20-դ դարից հայ մամուլի շտեմարանում հանդիպում են աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված «Առաւօտ» անունով պարբերականներ: Այսօր բացելու ենք Պոլսի «Առաւօտ»-ը, որը հրատարկվել է 1909-24թթ., արտոնատեր Միսաք Սուրեանի ջանքերով: Նախևառաջ շոգենավային ընկերությունների գովազդների մասին. հիմնական ուղղությունը՝ Կոստանդնուպոլսից շիտակ Նյու Յորք:
Թէմիսթօքլէս-անդրատլանտեան լիւսք շոգենաւը Պոլսոյ նաւահանգիստը հասած է և կը մեկնի Ղալաթիոյ քարափեն ուղղակի Նիւ Եօրք Մայիս 25-ին, առանց աքթարմայի: Տեղեկութեանց համար դիմել Ղալաթիոյ քարափին վրայ Ֆոլէրօ խան թիւ 10, թէլէֆօն Բերա 966 Փոխգործակալ Նշան Մինասեան:
Ամերիկա մեկնողներուն. «Քինկ Ալէքսանդր» հսկայ շոգենաւը պիտի մեկնի Հոկտ. 6-ին Ղալաթիոյ քարափէն ուղղակի Նիւ Եօրք: Ամէն կարգի տեղեկութեանց համար դիմել Ֆալէրօ խան, թիւ 10, թէլ. Բերա 966 Նշան Մինասեան
«Առաւօտ»-ում կարդում ենք նաև բեռափոխադրող և մաքսային ծառայություն մատուցող Արևեան ըներության ծանուցումը:
Շոգենաւային եւ մաքսային մասնաւոր գործողութիւններ կը կատարուեն մասնաւոր պայմաններով: Արևեան և Ընկերութիւն, Կ. Պոլիս: Ընդհանուր ապահովագրութիւն,արտածում, ներածում, ներկայացչութիւն:
Թերթից իմանում ենք, որ Արևեան ընկերությունը նաև Թուրքիո մեջ ներկայացուցիչն էր ֆրանսիական ապահովագրական կոնսորցիումի:
Գօնսօրսիօմ ֆրանսական մեծ անանուն ընկերութեանց հրդեհի դէմ, հիմնեալ 1903:
Սոյն ապահովագրական ընկերութիւնը և իր գործառնութիւնները ֆրանսիական և օտար առաւել քան 50 ապահովագրական ընկերութիւններու կողմանէ երաշխաւորեալ է: Ընկերութեան Թուրքիոյ ներկայացուցիչն է Արևեան եւ ընկերութիւնը: Ամենանպաստաւոր պայմաններ ծանօթ և պատուաւոր գործակալներու համար:
Զբոսասեր հասարակության համար ահավասիկ Փափազեան պանդոկը:
Հայկական տիպար պանդոկ Փափազեան,Ղալաթիա.Արտասահմանէն և գաւառներէն Պոլիս եկող ազգայիններուն յանձնարարելի միակ հանգստաւէտ և ընտանեկան պանդոկը: Ունի սրճարան, ճաշարան, գարեջրատուն, ընթերցասրահ եւ սափրիչի սրահ որ ժամադրավայրն է՝ զբօսասէր հասարակութեան:
«Առաւօտ» թերթը 1921թ. համարներից մեկում հայտնում է, թե ինչ բացօթյա հանդես է սպասվում Ֆընտըք Սուեու-ի մէջ Անգլիացի հրամանատար Միսթըր Հասբունի հովանու տակ:
