Վերնատուն

Ցեղասպանությունը մեր ինքնության կարևոր դաջվածքն է, պիտի հասկանանք ինչպես ապրենք նրա հետ․ Աղասի Թադևոսյան․ «Վերնատուն»

Ի՞նչ է Ցեղասպանությունը հանրային հիշողության մեջ, ինչպե՞ս ապրել դրա հետ, ինչպե՞ս վերաիմաստավորել այն։

Ցեղասպանությանը վերաբերվող քաղաքականությունը պետք է կառուցվի մասնագիտական խորհրդատվության կամ կարծիքների վրա, ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Մշակութային մարդաբանը նշում է, որ Խորհրդային շրջանում ազգային ինքնության վերաձևակերպումը իրականացվեց հենց ցեղասպանության շուրջ զանգվածային քննարկումներով և դրանից բխող գործողություններով։ Ցեղասպանության մասին հանրային ընկալումները 60-ականներից ի վեր արմատական փոփոխություններ չեն կրել։

«Ցեղասպանությունը մեր ինքնության մեջ շատ կարևոր դաջվածք է և մենք պետք է հասկանանք, թե ոնց այդ խնդիրը պահպանելով՝ ապրել նրա հետ։ Դու պիտի ապրես իր հետ, քանի որ չես կարող ժխտել մի բան, որը եղել է քեզ հետ»,-ասում է նա։

Աղասի Թադևոսյանն ասում է, որ Ցեղասպանությունը մեր անձնական պատմությունն է, իսկ հանրային դիսկուրսի ամենաամուր հենարանը անձնական պատմություններն են ու պիտի լուրջ վերաբերվել այս հարցերին՝ խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ, քանի որ յուրաքանչյուր խոսք կարող է հանրային կյանքում փոթորիկներ առաջացնել։

«Չի կարելի խաղալ էսպիսի կարևոր թեմաների հետ, որը մեր ինքնության մեջ լուրջ տեղ ունի։ Տրավման վերացնել չես կարող, բայց տրավմայի հետ ապրելու հաշտ մեթեոդներ, որոնք չեն խանգարի քո զարգացմանը, կարելի է գտնել, այդ ձևը կարելի է գտնել միայն գիտականորեն», – ասում է նա։

Թադևոսյանը նշում է, որ այս ոլորտում մասնագիտական ռեսուրսները քիչ են և կարիք կա մասնագիտական դաշտը ընդլայնելու, ներդրումներ անելու, ներգրավելու դրանով զբաղվող միջդիսցիպլինար գիտական համայնք և դա կարևոր է, ինչպես ինքն է ասում «որպեսզի թույլ չտալ քաղաքական որոշ միջակությունների մարդկանց միտքը մանիպուլացնեն,հաճախ դեպի կործանում ու դեպի պատը տանող դիսկուրսներով»։

Խնդրի մասին պիտի խոսեն բացառապես գրագետ մարդիկ, մասնագետները և հետազոտական հիմքի վրա, նշում է Աղասի Թադևոսյանը։

Back to top button