Վերնատուն

Պատերազմի «ներսն ու դուրսը»․ երբ պարտությունը անխուսափելի է․ «Վերնատուն»

Արձակագիր Արամ Ավետիսի նոր «Ամպուտացված ամպեր» վերնագրով չորրորդ գիրքը, քառասունչորսօրյա պատերազմի մղձավանջի մասին է։ Հերոսը, փախչելով պատերազմի սարսափներից, հայտնվում է իր ներսի իրականության մեջ, որը նույնքան սարսափազդու է։ Միակ մխիթարությունը նա գտնում է գրականության, սիրելի հեղինակների միջավայրում, բառերի աշխարհում, թեպետ վստահ է, որ գրելը նույնպես անիմաստ է, քանի որ պատերազմի սարսափների մեջ արվեստն ու գրականությունը նույնպես անիմաստ է։

«Գիրքն առհասարակ անհատի պարտության մասին է։ Երբ հասկանում ես, որ իրականում ոչինչ չես կարող փոխել։ Պարտությունն իրականում անխուսափելի է, քանի որ հաղթանակի մեջ պարտություն կա, պարտության մեջ հաղթանակ», – ասում է հեղինակը։

Արամ Ավետիսն ասում է, որ լեզուն է իր գրքի գլխավոր հերոսը։ Լեզվի միջավայրում է հերոսն ինքն իրեն գտնում ու հենց էդտեղ էլ իրեն պաշտպանված է զգում։ Գտնվելով լեզվի միջավայրում, երբ «կախվում է բառերից», փրփուր բառերից կամ բառախաղերից՝ դժվարություններն ավելի հաղթահարելի են դառնում։

Գրքում, ինչպես հեղինակն է ասում, ներքին ու արտաքին պատերազմների բախումն է, որտեղ երկու դեպքում էլ դատապարտված ես պարտության։ «Էլիոթն ասում է․ վերքը բուժելու համար այն պիտի դառնա ավելի խորը, պիտի ավելի շատ ցավեցնես ինքդ քեզ, որ կարողանաս դուրս գալ էդ ամենի միջից։ Պատերազմի իրականությունը շատ ավելի սարսափելի է ու սյուռեալիստական, քան ամենատաղանդավար մարդու գրած գիրքը, այն գեղարվեստական իմաստով նույնպես ավելի սարսափելի է, քան այդ մասին գրվում է պատերազմի մասին գրքերում», – ասում է Արամ Ավետիսը։

Back to top button