Ընտանեկան հաճելի ցերեկոյթ եւ արտաքոյ կարգի շքեղ դաշտահանդէս ընդ բարձր հովանաւորութեամբ Անգլիոյ զինւորական հրամանատար Միսթըր Հասբունի: Ի նպաստ Եէնի Մահալլէ Սուրբ Սահակ Մեսրոպ ազգային վարժարանին: Այսօր Պոսֆորի գեղազուարճ զբոօսավայրերէն Ֆընտըք Սուեու-ի մէջ: Հանդէսը կը խոստանայ շատ հաճելի ըլլալ, որուն համար ամէն ջանք չէ խնայուած:
Օգտակար գովազդներ տան տիկինների համար:
Հոլանտիա- Լաւագոյն խտացած կաթը շաքարով, որ կը պարունակէ իր ամբողջ սերը, կը ծախուի Բերա, Մեծ փողոց,Պօն Մարշէ:
Պէպիթս քլինսըր-ամերիկեան հրաշալի մաքրիչ փոշի որ պահ մը պատերազմի առթիւ գործածութենէ դադրած է:Պէպիթս-քլինսըրը դարձեալ հրապարակ կ՛իջնէ իր գերազանց առաւելութիւններովը: Պէպիթս-քլինսըրը կը մաքրէ, ժանգերը կը հանէ, և կը փայլեցնէ՝ տունի բոլոր առարկաները, ինչպէս մարմարները, ծորակները, տախտակները, ապակիները, հայելիները, դանակ, դգալ, պատառագաղ, պնակ, մոմլաթ և նոյն իսկ թափուած մելաններու կեղտերը: Պէպիթս-քլինսըրը միմիայն կեղտերու թշնամին է, փորձեցէք և պիտի համոզուիք: Գործածութեան եղանակը իր տուփին վրայ ամէն լեզուով:
Ձեր բուրդ, բամպակ, մետաք հիւսուածեղէնները եւ կերպասները հին կամ նոր, այս մարքան կրող ներկով միայն ներկեցէք: Փնտռեցէք ամեն կողմ: Ներկայացուցիչ եւ մթերատէր Կ.Յ. Թուխտարեան ընկերութիւն:
Ատրիա լեղակներու թագուհին, փնտռեցէք ամէն կողմ: Ներկայացուցիչ եւ մթերատէր Կ.Յ. Թուխտարեան ընկերութիւն:
Ալէմ տաղիի անարատ Թաշ տէլէնի ջուր մթերանոց: Գէորգ Փափազեան, Սկիւտարի,Պոլսոյ, Բերայի եւ կղզիներուն համար ամէն դիւրութիւն կ՛ընծայուի եւ մինչեւ տուն կը յանձնուի:
«Առաւօտ»-ից իմանում ենք, որ Պոլսում գործարարությամբ զբաղվել են ոչ միայ տղամարդիկ: Օրինակ՝ տիկին Փափազյանը հրավիրում է իր խանութ՝ գնելու անգլիական և ամերիկյան կոշիկներ:
Տիկին Մ.Դ. Փափազեան եւ Ն. Բարվազեան, հիմնուած 1860ին.
Անգլիական եւ ամերիկեան ամէն տեսակ կօշիկներու մեծ վաճառատուն: Վաճառատան սկզբունքն է. Խնայել իր ծախքերը լաւ ապրանքը անհավատալի աժան ծախել կարենալու համար: Ձեր կօշիկները գնեցէք այս վաճառատունէն, գոհ պիտի մնաք: Վաճառատունը ոչ մէկ մասնաճիւ ունի:
«Առաւօտ»-ը նաև ծանուցում է, որ «Օլիմբիայի բեմին վրայ անմահ Չուհաճեանի գլուխ գործոցը՝ Լէպլէպիճին պիտի ներկայացվի:Ուր այնքան զաւեշտօրէն ծաղրուած է թուրք գիւղացիին տգիտութիւնը»: Ներկայացմանը իրենց մասնակցությունը կբերեն պարուհի տիկին Բալոնան և օրիորդ Ռօզալին:
Անմահ Չուհաճեան Օլիմբիայի բեմին վրայ.
