
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Արմավիրի մարզի Վաղարշապատի պատմաազգագրական թանգարանը նոր ցուցանմուշներ է ներկայացնում այցելուներին, որոնք հայտնաբերվել են 2021-2022թթ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի տարածքի դամբարանադաշտից: Այն թվագրվում է վաղ բրենզե դարին, ունի շուրջ 5000 տարվա պատմություն: Այսօր թանգարանի դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր, կկազմակերպվեն վարպետության դասեր ու թանգարանային վիկտորինաներ:
Վաղ բրոնզեդարյան նոր գտածոները Վաղարշապատի պատմաազգագրական թանգարանում ցուցադրվում են առաջին անգամ և այսուհետ համալրելու է հնագիտական հավաքածուն: Արմավիրի մարզի Շահումյան գյուղի դամբարանադաշտը հայտնաբերվել է 2021թ.-ին, հողային աշխատանքների ընթացքում: Պատղատու այգու հիմնումը բացահատել է մի դարաշրջանի պատմություն, որն արդեն մի քանի տարի հնագետների ուսումնասիրության առարական է: Թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյան.
«Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պատահական հայտնաբերվել են դամբարանները: Երբ բացվել է տուֆի քարային շերտը, Մուշեղ Հարությունյանը, որին պատկանում է հողային տարածքը, անմիջապես հայտնում է հնագիտության ինստիտուտ և հնագիտական արշավախումբը գալիս ու սկսում են պեղումները»:
Ռուբեն Բադալյանի ղեկավարած արշավախմբի պեղումներից պարզվել է, որ դամբարանը ներկայացնում է վաղ բրոնզե դարի «Կուր-արաքսյան» մշակույթը, որը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին քառորդին: Արդեն պեղել են երկու դամբարանները, շուտով կսկսեն 3-րդինը: Հնագիտական համալիրը, Անժելա Թադևոսյանի խոսքով, անհգնահատելի գանձ է, որը հարուստ է նյութերի քանակով ու բազմազանությամբ:
«Ցնցող դամբարան է, որը պատկանում է վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանին, մ.թ.ա. 29-27-րդ դարեր, մոտավորապես 4900-5000 տարեկան: Հսկայական նյութեր կան, մեկ դամբարանի մեջ հայտնաբերվել են 30-ից ավելի խեցի, խեցանոթներ, ուլունքներ, մետաղ: Մետաղը դեռ մշակվում ու վերականգնվում է»:
Խեցանոթները հիմնականում պատկերված են ցլի ու խոյի տեսքով, որոնք համարվել են սրբազան կենդանիներ: Նոր ցուցադրությունը կրում է «Բացահայտելով անդրշիրիմյան գաղտնիքը» խորագիրը: Այստեղ տեղ են գտել նաև Արարատյան դաշտավայրի տարբեր դամբարանադաշտերից պեղված նմուշներ: Թանգարանի մշտական ցուցասրահներում ներկայացված են հին Վաղարշապատի կենցաղը, հնադարյան մարդու կեցավայրը և հնագիտական այլ ցուցանմուշներ: Անժելա Թադևոսյանն ասում է՝ թանգարանային ֆոնդը հիմնականում համալրվում է նվիրատվությունների շնորհիվ: Հիմա շուրջ 4000 ցուցանմուշ է պահվում ֆոնդում:
«Սա պղնձե-քարեդարյան ժամանակաշրջանի մարդու կացարան է, որտեղ մարդն ապրել է. գետնափոր, կլոր տրամագծով կացարանում: Սա շենգավթյան տիպն է: Գրեթե միայն մեր թանգարանում կտեսնեք այս մոդելը: Գետնափոր է եղել, որպեսզի տաք լինի ու թշնամիներից ապահով: Ներսում նստարան է, աշխատանքային գործիքներ՝ քարից, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներից: Զբաղվել են կավագործությամբ, հողագործությամբ»:
Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում Վաղարշապատի պատմաազգագրական թանգարանում կազմակերպվելու են վարպետության դասեր, կցուցադրվի տպագրության տեխնիկան և կանցկացվի թանգարանային վիկտորինա, որի հաղթողը կստանա Մուշի ու Վասպուրականի ճաշատեսակների բաղադրատոմսեր:
«Մենք այցելուին սովորեցնելու ենք սեպագիր գրել: Ես ցույց եմ տալու ,և իրենց անունը գրելու են սեպագրով: Անելու ենք նաև վարպետաց դաս՝ տպագրության հետքերով: Արդեն տառատեսակն ունենք և ցույց ենք տալու տպագրության ընթացքը: Կրթական ծրագիր ունենք, թե ինչպես է վերակագնվում կավանոթը»:
Թանգարանի տպագրության մեքենան 1894թ.-ին Անգլիայի Վիկտորյա թագուհու նվերն է Խրիմյան հայրիկին, որը հետագայում Մայր տաճարից տեղափոխվել է տպագրատուն, իսկ 1982 թ.-ին իր մշտական տեղը գտել թանգարանում: Արճճե տառատեսակները չեն պահպանվել, տպագրության ընթացքը ցուցադրվում է կնիքների ու գունավոր նյութերի միջոցով:















