Ազդ անցյալից

Փարիզյան թերթի հետքերով․ «Ազդ անցյալից»

1925 թ. Փարիզի հայկական «Մասիս» տպարանում մտավորական Շավարշ Միասքեանի ջանքերով սկսեց տպագրվել «Յառաջ» թերթը: Այն բացառիկ թերթերից մեկը, որ  հրապարակի վրա էր մինչև 2009թ.: Իսկ այնուհետ ապսարեզ իջավ «Նոր Յառաջ»-ը, որ տպագրվում է մինչ օրս:

 Խմբագրապետ Միսաքեանը «Յառաջ»-ի 1-ին համարի առաջնորդող հոդվածում  նշում է սփյուռքին սպառնացող ինքնության կորստի վտանգների, և ուրեմն՝ Ֆրանսիայի մեջ հայկական թերթ հիմնելու անհրաժեշտության մասին:

«…Մենք տաշեղներ ենք այն զարհուրելի յորձանքին մէջ որ եւրոպական քաղաքակրթութիւն կը կոչուի, որուն ալիքները կը քշեն կը տանին, կը տարրալուծեն ամէն բան:Երէկ ֆիզիքական գոյութեան պայքար ունէինք, ուրի՛շ երկրի մը մէջ, այսօր՝ նոյնքան ծանր է մղջաւանջը, այս ակնախտիղ եւ լպըրծուն պողոտաներուն վրայ, որոնք բանուկ ճամբաներ են օտարացման և այլասերման համար»:  

Եւ այսպես՝ «Յառաջ»-ի 1926թ. համարներից մեկի ծանուցումների բաժնում զետեղված է Սիամանթոյի եղբոր՝ Վահան Յարճանեանի հայտարարությունը.

  Իրաւագիտական գրասենեակ անհրաժեշտ բոլոր ֆրանսահայերուն: Դատական գործեր, պայմանագրութիւններ, թարգմանութիւններ ամէն լեզուով: Ամուսնութեան, ամուսնալուծումի, վիզաի. Անցագրի եւ անձնագրի գործողութիւններ: Դիմել բացի Կիրակիէ ամէն օր ժամը 9 էն 12 եւ 2 էն 7 Վահան Յարճանեանինին: Chateau Rouge  մետրոյի կայարան:

Մարդիկ, որպես կանոն, սիրում են նախապես իմանալ  իրենց ապագայի մասին:Օգնության են հասնում գուշակները:

Գուշակուհի Տիկին Մարիա Զէնի. Կը բացատրէ անցեալը, կ՛առաջնորդէ ներկային մէջ, կը գուշակէ ապագան, ըստ ձեռքի գիծերուն, աստղերու եւ քարտերու: Ամէն օր, Կիւրակին ալ մէջը, ժամը 3-7, բացի երկուշաբթիէ:

20-րդ դարի 20-ականներին մեծ քաղաքների փողոցներում ավելի ու ավելի հաճախ էին հայտնվում ինքնաշարժերը: Մնում էր սովորել մեքենա  վարել:

Auto-ecol

Օթօմօպիլ վարելու վարժութիւնը ստանալու համար դիմել Հայկական նոր ճաշարան: Վարժութիւն ամէն օր առաւօտեան ժամը 9-էն երեկոյեան ժամը 9: Արտօնագիր կը ստացուի 40 ֆրնաքէն սկսեալ:

«Յառաջ»-ի էջերին բավական շատ են հայերի կողմից հիմնված ճաշարանների մասին ծանուցումները:

 Հանրածանօթ  հայկական ճաշարան «Պաթիսթ», 15 Լամարթին փող. Մետրոյի Cadet և Le Peletier  կայարան: Արեւելեան եւ ֆրանսական համեղ կերակուրներ. Արագ եւ մաքուր սպասարկութիւն:

Բացում Հայկական նոր ճաշարանի, 15 rue Traversiere, 15 Billancourt Ռընօի մօտ. Արեւելեան և եւրոպական համեղ կերակուրներ մաքուր եւ արագ սպասարկութիւն: Գիները դիւրամատչելի, փորձեցէք եւ գոհ պիտի մնաք: Նոյն հասցէին դիմել «Եօղուրդ Անթուան» մածուններուն համար:

Այժմ թերթի ծանուցումները մեկ տողով:

             Միջազգային ճաշարան ՄԱՎՐՕՍ

Բելվիլ մետրոյի կայարանի մոտ հեռաձայն 10-15: Metro  Belleviel

Համեղ արեւելեան կերակուրներ, խոհարարապետ հաճի Գրիգոր: Շաբաթ և կիարկի գիշերներ Արեւելեան նուագ:

Արեւելեան ընտիր անուշեղէններ թերթանուշ (փաքլավա), անխարդախ կարագով եւ թելհայս (քատայիք) հում եւ եփած: Թերթանուշի համար առաջնակարգ ալիւրէ պատրաստուած թերթեր: Ապսպարնքները խղճմտօրէն կը կատարուին. Սիրական Յովհաննէեսեան : Metro S.Michel: Բաց է մինչև գիշերուան ժամը 10, յաճախորդներու դիւրութեան համար:

Ֆօթօ Ֆէպիւս Յակոբ Սէմէրճեան Գեղարուեստական անթերի լուսանկարներ դիւրամատչելի գիներով: Անձնագրի լուսանկար կէս ժամէն յանձնելի: Իրիկուան ժամը 7-էն վերջ ժամադրութեամբ: «Մաթէնի»շենքին ճիշդ դիմացը:

