Վերնատուն

Գյուղական և էկո զբոսաշրջությունը՝ ժամանակակից զբոսաշրջության հետաքրքրության կենտրոնում. «Վերնատուն»

Զբոսաշրջության զարգացման փորձագետ և պրոդուկտների մշակող Անի Հովհաննիսյանը խոսում է զբոսաշրջության ժամանակակից մոտեցումներից և թե ինչպես է այն փոխում մշակութային միջավայրը։

Անի Հովհաննիսյանը օրերս է վերադարձել Փարիզի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսից, որտեղ ներկայացնում էր GoToDili դեստինացիաների կառավարման կազմակերպության ծրագիրը՝ Եվրոպական զբոսաշրջային շուկայում ներկայացնելով Դիլիջան քաղաքն ու հարակից վեց գյուղերը։

«GoToDili-ն պատրաստվում է պրոդուկտներ թողարկել, որոնք կհետաքրքրեն եվրոպացի զբոսաշրջիկներին,-ասում է նա։ -Մենք ստեղծում ենք այնպիսի շղթա, որ զբոսաշրջիկը ուզենա Դիլիջանից հետո այդ վեց գյուղերում նույնպես լինել, նոր վերադառնալ։ Ֆրանսիացիները հայերի նման սիրում են լավ ուտել և խմել, մեծ պահանջարկ կա տեղական սննդի ու խմիչքի նկատմամբ»։

Քովիդից հետո համաշխարհային զբոսաշրջությունը մետամորֆոզներ է ապրում, զբոսաշրջիկների պահանջներն անընդհատ փոխվում են, զարգացումներ են նկատվում էկո տուրիզմի հետ կապված, ասում է Անին։

Անի Հովհաննիսյանը 4 տարի ապրել և աշխատել է Ֆրանսիայում, նշում է ինչ շեշտադրմամբ է զարգանում ֆրանսիայում էկո տուրիզմը։

«Ցանկալի է, որ գյուղերը ներկայանան աուտենտիկ։ Յուրաքանչյուր մարզ կամ գյուղ ներկայանա իր յուրահատկություններով։ Մեր ամեն մի գյուղը հրաշք ու հարուստ պատմություն ունի ու կարելի է այդ պատմությունները, խոհանոցը, ավանդույթները վեր հանել և հնարավորություն տալ զբոսաշրջիկին փորձել տարբեր բաներ։ Ինչո՞ւ է գյուղական տուրիզմը մեծ բում ապրում աշխարհում, որովհետև զբոսաշրջիկները հոգնել են մոդեռն վիճակներից, ուզում են տեսնել աուտենտիկություն, ուզում են շփվել մարդկանց, համայնքի հետ։ Գյուղերը չպետք է խորշեն իրենց հին դեմքը պահպանել»,- ասում է Անի Հովհաննիսյանը։

Մշակութային տուրիզմից բացի ժամանակակից զբոսաշրջությանը հետաքրքիր է արկածային, էկո, գյուղական և այլ տեսակի տուրիզմը, որի հնարավորությունները Հայաստանն այսօր ունի։

Back to top button