

Սահմանագծային աշխատանքները հաճախ տարիներ, տասնամյակներ են տևում։ Խորհրդային Միությունը հանրապետությունների միջև եղած տարածքային խնդիրները փորձում էր կարգավորել ոչ թե հանրաքվեների, այլ ներկայացուցչական լիազորություններով ընտրված անձանց միջոցով, և այս առումով կարելի հիշատակել Վլադիմիր Մովսիսյանին։
Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, լռելյայն հակամարտությունը փոխարինվեց զինված հակամարտության։
1992-1993 թվականներից սահմանային շերտն ուղղակի մաքրվեց, իսկ 44-օրյա պատերազմից հետո հին խնդիրները նոր կերպ են արտահայտվում։ Առաջիկայում գուցե կլինեն սահմանագծային աշխատանքներ։
Անդրադառնալով քարտեզների՝ այսօր կիրառական նշանակություն ունենալու խնդրին և հետևելով Ռուսաստանի Դաշնության նախագահի վերջին ելույթներից մեկին, որտեղ նա նշում է, թե քանի որ Մոսկվայում են պահվում 1920-ականներին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների փոփոխությանը վերաբերող քարտեզները, այդ պատճառով էլ իրենց դիրքորոշումը, մասնակցությունը շատ առանցքային է լինելու տարվող բանակցությունների ժամանակ, տպավորություն կա, որ հաշվի կառնվի 1920-ականների և, ոչ միայն, փաստական ու իրավական վիճակը։
Հարց է առաջանում, թե կոնկրետ ո՞ր ժամանակահատվածի, որովհետև 1920-ականներին մի քանի տեղային հանձնաժողովներ են աշխատել, տարբեր որոշումներ են իրականացվել։
Դրանցից ամենաողբերգականը հայության համար 1929 թվականի փետրվարի 18-ի որոշումն էր, որով Ադրբեջանին վերջնականապես փոխանցվեցին ռազմավարական բազմաթիվ կետեր՝ Ալ լճերի շրջանը, Կապանի ժամանակակից օդանավակայանի հարակից տարածքները և այլն։
Մինչև 1926-1927 թվականներն ունենք նաև քարտեզներով ֆիքսված փաստական վիճակ, որով Խորհրդային Հայաստանի համար առավել նպաստավոր սահմանագծումներ կան։ Սա կախված է երեք կողմերի մոտեցումներից, թեև կա մեկ հանգամանք ևս։
Մենք չենք կարող վերցնել և այսօրվա համար օգտագործել խորհրդային ժամանակի իրականությունը։ Պետք է հաշվի առնել այն, որ տարածքային խնդիրներն առկախ թողնելով, միշտ չէ, որ դա քո օգտին կարող է ծառայել։
Թեմային է անդրադառնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։ «Հայաստանն ինչպե՞ս բաժանվեց 1920-ական թվականներին»՝ մաս 3-րդ։