Գերդաստաններ

Սասունի կարոտով ապրող բանաստեղծը. Սիրունյաններ. «Գերդաստաններ» 

Նա սիրված բանաստեղծ էր, հայտնի գրող, չափածո և արձակ բազմաթիվ գրքերի հեղինակ, իսկ որդին բանասիրական գիտությունների թեկնածու է, դուստրը` բանաստեղծուհի և լրագրող։

Արագած լեռան հարավային լանջերին փռված Ուջան գյուղի բնակիչների մեծ մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից։ Նրանցից են Սիրունյանները, որոնք Սասունի Մարութա սարի մոտ գտնվող Ծման գյուղից էին և փայտագործներ էին։ Ասում են, որ նրանց սարքած օրորոցները մինչ օրս օրորվում են Սասունի քրդական ընտանիքներում։ Ուջանում հաստատվելով՝ Սիրունյանները շարունակում են իրենց արհեստը, բայց սրան զուգահեռ նրանք հետաքրքրված էին նաև գրով ու գրականությամբ։

Բանաստեղծ, գրող Ղուկաս Սիրունյանը կրում էր իր հոր պապի կրտսեր եղբոր  անունը, որը Սասունում հայտնի օրորոցագործ էր, նրա կերտած նախշերը  յուրօրինակ էին, քանի որ դրանք որոնում, գտնում և ստեղծում էր ինքը` ասում է Տիգրան Սիրունյանը։

Ղուկաս Սիրունյանի հայրը՝ Տիգրանը, բնության մարդ էր, իսկ մայրը՝ Մարիամը, ապշեցուցիչ հեքիաթասաց էր։ Ղուկասի բանաստեղծությունները հյուսվեցին այդ հրաշքներից ու նաև իրենց անցյալի այն խորհրդավոր իրականությունից, որից  երբեմն-երբեմն պատառիկներ էր պատմում Մարիամը։ Հետո այս ամենի շաղախին Ղուկասը խառնում էր իր օրերի հուզիչ գույները և ստեղծվում անկրկնելի օրերի խրոնիկա։

Ղուկասի սերն իր զավակների նկատմամբ արտահայտվում էր նրանց ուսման նկատմամբ անհագ ուշադրությամբ։ Նա նրանց դաստիարակում էր միայն օրինակներով, խրախուսանքի էր արժանացնում, երբ դրա կարիքը կար։

Տիգրանը բանասիրական գիտությունների թեկնածու է, Մատենադարանի ավագ գիտաշխատող է և հանրապետության լավագույն թարգմանիչներից է։ Բոլորովին վերջերս նրա թարգմանությամբ լույս տեսավ «Հուլիոս Կեսար նոթեր» գիրքը, որտեղ հանրությունը կծանոթանա Կեսարի կյանքին և նվաճումներին։ Գրքի առաջին էջի վերնամասում գրված է «Նվիրում եմ հորս՝ Ղուկաս Սիրունյանի հիշատակին, որի խրախուսանքին եմ պարտական այս թարգմանությունն ստանձնելու համար»։ Հակոբ Մովսեսը թարգմանության մասին իր գնահատականն ունի։

Ղուկաս Սիրունյանի դուստրը՝ Շողերը, բանաստեղծուհի է, մի քանի գրքերի հեղինակ։ Հայաստանի գրողների միության անդամ է։ Բանաստեղծությունները հուզիչ են, այստեղ տխուր հուշերը, ասես, դառնում են զգուշության հարթակ՝ ոչ այնքան բարի իրականության մեջ։

Բանաստեղծը սրտում մինչև վերջ փայփայում էր Սասուն աշխարհի կարոտը, որը փոխանցվել էր պապից ու տատից և միացել գենետիկ հիշողությանը։ Բանաստեղծը կնոջ՝ Անահիտի հետ այցի գնաց նախնիների երկիրը ու մի քանի բուռ հող բերելով այնտեղից շաղ տվեց իր ծննդավայր Ուջանում գտնվող հայրական տան այգում և հենց այստեղ էլ տնկեց Մարութա սարի փեշից բերած փոքրիկ ընկուզենին:

Back to top button