Վերնատուն

«Տոնապետ 2023» գրական մրցույթը նշանավորեց Վրեժ Իսրայելյանի 75-ամյակը․ «Վերնատուն»

Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի 75-ամյակը նշանավորվեց գրողի անունը կրող «Տոնապետ 2023» գրական մրցույթի արդյունքների ամփոփմամբ։ Մրցույթի հիմնադիր նախագահ, արձակագիր Մհեր Իսրայելյանը խոսում է մրցույթի հիմնադրման նպատակների, մրցանակաբաշխության արդյունքների, մրցույթների անհրաժեշտության ու ժամանակակից գրականության զարգացումների մասին։

Վրեժ Իսրայելյանը գրական մրցույթներ չի սիրել, համարել է, որ գրականության մեջ սպորտային մրցակցություն չի կարող լինել։ «Թե՛ ինքը, և թե՛ ես շատ սիրում էինք պատմվածքի ժանրը և պատմվածքը զարգացնելու գաղափարը ինձ թվում է, որ նա կողջուներ և կքաջալերեր», – ասում է Մհեր Իսրայելյանը, հետո հավելում է, որ հայրը չէր սիրում իր անձի փառաբանությունն, ու թերևս դա է պատճառը, որ մրցույթը կոչվում է խորհրդանշական՝ «Տոնապետ» անվանումով։

«Տոնապետը» Վրեժ Իսրայելյանի ոչ միայն վերջին գրքի վերնագիրն է, այլ, ինչպես որդին է ասում, իր գրականության այցեքարտային պատմվածքներից մեկը, որտեղ հեղինակը բանաձևում է հայ ժողովրդի ապրելու ուղին։ Մարգարեական բանաձև, հատկապես վերջին տարիների ազգային ողբերգությունից հետո։

«Տասնյակ տաղանդավոր գրողներ ունենք և այսօր ստեղծվող գրականության միջից կարող ենք ընտրել շատ արժեքավոր ստեղծագործություններ», – ասում է Մհեր Իսրայելյանը։

Մասնակից 150 պատմվածքներում Վրեժ Իսրայելյանի ստեղծագործությանը մոտ պատմվածք գրեթե չկար։ Ժյուրին հաշվի է առել ստեղծագործության առանձնահատուկ ոճն ու լեզուն, ասելիքի համամարդկային և ազգային առանձնահատկությունը։ Մհեր Իսրայելյանը վստահաբար ասում է, որ մի 10-15 պատմվածք հայրը հաստատ կհավաներ։

Վրեժ Իսրայելյանի անվան «Տոնապետ» գրական մրցույթը լինելու է շարունակական, նախատեսվում է հինգ տարին մեկ անգամ հրատարակել հաղթած պատմվածքներից կազմված անթոլոգիա։

Back to top button