ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անձրևից խեղդված մայրաքաղաք․ ո՞վ է մեղավոր ջրատակ եղած փողոցների ու վնասված տների համար

Երևանի քաղաքապետարանը հնարավոր է առաջիկայում վերանայի «Վեոլիա ջուր» ընկերության և համայնքի միջև կնքած պայմանագիրը։ Քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքում առաջացած իրավիճակին։

Մայիսի 3-ից մինչ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը մի քանի հազար ահազանգ է ստացել․ ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ ավելի քան 300 դեպք է գրանցվել։ Միայն Էրեբունի վարչական շրջանում Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով առաջացած վարարումից ավելի քան 2 տասնյակ բնակելի տուն է վնասվել։

Քաղաքապետարանում արձանագրում են՝ Երևանում որոշ հատվածներ առհասարակ հեղեղատարեր չունեն, կամ դրանցում կուտակված աղբն ու տիղմը նվազեցնում է թողունակությունը։ Առաջիկայում քաղաքապետարանը նոր հեղեղատարերի կառուցման ծրագիր կմշակի, մինչ այդ սակայն վնասված տների բնակիչները չգիտեն՝ անձևի բերած վնասը որևէ կերպ կփոխհատուցվի՞, թե՞ ոչ։

Սոֆյա Շիրինյանը իրենց տանն արված տեսանյութը հենց դեպքի օրն է սոցցանցի իր էջում հրապարակել: Արդեն մի քանի հարյուր հազար մարդ է դիտել, թե ինչպես է հորդառատ անձրևից հետո բնական աղետը Սոֆյայենց առանձնատուն գալիս:

Շիրինյանների տունը Էրեբունի վարչական շրջանում է՝ Դավիթ Բեկ փողոցի վրա։ Ողջաբերդ գետի հենապատի փլուզումից հետո հենց իրենց առանձնատունն է հայտնվել վարարած գետի ալիքների տակ։

«Ջուրն այնքան էր կուտակվել, մոտ 1.5 մետրից ավելի ջուր կար մեր պարսպի տակ, հետո արդեն պարիսպն էլ չդիմացավ, փլուզվեց է ու ամբողջ ջուրը եկավ խփեց տան դռներին ու պատուհաններին, լցվեց ներս ու տան մեջով հորդառատ գետ էր հոսում»,- պատմում է Սոֆյան։

Մի քանի ժամ փորձել են հարազատների, բարեկամների օգնությամբ ցեխաջուրը հեռացնել տնից ու բակից։ Շիրինյանների տան պատերը դեռ թաց են, բակը՝ ցեխաջրերի ու վնասված պարսպի ավերակների տակ:

«Ամբողջ գիշեր չենք կարողացել նաև «Վեոլիա ջրի» հետ կապ հաստատել։ Հարևաններն էին կարողացել մի կերպ կապվել աշխատակիցների հետ․ մեքենայով տեխնիկայով եկել էին, բակից փորձում էին ջուրը հեռացնել, կանչեցինք, խնդրեցինք ու մեր այգու ջուրն էլ որոշակի քանակով կարողացանք հեռացնել»,– պատմում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Առատ տեղումների հենց առաջին օրը՝ մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը, փլուզվել է Էրեբունի վարչական շրջանում Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով գետը դուրս է եկել հունից ու լցվել բնակելի տների բակեր, փողոցներ։ Փլուզված հենապատի հարևանությամբ մի քանի տարի շինարարություն է ընթանում, կառուցապատողը հասարակական նշանակության շինություն է կառուցում։ Ենթադրաբար հենց շինարարական աշխատանքների հետևանքով է վնասվել հորդառատ անձրևից հետո ամբողջովին փլուզված ջրատարը։ 

Ի՞նչ է եղել, ինչո՞ւ է փլուզվել հենապատն ու ո՞վ է մեղավոր՝ առաջիկայում կպարզի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը, մի բան հստակ է՝ նախկինում ևս կառուցապատողը հենապատը վնասելու առնչությամբ նախազգուշացում է ստացել։

«Նախկինում շինարարին արդեն իսկ նախազգուշացրել ենք, որ հենապատին մոտ աշխատանքներ չիրականացնի և, որ այդ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելը, կարող է նման խնդիրների բերել»,– մանրամասնում է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Փլուզված հենապատը ու ջրալցված բնակելի տները հորդառատ անձրևի բերած միակ հետևանքները չեն։ Տեղումներից հետո ընդամենը մի քանի ժամում Երևանի փողոցները՝ գետերի, թունելները՝ լճերի, մայթերը առուների վերածվեցին: Համացանցում տարածվում էին անանցանելի դարձած ճանապարհների, բակերի, ջրատակ եղած ավտոմեքենաների լուսանկարներ ու տեսանյութեր:

Այսօր արդեն քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն արձանագրում է՝ մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերը հեռացնող ենթակառուցվածքներ առհասարակ չկան։

«Որոշակի հատվածներում կուտակումների պատճառը հեղեհատար համակարգի ի սպառ բացակայությունն է, ինչպես օրինակ՝ Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածում, իսկ մնացած հատվածներում ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և թողունակությունը չբավարարելու և իհարկե մաքրման աշխատանքների հետ»,– ասում է Արեյանը:

Քաղաքապետարանում վրդովված պնդում են՝ ոչ բոլոր մեղադրանքների, հարցերի ու դժգոհությունների հասցեատերն են իրենք, սլաքներն ուղղում են դեպի «Վեոլիա ջուր» ընկերություն։ Քաղաքապետի խորհրդականւը պայմանագիրն է մեջբերում, ընդգծում՝ մակերևութային ջրերի հեռացման աշխատանքները պետք է «Վեոլիա ջուրն» իրականացնի: Վերջինին խնդրել են նաև վերանայել աշխատակիցների, բանվորների քանակն ու ավելի խստացնել սպասարկումը: Քաղաքապետին, սակայն, սա չի բավարարում, Ավինյանը չի բացառում, որ կվերանայվի «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը:

«Արդեն այսպես հնարավոր չէ․ շատ նորմալ, բնական դժգոհություն կա մարդկանց շրջանում, թե ինչու այս կամ այն հարցը չի լուծվում: Ոչ մեկին հետաքրքիր չէ, թե 10 տարի առաջ ինչ պայմանագիր է կնքվել. եկեք փոխենք այդ պայմանագիրը ու դա անենք արագ, որովհետև այլևս սպասել հնարավոր չէ»:

Մինչ այդ քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն իսկ մաքրվում են հեղեղատար համակարգերը։ Քաղաքային իշխանությունը նաև նոր հեղեղատարների կառուցում կձեռնարկի։ Իսկ մայրաքաղաքում հորդառատ տեղումները կշարունակվեն մինչև մայիսի 9-ը։

Back to top button