ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոչ թե քաղաքական, այլ հոգևոր պայքար․ քայլերթի հերթական կանգառը Հրազդանն է

Ոչ թե քաղաքական, այլ հոգևոր պայքար՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր այսպես է բնորոշել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը։ Շարժման անդամները Սևանի թերակղզու հարակից հատվածից այսօր շարունակել են երթը դեպի Երևան։ Հաջորդ կանգառը Հրազդանն է։ Շարժման անդամները հայտարարել են, որ նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։

Հրազդանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հերթական կանգառն է։ Երթը, որ սկսվել է շաբաթ օրը Կիրանցից, Սևանի թերակղզու հարակից հատվածից այսօր շարունակվել է դեպի Երևան։ Շարժումը մայրաքաղաքում է փորձելու ձևակերպել իր պահանջներն ու պատասխաններ ակնկալել։ Այս շարժումն անձի կամ անձերի մասին չէ՝ այսօր հայտարարել է  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Առաջին ու վերջին շարքը նույնն է։ Ես որևէ կերպով չեմ ուզի, որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չի, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից, ստորացումներից ազատվելու, վերականգնվելու, ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է։ Այնպես, ինչպես արժանի է մեր ազգին»։

Շարժման մասնակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը վերջնանպատակի հետ կապված դեռ փակագծեր չի բացում, բայց և նկատում է՝ պետք է կասեցվեն միակողմանի զիջումները։

«Ինչի մասին, որ մենք բարձրաձայնել ենք, սրանից շեղում չկա։ Մնացածի մասին արդեն հետագայում կխոսենք։ Մինչև ամսի ինը շարունակենք։ Այստեղ թիմերի հարց բացարձակապես չկա»։

Գելափի վերջին հարցումները փաստում են՝ մարդկանց շուրջ 36 տոկոսը փողոցային պայքարի հետ այլևս հույսեր չի կապում։ Ինչպե՞ս են փոխելու այս իրավիճակը՝ լրագրողների հարցին ի պատասխան՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից կազմված «Որդիների կանչ» կազմակերպության նախագահ Արա Ռոստոմյանն ընդգծում է՝ 

«Արդեն հաղթահարվել է։ Նախորդ օրերի քայլերթերը, որ տեսել եք, արդեն ակնկալիքները հաղթահարվել են»։

Սևանի մայրուղով դեպի Երևան եկող շարժման մասնակիցներին Տավուշի թեմի առաջնորդը հորդորում է՝ առանց քաղաքական հայտարարությունների շարունակել ճանապարհը։ Չնայած այս հորդորին՝ քաղաքական տարբեր ուժեր արդեն հայտարարել են շարժմանը սատարելու որոշման մասին։

Տավուշի թեմի առաջնորդը մոտ երկու շաբաթ կիրանցիների հետ սահմանամերձ այս համայնքում էր։ Կիրանցում այսօր առավոտյան կրկին ուժեղացված հսկողություն էր։ Գյուղի մուտքերը փակ չեն, բայց ելումուտը վերահսկվում է։

Նախօրեին Կիրանցի գյուղապետը «Ռադիոլուրին» փոխանցել էր՝ գյուղի բնակիչները սպասում են իրենց բարձրացրած հարցերի շուրջ կառավարության պատասխանին։

Այսօր հայտնի դարձավ, որ գյուղում անապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա։ Նախնական տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Կիրանցում սպասողական վիճակ է, գյուղացիներն ասում են՝ տեղեկություններ չունեն՝ ականազերծումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։

«Չենք կարողանում ասել՝ չափագրում է, ականազերծում է։ Մի մասն ասում է՝ ականազերծում են, չգիտենք՝ ինչ են անում»։  

Ոչ թե քաղաքական, այլ՝ խորը հոգևոր պայքար՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր այսպես է բնորոշել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ամբիոնից այլ սցենարներ է ներկայացրել։  

«Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացրեք։ Ընդհանրապես իշխանափոխություն իրականացնելու համար կարծում եմ որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել և ոչ միայն հոգիները։ Զարմանում եմ, որ մտածում եք, որ ՀՀ ժողովուրդը սեպտեմբերի 27-ից հետո չի հասկանում, թե ինչէ  տեղի ունենում,թե որ ուժերն են ուղորոդում։ Նպատակը ՀՀ չունենալն է, կամ մի միավոր ունենալը՝ որևիցե կազմի՝ Բելառուս, ՌԴ,  հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է»։

Սոցիալական ցանցերում նույնպես կարծքիները տարբեր են։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է, որ կրոնապետությունը չափազանց թանկ «կարգ» է, բոլոր առումներով՝ թե ֆինանսա-տնտեսական, թե քաղաքական, թե սոցիալ-հոգեբանական, թե անվտանգային, թե արտաքին քաղաքական: Հայաստանն այդ առումով «անվճարունակ» է «ի բնե»: Ըստ Բադալյանի ՝ Հայ Առաքելական եկեղեցին ինքն է Հայաստանի աշխարհիկ կարգի հարցում ամենից շահագրգռվածներից մեկը, որովհետեւ իր դերի առավել մեծ արժեվորման գործնական հեռանկարը ապահովողը հենց այդ կարգն է՝ ընդգծում է փորձագետը։

«Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարավոր չէր փոխել այն վիճակը, որի մեջ այժմ գտնվում է հայ ժողովուրդն ու մեր պետությունը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Նա ազգային, գաղափարական, հավատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանքի ու շարժման անհարժեշտություն է տեսնում, որն էլ ըստ նրա, այժմ տեղի է ունենում։

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է՝ հանրային հաշտեցումը իրականություն է դառնում։ Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին՝ գրել է Վահե Հովհաննիսյանը։

Back to top button