Վերնատուն

Ջազը մտածելակերպ է մտքի, հոգու ներդաշնակություն և իմպրովիզացիա․ Գարի Քյոսայան․ «Վերնատուն»

«Ջազը մտածելակերպ է մտքի, հոգու ներդաշնակություն և իմպրովիզացիա, այն հոգեհարազատ է մտածող ժողովրդին», – ասում է ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը։

Ջազի միջազգային օրվան ընդառաջ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը խոսում է իր անցած ճանապարհի, համագործակցությունների ու «Գարի Քյոսայան ջազ քառյակի» առաջիկա համերգի մասին։

Ասում է ջազմեն լինելն ապրելակերպ է։ Ջազմենը պիտի բարի լինի, կրթված, գրագետ, պիտանի երկրին ու քաղաքին, օգուտ բերի ոչ միայն իր ազգին այլ նաև մարդկությանը։

Խոսելով «խորհրդային» ջազի մասին, ասում է, որ Խորհրդային միությունում ջազային ստեղծագործություններ չէր գրվում կամ գրվում էր շատ հազվադեպ։ Հիմնականում նվագում էին ամերիկյան ջազ ստանդարտներ, նվագում էին պատրաստի նոտաներ։

Ասում է Միացյալ նահանգներում ջազային համալսարան ու ակադեմիա անցավ, իր պատկերացումները հարստացան։ Գարի Քյոսայանն ասում է, որ իսկական արվեստի հիմքը դասականն է, չի ապրում այն արվեստը, որը դասական հիմք չունի։ Ջազը դասական երաժշտական կրթություն է պահանջում և համապատասխան գործիք՝ ջազ նվագելու համար։

«Ջազը հոգևորի հետ մեծ կապ ունի։ Հոգևորն այն է, երբ ոչ մի բանից դժգոհ չես, բողոքես անարդարության դեմ, բայց քիչ լաց լինես։ Մեզ ստիպել են, որ միշտ դուդուկ լսենք ու ողբանք», –ասում է ջազմենը։

Խոսելով իր ջազ քառյակի և առաջիկա համերգի մասին, Քյոսայանը նշում է, որ շատ լավ ջազ երաժիշտներ ունենք, իր պարտքն է համարում բոլորի հետ նվագել, դա է պատճառը որ քառյակի երաժիշտները հաճախ փոխվում են։

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին ներկա է լինելու Միացյալ նահանգներից ժամանած վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆյելոնը: Կհնչեն նաև Գարի Քյոսայանի երկու նոր ստեղծագործությունները։ Համերգը տեղի կունենա ապրիլի 30-ին , ժամը 20։00–ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Back to top button