ԿարևորՀասարակություն

«Ապագան տեսնելու համար պետք է առաջին հերթին դասեր քաղենք անցյալից»․ Արսեն Ղազարյան

Հայկ Դեմոյանի «Հայ գործարարության պատկերազարդ պատմություն» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 4-ին, Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում, որում ներկայացված է Հայ գործարար կյանքի հարուստ անցյալը։

Գրքում գերակշիռ մասով ներկայացված են հայ գործարարների բացառիկ ներդրումն ու հարուստ ժառանգությունը հաստատող վկայություններ, պատմություններ, նյութական արժեքներ, նմուշներ, որոնք մեծամասամբ հեղինակի անձնական հավաքածուից են։

Առանձին բաժիններով անդրադարձ է կատարվել հայ վաճառականությանը, ծխախոտի և հրուշակեղենի արտադրությամբ, հագուստեղենի ու գորգերի վաճառքով, նավթաարդյունաբերությամբ, բանկային գործով  զբաղված ձեռներեցներին, հայկական ծագմամբ հայտնի բրենդներին, իջևանատներին, հյուրանոցներին։

Գիրքը հրատարակվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հովանավորությամբ։

ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ ոգևորիչ է եղել, երբ հեղինակը ներկայացրել է հայ գործարարության պատմությունը հավաքագրելու, տարբեր թանգարաններում, պահոցներում առկա նմուշները հանրության սեփականությունը դարձնելու գաղափարը։ «Այսօր մենք ազգային ինքնության փնտրտուքների մեջ ենք, և թվում է, թե կորցրել ենք մեր ծագումը, ընթացքը, իսկ ապագան անորոշ ենք տեսնում։ Մինչդեռ ապագան տեսնելու համար պետք է առաջին հերթին դասեր քաղենք անցյալից։ Այս գիրքը նման մի փոքրիկ միջոց է, կաթիլ՝ մեր ազգային ինքնությունն ինքներս հասկանալու և աշխարհին ցույց տալու համար։ Ի դեմս այս գրքի, հանրությունը ստանում է մի հանրագիտարան հայ ժողովրդի գործարար տեսակի վերաբերյալ»,– նշել է Արսեն Ղազարյանը։

Նրա գնահատմամբ՝ պատմության ընթացքում հայ վաճառականների և գործարարների թողած հետքն այնքան տեսանելի է, որ այն իրավամբ կարելի է համարել համաշխարհային պատմության մեջ արձանագրված բացառիկ մի դրվագ։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կհրատարակվեն համանման այլ գրքեր ևս, այդ թվում՝ անկախ Հայաստանի գործարարության կերտած պատմության մասին։

Հեղինակը գիրքը նվիրել է Զիլջյան ընկերության 400-ամյակին։ 1623 թ․ Ավետիս Զիլջյանը Կոնստանդնուպոլսում ստանում է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք փոխանցվել է միայն ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներին։ Հայոց ցեղասպանությունից հետո Ավետիս Զիլջյանի ժառանգները տեղափոխվում են ԱՄՆ և 1929-ին Մասաչուսեթսում հիմնում ծնծղաներ արտադրող գործարան։


Այսօր էլ այն համարվում է երաժշտական գործիքներ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից մեկը, տարբեր ժամանակներում արժանանալով եվրոպական և ամերիկյան միջազգային ցուցահանդեսների շքանշանների ու պատվոգրերի։ Գրքում կարելի է ծանոթանալ համանման հետաքրքիր և ուսանելի բազմաթիվ պատմությունների։

«Հանրագումարի մեջ սա կարելի է համարել մեկնարկային հատոր։ Հավակնություն չեմ ունեցել ամբողջությամբ անդրադառնալ հայ գործարար կյանքին՝ դա անհնար է, որովհետև հընթացս նորանոր անուններ են բացահայտվում»,– իր խոսքում նշել է Հայկ Դեմոյանը։

Նրա գնահատմամբ՝ հայ պատմաբանների գլխավոր բացթողումներից մեկը հայոց պատմության, հայ ժողովրդի ժառանգության տեսողականացման բացակայությունն է։ «Տեսողական նյութն անհերքելի է, դրա շուրջ չի կարելի վիճել, հակափաստարկ բերել։ Մենք չունենք հայ ժողովրդի համապարփակ պատմությունը պատկերներով»,–նշել է պատմաբանը՝ հավելելով, որ հայ գործարարության անցած ուղու հավաքագրման ու ներկայացման աշխատանքը շարունակական է լինելու։

Շնորհանդեսի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև  Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուի սրահում ցուցադրված նմուշներին։

Back to top button