ԿարևորՎերլուծական

Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացումը. «Caucasus Heritage Watch»

«Caucasus Heritage Watch»-ը (CHW) այսօր հրապարակել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի վտանգնված մշակութային ժառանգության մոնիտորինգի 7-րդ զեկույցը:

Վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի թիրախում հայտնված մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր աճել է 75%-ով:

«Caucasus Heritage Watch»-ը մշտադիտարկումը սկսել է 2021 թվականին, և վերջին զեկույցում բացահայտել է վտանգված հայկական մշակութային վայրերի ամենամեծ քանակը՝ 6 նոր ավերված վայր և գոյատևման սպառնալիքի առջև կանգնած 7 վայր։

Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո «Caucasus Heritage Watch»-ը իր մոնիտորինգի ծրագրում ավելացրել է ավելի քան 180 վայր։ CHW-ի մշտադիտարկան մեկնարկից ի վեր, նրանք գնահատել են 57 տեղանք որպես ավերված, վնասված կամ վտանգված:

Վերջին զեկույցում ներառվել է Կանաչ ժամի և Շուշիի Ղազանչեցոց գերեզմանատան ամբողջական ավերումը։

Նշվում է նաև, որ Քարինտակ գյուղն ամբողջությամբ հողին է հավասարեցվել անցյալ տարվա աշնանից այս տարվա ապրիլ ընկած ժամանակահատվածում, ինչը, հավանաբար, տեղ կբացի ադրբեջանական նոր բնակելի ավանի համար:

Բացի այդ, խումբը վտանգված վայրերի ցանկում ավելացրել է հինգ եկեղեցի և երկու գերեզմանատուն՝ 2023 թվականի դեկտեմբերից 24 վայրերի թիվը հասցնելով 31-ի՝ 2024 թվականի հունիսի դրությամբ:

«Caucasus Heritage Watch» հետազոտական ​​նախաձեռնությունը, որը ղեկավարվում է Քորնելի և Փերդյու համալսարանների հնագետների կողմից, վերջին մեկ տարում իր ցուցակում ավելացրել է հայկական ժառանգության 181 վայր: Այդ ցանկն այժմ ներառում է 489 վայր ամբողջ Արցախում։

«COP29-ի նախապատրաստական ​​աշխատանքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության վրա. ենթակառուցվածքների և վերակառուցման ծրագրերը սպառնում, վնասում կամ ոչնչացնում են մշակութային վայրերը», — ասված է «Caucasus Heritage Watch»-ի զեկույցում:

Back to top button