Վերնատուն

«Օգտակար քաղաքացիների» հասարակությունը․ «Վերնատուն»

Ճապոնագետ, թարգմանիչ Աստղիկ Հովհաննիսյանը խոսում է Ճապոնիայի հասարակության, մշակութային առանձնահատկությունների, կրթության, բնության հանդեպ վերաբերմունքի ու յուրօրինակ զարգացումների մասին։

Օրերս լույս տեսած «Ճապոնիայի հասարակություն» վերնագրով հետազոտության մեջ Աստղիկ Հովհաննիսյանն անդրադառնում է Ճապոնիայի սոցիալական պատմության յուրահատուկ կողմերին, կոտրում այդ երկրի մասին ընդունված կարծրատիպերն ու միֆերը։

«Հայաստանում շատ են Ճապոնիայի մասին ռոմանտիզացված պատկերացումները։ Ճապոնիան շատ հաճախ ներկայացվում է որպես իդեալական երկիր, որտեղ ամեն ինչ լավ է։ Մարդիկ պահպանում են իրենց մշակույթը, պաշտամունք ունեն բնության հանդեպ, բայց Ճապոնիան համաշխարհային հասարակության մի մասն է և ունի նույն խնդիրները, ինչ օրինակ Հայաստանը և ճապոնացիները իրենց խնդիրները լուծելու համար նույն կերպ պայքարել են շատ երկար տարիներ», – ասում է Աստղիկ Հովհաննիսյանը։

Շատերը մտածում են, որ Ճապոնիայի քաղաքակրթությունը ինքնուրույն է զարգացել, բայց 19-րդ դարի վերջում նրանք արևմտյան քաղաքակրթական կողմնորոշում են ունեցել, այդ ժամանակաշրջանի ճապոնացի մտածողների քաղաքական գործիչների գործերում նկատելի է, որ իրենց ոչ թե Ասիայի, այլ արևմուտքի մաս են համարում, պատճառաբանելով, որ ունեն նույնպիսի ժողովրդավարական երկիր ու նույնպիսի պետական ինստիտուտներ ինչպիսին արևմուտքը։

Ճապոնիայի հավատալիքներում շատ մեծ տեղ ունի բնությունը և ճապոնացիները վաղուց բնության հանդեպ պաշտամունք են ունեցել։ Անցյալում նույնիսկ ծառ կտրողը մահապատժի է ենթարկվել, գործել է «մեկ ծառ մեկ վիզ» օրենքը։ Սակայն արդյունաբերական զարգացումների հետ զուգահեռ տեղի են ունենում շոկային բնապահպանական աղետներ։

Հանքարդյունաբերության արդյունքում լրջորեն աղտոտվում ու թունավորվում է շրջակա միջավայրը, պատճառ դառնալով մի շարք հիվանդությունների։ Ճապոնական կրթության առանձնահատկություններից է հավասարության սկզբունքը, Աստղիկ Հովհաննիսյանը նշում է, որ ճապոնացիները նախընտրում են բոլորը հավասար գիտելիքներ ունենան, քան օրինակ մեկն առանձնանա իր «հանճարեղությամբ», նրանք զարգացնում են «օգտակար քաղաքացի» լինելու մշակույթը և նույն էթիկան դպրոցներից տանում են աշխատավայր։

«Հայաստանում պակասում է ճապոնական կարգապահությունը, նաև պակասում է ճապոնացիների «անել մի բան ամեն օր մինչև որ կհասնես կատարելության» սկզբունքը, պակասում է հենց այդ համբերությունը, հմտությունները հղկելու», – ասում է Աստղիկ Հովհաննիսյանը։

Back to top button