«Յառաջ»-ի գովազդային էջերից իմանում ենք, որ 1880 թվականին Պոլսում գործարար Եավրուեանի  հիմնադրված թեյի առևտուրը շարունակվում է Ֆրանսիայում և, որ ընկերության 50-ամյակի առիթով Մարսելում գնորդներին սպասվում են զեղչեր և անակնկալներ:

Հաստատեալ ի Պոլիս 1880ին. Թեյ Եավրուեան ամէն տեսակ սնտուկով եւ ծրարով թէյեր ընտիր, հոտաւետ , ախորժահամ: Ճերմակ ծաղիկ՝ թէյերով խառնուրդներ: Զանազանէք, մեր թէյերը ամենուրեք՝ Ֆրանսայի եւ գաղթավայրերու մէջ:

Թէյ Եավրուեան հիմնուած 1880-ին : Յիսնամեակին առիթով դեղին եւ կապոյտ ծրարներու մէջ կան գեղեցիկ նուէրներ (surprise).Մեծաքանակ, 23 Rue Senac , Marseille:

      Օննիկ Չուլֆաեանը հրավիրում է գնումների Au petit carillon, 50 Ժան Ժորես  փողոց, Մեթրոյի Ժորէս կայարանի մոտ, հեռ. 57-60: Իսկ հանրահայտ «Lafayette» վաճառատան գոհարեղենի բաժինը հայերի համար սահմանում է հատուկ զեղչեր:

 Au petit carillon, 50  Av. Jean Jaures, հեռ. 57-60,  Metro Jautes .Օննիկ Չուլֆաեան Քառորդ ժամերը հնչող պատի ժամացոյցներ: Ամէնուն մատչելի: Վճարման դիւրութիւն: Զարթուցիչներ 16-33 ֆրանկ: Գրպանի տոկուն ժամացոյցներ 25-85 ֆր.: Ընտիր մարք Election 138 fr., Omega 165 fr.: 1-10 տարուան երաշխագիր Հայ բանուորներու համար որոշ զեղչ:

Կը հանձնարարուի մեր հայրենակիցներուն “Lafayette”: Լաֆայեթ փողոց, մեթրօ Jaures եւ Louis Blanc   գոհարավաճառի խանութ. Ժամացոյցներ, անկնեղէններ, գոհարեղէններ եւ ոսկեղէն առարկաներ: Լիփ, Օմէկա եւ Լոնժին ժամացոյցներ ,սեղանի սպասներ: Ուէսթմիսթր քարիյօններ ճոխ եւ ընտիր տեսականի, ամենաաժան գիներով կը խօսուի հայերէն եւ ուրիշ լեզուներ: Հայերու համար հարիւրին 10 զեղչ:

Նորաձևության կենտրոն Փարիզում, որտեղ տպագրվում էր «Յառաջ»-ը , պետք էր հետևել ժամանակի թելադրանքին՝ հագուստ,կոշիկ,  a la սուֆրաժիստուհիներ նոր սանրվածք: Պճնամոլներին Gare de Lyon մետրոյի կայարանի իր սրահն էր հրավիրում հայ սափրիչ Արամ Յակոբեանը:

  

Հայ սափրիչ Արամ Յակոբեան Metro Gare de Lyon    

  

Պատիւ ունինք ծանուցանել մեր յարգելի հայրենակիցներուն որ մեր սրահը հաստատած ենք վերոյիշեալ հասցէին, արհեստին առողջապահական նոր մեթոդներով: Կը կտրենք տիկիններու եւ փոքրիկներու ամէն տեսակ մազեր: Մեր գիները եւ մաքուր սպասարկութիւնը մեծապէս պիտի գոհացնեն մեր յաճախորդները: Մէկ այցելութիւն բաւական  է որ այցելուն մեզ յաճախորդ դառնայ: Շաբթու մէջ մասնաւոր զեղչ: Բացի երկուշաբթիէ, բաց է ամէն օր առաւօտ ժամը 7 էն երեկոյան 9:

Ձեր կօշիկները գնելէ առաջ այցելեցէք Զակորիտէս եղբայրներու Յունական կօշիկի գործարանը , Lyon, 18 Rue Momcey: Հայերու համար հարիւրին 20 զեղչ:

  Նոր տեխնոլոգիաները եւս մուտք էին գործում կյանք:Ջրմուղագործ Թաթուլեանը առաջարկում է իր ծառայությունները լոգարանի որևէ գործի համար, հեռաձայնի տեղադրման մասնագետ Էլմաեանը՝ ի’ր ծառայությունները:

 «Լոգարանի եւն զետեղում. կը ստանձնեմ կապարի եւ զինկի ամէն տեսակ մասնաւորաբար ջուրի խողովակներու զետեղում եւ նորոգութիւն: Դիմել նամակավ՝ Թաթուլեան»:

 T.S.F.անթել հեռաձայնի բազմատեսակ գործիքներ, շատ աժան գիներով: Տեղեկութիւններու համար գրել՝ Ս. Էլմաեանին: Յանձն կ՛առնենք ձրի տեղաւորել մեր գործիքները:   

 Բայց ամենակարևորը՝  T.S.F.

Կ՛ուզէ՞ք ամբողջ Եւրոպայի շրջանն ընել, գնեցէք Ռադիո Արաքս: Առաջին հայ վաճառանիշով Ռատիօյի գործիք մը: Ռատիօ մասնագէտ Պ.Ա. Տէմիրճեան

2 Rue des Fosses St. Jaeques. Paris

Այսքանը՝ «Յառաջ»-ի ծանուցումների մասին»:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում  Հայ տպարաններ և  մամուլ  հիմնած երախտավորներին  նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:    

Back to top button