինչ կարվի։

-Մինչև գծերը չորոշենք, թե մենք որտեղ ենք կանգնելու, իրենք որտեղ,   էդ ճանապարհի գծելը անիմաստ է։

-Մենք ճանապարհի նախնական նախագիծը ունենք, կարող ենք գանք գտնենք, հետո դրանից հետո քննարկենք։

 -Կոնկրետ որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը, սահմանը ընկնելու է մեր սահմանապահի թիկունքում չէ՞։ Եթե դա որոշված չէ, անտեղի ենք խոսում, մինչև սահմանագիծը չորոշվի ճանապարհի տեղը ո՞նց կգծվի»։

Գյուղացիները նախարարի հետ մտան տներից մեկը հասկանալու համար, թե որքան մոտ է այն լինելու սահմանագծին։ Կիրանցեցինը Գնել Սանոսյանի հետ փորձում էին հասկանալ՝ հնարավո՞ր է լինելու բնակվել այդ տանը սահանազատումից հետո։

«Կորոշեն 5 մետր, 5 մետր կլինի, ոնց կորոշեն, մեր սահմանապահները ձեր անվտանգությունը կապահովեն։ Տեղին են ձեր մտահոգությունները մենք էլ նման մտահոգություններ ունենք, բայց մտահոգություններից զատ մենք պետք է իրավիճակը կառավարենք։ Իսկ իրավիճակը կառավարվում է  մի շարք լուծումներով, դրանցից մեկն էլ սահմանապահների կանգնելն է լինելու։ Մյուս կետն էլ ենթակառուցվածքներ, հենապատեր կառուցելն է։ Երկրների միջև սահմանները գծվում են իրավաբանորեն հաստատված քարտեզներով»։

Մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են չորս գյուղերի սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Վարչապետի աշխատակազմը,  մանրամասներ մանրամասնելով, ընդունված փաստաթուղթը հստակեցրել էր, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Իսկ որպես Կիրանցի համար նպաստավոր լուր նշել էր, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել, կվերադարձվեն գյուղին:

Կառավարությունից չէին ժխտել նաև, որ  ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում:

Մինչ Կիրնացի բնակիչները սպասում են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխաններին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը Երևանում շարունակում է իր հանդիպումները։

Նա այսօր հանդիպել է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։  Հանդիպմանը մասնակցել են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետական» , ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։

Քննարկումն ընթացել է  փակ դռների հետևում, որից հետո Բագրատ Սրբազանը, արձագանքելով լրագրողների նկատառմանը, որ քաղաքական ուժերը ընդդիմադիր շարժման վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են հենց Բագրատ Սրբազանին նշել է՝

«Որոշում որպես այդպիսին չկա, իրենք ցանկություն են հայտնել ։ Համախոհություն են արտահայտել շարժման գաղափարներին նաև ապագայի պատկերացումներին, նաև համագործակցության դաշտ գոյացնելուն։ Մեր քաղաքական կուսակցությունները իրենց մտածումները, ցանկություններն են արտահայտել, դա որոշում չէ։ Նախ ես պետք է Վեհափառ  Հայրապետի հետ խոսեմ, հասկանալու համար ի վերջո մենք այդպես ենք գնալու թե այլ ճանապարհով»։

Վեհափառի Հայրապետի հետ Բագրատ Սրբազանի համդիպումը նախատեսվում է մյուս շաբաթավերջին։

Տավուշի թեմի առաջանորդն ասել է, որ շարժումը հաջորդ հանրահավաքը նախատեսում է մայիսի 26-ին, իսկ 27-ին կմեկնարկեն կոնկրետ նախաձեռնությունները:

Back to top button