ԿարևորՔաղաքական

Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա՝ քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։

«ՌԴ նախագահի երդմնակալության հաջորդ օրը (մայիսի 8-ին-խմբ) նախագահն անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը, որից հետո տեղի կունենա երկկողմանի հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական ընկերական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ «այս երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քննարկման շատ հարցեր կլինեն»։

«Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- ասել է Ուշակովը։

Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեև դեռ դուրս չի եկել դրանից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։

«Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ՝ ներառյալ Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակների դիտարկում, և ՆԱՏՕ-ի կապերն ակտիվանում են, այսինքն՝ այժմ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են քննարկում առաջնորդների միջև», — ասել է Կրեմլը ներկայացուցիչը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը:

Back to top button