Վերնատուն

Ես չեմ հորինում, գրագողություն եմ անում կյանքից․ արձակագիր Սուսաննա Հարությունյան․ «Վերնատուն»

Արձակագիր Սուսաննա Հարությունյանը խոսում է իր նոր ՝ «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածույի մասին։ Գիրքը ներառում է շուրջ 19 պատմվածք, որոնք գրվել են վերջին 2-3 տարիների ընթացքում։ Հեղինակն ասում է, որ ասելիքն է թելադրում ստեղծագործության ժանրը։

«Ես չեմ պլանավորում մարդկությունը փոխել, հայ գրականությունը հարստացնել, գրում եմ, որովհետև զգում եմ դրա կարիքը։ Մենք հաճախ մեղադրում ենք, որ բոլորը գրամոլներ են, ով տառերը գիտի գրում է, մարդը պահանջ ունի գրելու և թե ինչ է ստացվում գրելուց հետո, դա հաջորդ փուլն է, որը որոշում է ընթերցողը, որոշում է քո փառասիրությունը», – ասում է Սուսաննա Հարությունյանը։

Հեղինակն ասում է, որ իր հերոսներն ունեն նախատիպեր, նրանք կենդանի մարդիկ են և հենց դա էլ կյանքն է։ Նշում է, որ իր հերոսներին այլ իրականություն չի կարող տեղափոխել, չի կարող խաթարել նրանց ճակատագիրը, գունազարդել իրականությունը:

«Կյանքը ոչ միայն փորձաքննություն այլև փորձասենյակ է, որտեղ քո կերպարների միջոցով ես փորձում հասկանալ թե ինչ է կյանքը, ինչ է տրվում, ինչու է տրվում և բազմաթիվ այլ հարցեր»։

Արձակագիրը խոստովանում է, որ վառ երևակայություն ունի, բայց խուսափում է հորինել։ «Իմ դեպքում ես գրագողություն եմ անում կյանքից։ Երբ ես կյանքից չեմ արտագրում այլ ինքս եմ հորինում, ստացվում է շատ ավելի թույլ գործ, քան տվյալ դեպքում», – ասում է նա։

Խոսելով իր հերոսների անցյալում բնակվելու և ներկայի հետ անհաշտ լինելու մասին, հեղինակը նշում է, որ շատ մարդիկ կան, որ ընդունակ չեն ընկալելու փոփոխությունը, իրենց ավելի հարմար է մնալ անցյալի հարամարավետության գոտում։ Խոստովանում է, որ ինքը նույնպես այդ մարդկանց շարքում է։

Back to top button