ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վանաձորի «Էվրիկան» նոր շենք կունենա, իսկ ավագ դպրոցները կմիավորվեն․ ինչո՞ւ են դժգոհում ծնողներն ու ուսուցիչները

Կառավարության որոշմամբ կմիավորվեն Վանաձորի թիվ 10 և 13 ավագ դպրոցները: Թիվ 10 դպրոցի շենքը կտրամադրվի մաթեմամատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցին: Ապրիլի 15-ից ուժի մեջ մտած որոշումը դժգոհություններ է առաջացրել Վանաձորի 10 ավագ դպրոցում։ ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում են, որ այս քայլով միանգամից 2 խնդիր է լուծվում՝ խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը վերջապես կունենա բարվոք շենքային պայմաններ, ավագ դպրոցներն էլ՝ ամբողջական ծանրաբեռնվածություն:

Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում դժգոհ են ապրիլի 15-ից ուժի մեջ մտած կառավարության որոշումից, որով իրենց դպրոցը միավորվում է թիվ 13 ավագ դպրոցին: Տնօրինությունը, ուսուցիչներն ու ծնողները տարակուսած են՝ ինչպե՞ս է ստացվել, որ շենք ու համապատասխան կահավորում ունեցող իրենց դպրոցի աշակերտները պիտի հաճախեն շենք չունեցող դպրոց: Դպրոցներն իրարից հեռու են 1 կմ, արդյո՞ք աշակերտներին հարմար է ավելի հեռու դպրոց հաճախել՝ հարցնում են ուսուցիչները: Շուրջ 133 աշակերտ ունեն, դպրոցը 200-ի համար է նախատեսված: Ինչո՞ւ է կառավարությունը որոշել, որ հենց իրենք պիտի միանանք 13-ին և ոչ հակառակը: Բոլորը մտահոգ են, բայց խուսափում են բարձրաձայնել: Ուսուցիչներից մեկը, անունը չհրապարակելու պայմանով ասաց՝ դեռ 2023-ից տեղյակ են եղել միավորման մասին, բազմաթիվ նամակներ են գրել վարչապետին ու կրթության նախարարին,սակայն բավարարող պատասխան չեն ստացել: Փորձել են նաև դպրոցի մոտ խաղաղ բողոքի ակցիա անցկացնել, պարեկային ծառայությունը կանխել է: Եղել են նաև Լոռու մարզպետի մոտ:

«Ասեց, սպասեք, կառավարության նիստում նախարարի մակարադակով զրուցեմ, տեսնեմ եթե վերջնական է որոշումը, նոր դուք ձեր գործողություններին ընթացք տվեք»:

Օրերս թիվ 10 դպրոցի աշխատակիցները հանդիպել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, բայց հստակ պատասխան դեռ չունեն:

Մինչև 400 աշակերտի համար նախատեսված Վանաձորի թիվ 13 դպրոցի շենքը շահագործման կհանձնվի մինչև 2026 թվականը: Իրականացնողը՝ ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոնն է: Շուրջ 2 մլրդ. դրամ արժողությամբ շինարարության 80 % -ը Համաշխարհային բանկն է ֆինանսավորել, 20% -ը՝պետբյուջեն: Վանաձորի թիվ 13 դպրոցի 148 աշակերտներ ներկայում սովորում են Ճարտարագիտական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում։Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էվելինա Գալստյանի խոսքով՝ նախարարությունից հավաստել են, որ ուսուցչական կազմի կրճատումներ չեն լինի:

«Հիմնանորոգվում է ու շատ լավ: Ժամանակակից չափանիշներին համապատասխանող, ապահով դպրոց կլինի: 9 սենյակ է տրամադրվել: Մեզ նախարարությունն ասեց, որ ինչքան հնարավոր է, բոլոր ուսուցիչները կապահովվեն ժամերով»:

20 տարի է խոստումներ էինք լսում, որոնք հերթով մոռացվում էին, վերջապես շենք կունենանք՝ Վանաձորի «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանն է ասում: 2023-ից դպրոցը «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեջ է, բայց երեխաները դեռ տնակներում են դաս անում:

«Դոմիկային պայմաններում ենք դաս արել, 21-րդ դարի դոմիկներում: Խայտառակ վիճակ է: 23 տարի աշխատել ենք ու տվել արդյունքներ: Լաբորատոր սարքերից դասարանում դնելու տեղ չկա, մի տեղ կուտակված է, տանում են դասարարանում ցույց տալիս, էլի տեղը դնում, որովհետև առանձին լաբորատորիա չկար, այն էլ նման դպրոցում, որտեղ քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից և կենսաբանությունից խորացված ուսուցում է իրականացվում»:

«Էվրիկան» միշտ հաղթողներ է ունեցել միջազգային օլիմպիադաներում՝ տնօրենն է ասում: Դպրոցի աշակերտները բրոնզե ու արծաթե մեդալներով օրերս են վերադարձել Չինաստանից: 243 աշակերտ ունեն, նոր շենք տեղափոխվեն՝ 5-րդ դասարանից ընդունելություն կանեն, մինչև 400 աշակերտ կունենան:

 Ծնողների ու ուսուցիչների դժգոհության պատճառը հավանաբար որոշումն է, որ ընդունվել է տարեվերջին, բայց ուժի մեջ է մտել 1 ամիս առաջ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: 2023-ի հոկտեմբերի 26-ի որոշմամբ միավորվում են Վանաձորի թիվ 10 և 13 ավագ դպրոցները, իսկ թիվ 10 դպրոցի շենքը տրամադրվում է Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցին: Թաղամասում 2 թերբեռնված ավագ դպրոցներ կան, ասում է հանրակրթության վարչության պետը: Այս քայլով միանգամից 2 խնդիր է լուծվում՝ ավագ դպրոցները լրիվ ծանրաբեռնվածությամբ կաշխատեն, «Էվրիկա» դպրոցն էլ շենք կունենա:

«Դպրոցների հեռավորությունը 1 կմ-ի չափ է: էդ հեռավորության վրա 2 թերբեռնված ավագ դպրոց ունենալը նպատակահարմար չէ նաև այն տեսակետից, որ 2 դպրոցների միջև 3 հիմնական դպրոցներ կան՝ թիվ 15, 23 և 25: Տարեկան էս 3 դպրոցներից սովորողների թիվը մոտավորապես 90- 100 է, այսինքն, լավագույն հեռանկարում պլանավորում ենք ունենալ 1 լրիվ ծանրաբեռնված ավագ դպրոց»:

2021-ին ընդունած որոշմամբ՝ մինչև 2026 թվականը կառավարությունը նախատեսել է հիմնանորոգել կամ վերակառուցել 300 դպրոց: Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ 2024-ին Լոռու մարզում նախատեսված են կրթահամալիրների ու դպրոցների կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, մարզադահլիճների կառուցում և ուսումնական մասնաշենքերի նորոգում: Դպրոցաշինության ծրագրով Վանաձորում կկառուցվեն թիվ 6, 19, 15 հիմնական դպրոցները: Մարզի տարբեր համայնքներում նախատեսված է կառուցել 10-ից ավելի նոր կրթահամալիրներ: Ըստ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի՝ դեռ քննարկման փուլում է Վանաձորի թիվ 6 դպրոցի հարցը: Ամենայն հավանականությամբ նորը կառուցելու փոխարեն դպրոցը կհիմնանորոգվի:

Back to top button