Վերնատուն

Կերպարանափոխվենք, որ հասկանանք ով ենք․ Կաֆկայի «Մետամորֆոզը»՝ Արէ միջազգային փառատոնի առիթով․ «Վերնատուն»

Արէ ժամանակակից արվեստի փառատոնի ծննդյան 10-ամյակը կնշանավորվի «Մետամորֆոզ» ցուցադրությունների շարքով, որը հղում է անում Ֆրանց Կաֆկայի համանուն ստեղծագործությանը՝ յուրովի տոնելով աշխարհահռչակ գրողի 100-ամյակը։

«Կաֆկայական կոնցեպտը անիմաստության ու անհեթեթության, բայց նաև սարսափի մասին էր։ Կաֆկայի սարսափը առօրեական է։ Կաֆկան բերում է մի կոնցեպտ, որ բոլոր մարդիկ պետք է կերպարանափոխվեն, որ հասկանան իրենք ով են և ինչ դեր ունեն։ Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր արվեստագետ ցույց կտա թե ինչպես է պատկերացնում կերպարանափոխությունը», – ասում է Արէ փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մարինե Կարոյանը։

Մարինե Կարոյանը նշում է, որ կերպարանափոխությունը միշտ չէ, որ բացասական է լինում։ «Մենք էլ, ամբողջ աշխարհն էլ դրա մեջ ենք ապրում։ Էնպես որ Կաֆկայի թեմաներն այսօր էլ շատ ակտուալ են։ Որոշ խնդիրներ նույնն են․ օրինակ իշխանության ու ինքնիշխանության մասին»։

Մարինե Կարոյանը խոսելով հայ ժամանակակից արվեստում Արէ-ի ներկայության, գործունեության առանձնահատկությունների մասին կարևորում է պերֆորմանսի ժանրի զարգացումները Արէ-ի շրջանակներում․ «Պերֆորմանսի ժանրը շատ յուրահատուկ ժանր է և արյունատար անոթներով կապվում է իրականության հետ։ Պերֆորմանսի հիմնադիրներն առաջնահերթ արվեստ բերեցին իրենց մարմինը։ Մարմինը դարձավ գործիք՝ ասելիքը տեղ հասցնելու համար։ Պերֆորմանսը աորտայով կապված է քաղաքականությանը», – նշում է Մարինե Կարոյանը։

Արէ փառատոնը կբացվի մայիսի 5-ին , ժամը 19։00–ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում և կտևի մինչև մայիսի 21–ը։

Back to top button