Անզուգական մեծ երգահանին՝ Չուհաճեանի գլուխ գործոցը Լէպլէպիճին՝ ուր այնքան զաւեշտօրէն ծաղրուած է թուրք գիւղացիին տգիտութիւնը, այս կիրակի ցերեկ ժամը 2 ու կէսին բացառիկ պատրաստութեամբ և ծանոթ երաժշտագէտներու ու երգիչներու մասնակցութեամբ կը ներկայացուի Բերա, Օլիմբիա թատրոնը (Վարիէթէին դրանը կից) Պէնլեան օբէրէթի խումբին կողմէ և մասնակցութեամբ նշանաւոր պարուհի տիկին Բալոնայի և օրիորդ Ռօզալիի, որ պիտի երգէ նաև «Օհ ինչ անուշ», «Հայաստան»: Թատերական ու երաժշտական ճշմարիտ վայելք մըն է այս փայլուն ցերեկոյթը:
Իսկ ապրիլի 17 1921թ. Ֆերահ թատրոնի բեմին պիտի ներկայացվի հռչակավոր Օդրանի՝ օպերետի մեծ վարպետի, «Լա Մասքօթ» օպերա-կոմիկը:
Յառաջիկայ կիրակի, ապրիլ 17, ցերեկ ժամը 3-ին, իսկ երեկոյին ժամը 10-ին Շահզատէ Պաչիի Ֆէրահ թատրոնին մէջ պիտի բեմադրուի մեծ պատրաստութեամբ Օտրանի գլուխ գործոցը «Լա Մասքօթ» օբերա գօմիք 3 արարուածով: Մասնաւոր արուեստագէտնրէ բաղկացած մեծ օբերէթի մը խումբին կողմէ, առաջնորդութեամբ Պ.Վ.Շահինեանի, ղեկավարութեամբ Պ.Լեւոն Տերացի: Ընտիր նուագախումբ մը պիտի մասնակցի ներկայացման: Գին. Օթեակ 3 ոսկի, պալքօն 60 ղրուշ, թիկնաթոռ 75, Ա.Կարգ 50, Բ. Կարգ 30, վերնայարկ 15 ղրուշ:
Ի դեպ «քօնսէրվաթուառներու» ծրագրին համաձայն Ս. Քուշնարեանի եւ Յ. Մեհրաբեանի երաժշտանոցը ընտիր երաժշտական կրթություն է խոստանում ցանկացողներին:
Երաժշտանոց Ս. Քուշնարեանի և Յ. Մեհրաբեանի
Երաժշտանոցին նպատակն է տալ ուսանողներու թէ գործիքական թէ ձայնային երաժշտական կրթութիւն մը, քօնսէրվաթուառներու ծրագրին համաձայն: Կը դասախօսեն՝ Տիկին Մեհրաբեան՝ տաւիղ և դաշնակ: Պարոն Քուշնարեան՝ դաշնակ: Պարոն Խուդադեան՝ ջութակ: Պարոն Քատլէց՝ թաւջութակ: Պարոն Մեհրաբեան՝ ձայնամարզությին, սոլֆէժ և տեսական երաժշտութիւն: Պարոն Պօպօֆ՝ բարձրագոյն երաժշտութիւն և քօմփօզիսիօն: Արձանագրութեանց և պայմաններու համար դիմել տնօրինութեանը ամէն օր, ժամը 11-1 և 4-7:
Եւս մեկ ծանուցում Շիշլիի Ազգային գերեզմանատան հանձնաժողովի կողմից.
Ծաղկեպսակներ վայելուչ եւ աժան.Շիշլիի Ազգային գերեզմանատան յանձնաժողովը կը ծանուցանէ յարգոյ ազգայնոց թէ գերեզմանատան ծաղկեմշակութեան բաժնին մէջ ըստ առաջնոյն յուղարկաւորութեանց յատուկ ծաղկեպսակներու պատրաստութիւն սկսուած է, որով պէտք ունեցող յարգոյ ազգայիններէ կը խնդրուի դիմել Բերայի Սուրբ Երրորդութեան եկեղեցւոյ դիւանապէտ Հանէսեանի և կամ գերեզմանատան տեսչութեան ի Շիշլի:
Այսքանը Պոլսի «Առաւօտ» պարբերականի գովազդների և ծանուցումների մասին:
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: