Վերնատուն

Միավորելով հողը և երգը․ երբ համատեղվում է արտադրական և ստեղծագործական աշխատանքը․ «Վերնատուն»

Ժամանակակից արվեստի ինստիտուտը մարզային միջավայրում ստեղծելով նոր կենտրոններ՝ վերաիմաստավորում և ակտիվացնում է կենսական, ստեղծագործական ու մշակութային զարկերակը։

«Շատ կարևոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր ունենա իր կենսագործունեությունն ապահովող մի նախագիծ, որը սրտի դեր կկատարի»,- ասում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը։

Ժամանակակից արվեստի ինստիտուտի ռազմավարությունն է դուրս գալ հաստատություններից ու գնալ համայնքներ։ Ներգրավելով համայնքները, զուգահեռաբար զարգացնելով արվեստն ու տնտեսությունը։

«Համայնքի մեջ կազմակերպվող մշակութային, ստեղծագործական արտադրությունը դառնում է տնտեսական բազա, որը դրամաշնորհներից, հովանավորչությունից, շուկայից անկախանալու հնարավորություն է ստեղծում։ Ժամանակակից արվեստի ինստիտուտի համար դա ստրատեգիական ուղղություն է», – ասում է Նազարեթ Կարոյանը։

«Կոմիտաս․ հողը և երգ» նախագիծը, Լոռվա Վարդաբլուր գյուղը փորձում է վերածել Կոմիտասի կյանքի աշխարհագրության կենտրոն, վայր, որտեղ հավաքվում են ամենատարբեր երկրների ու ոլորտների արվեստագետներ։

«Լոռվա գութաներգը Կոմիտասը գրանցել է այդ գյուղում և մենք մտածեցինք ինչու չի կարելի, այդ մեկ դեպքի կամ հանգամանքի վրա հիմնել մի ամբողջ նախագիծ, որն իր զարգացման բարձրակետին կարող է դառնալ Կոմիտասի կյանքի աշխարհագրության կենտրոն։ Լոռվա գութաներգի մեջ տեսնում ենք, որ երգը ծնվում է հողից և քանի որ Կոմիտասն իր կյանքով ու ստեղծագործությամբ երկու տարր էր միավորում հողը և երգը, փորձեցինք միավորել հողը՝ շոշափելին ու նյութականը և երգը՝ հոգևորը»,– ասում է Նազարեթ Կարոյանը, նշելով որ այդ կերպ վերահայտանգործվում է տարածքը։

Ժամանակակից արվեստի ինստիտուտն այժմ համայնքում փորձում է զարգացնել կավագործության արվեստը, ստեղծել արտադրություն, գյուղերում հիմնել երգչախմբեր՝ համատեղելով արտադրական գործունեությունն ու ստեղծագործական աշխատանքը։

Back to top button