Վերնատուն

«Ուխտագնացություն դեպի ուղեղ»․ Ո՞վ է կառավարում մեր ուղեղը. «Վերնատուն»

Ինչպե՞ս հետևել ուղեղի աշխատանքի գործունեությանը, ինչու՞ է կարևոր ուղեղի ինքնակրթությունը։

«Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հեղինակ, մասնագիտությամբ լեզվաբան և կառավարման խորհրդատու Քրիստինե Սարգսյանը 20 տարվա խորհրդատվության փորձ ունի՝ առաջնորդության, փոփոխությունների կառավարման, ռազմավարական մտածողության ոլորտում։ Խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 200 կազմակերպությունների, TedxYerevan-ի համահիմնադիրն է։

Պատմում է, որ «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը իր անձնական ուխտագնացությունն է՝ դեպի իր ուղեղ, որի արդյունքում՝ կյանքը շատ ավելի լավն է դարձել։ Ասում է՝ գրող լինելու ցանկություն կամ երազանք չի ունեցել և գիրքը գրել է երեխաների ու երիտասարդների առաջ պատասխանատվության զգացումից ելնելով։

«Գիրքը գրելու հիմնական մոտիվացիան եղել է «անճարությունը», – ասում է նա։ «Շատ դժվար է կյանքի որոշակի փուլում գնալ մտածողության, վարքագծի փոփոխության։ Կարևոր է վաղ տարիքից հասկանալ, թե մեր վարքագծի ետևում ինչ է՝ ինչ զգացմունքներ կան, այդ զգացմունքների ակունքում՝ ինչ մտքեր են առաջանում, ինչպես ենք մենք դրանք ֆիլտրում, ձևակերպում, ինչպես ենք հավատում և ինչ արժեք ենք տալիս դրանց»։

«Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը գրվել է հեղինակի 10 տարիների մի շարք հետազոտությունների արդյունքում։ Ասում է, որ մեզանում բաց է մնացել որոշակի տեսակի գրականություն՝ հանրային գիտություն ստեղծելու, զարգացնելու, ճանաչելու և ընթերցելու հնարավորությունը: «Մենք շատ ավելի գիտակից հանրություն կունենայինք, ավելի քիչ զգացմունքային և ավելի շատ վերլուծող»,– ասում է Քրիստինե Սարգսյանը։

Խոսելով հանրության շրջանում կարծրատիպերի ու միֆերի մասին՝ Քրիստինե Սարգսյանն ասում է, որ դրանցից ազատվելու համար լրացուցիչ ջանքեր են պետք։ «Բոլոր իմ ուսանողներին առաջին բանը, որ հարցնում եմ, այն է, թե ձեր ուղեղի քանի տոկոսն եք օգտագործում։ Եվ բոլորը պատասխանում են 3, 7 կամ 10 տոկոսը։ Սա միֆ է։

Հենց որ որոշես, որ 100 տոկոսը պիտի օգտագործես, քո բոլոր խնդիրները լուծելու ես։ Ինչո՞ւ չենք ուզում ավելի ջանք ներդնել մի բան ավելի սովորելու համար, մեր մտածածը կամ՝ հավատացածը կասկածի ենթարկելու, այլ կողմից նայելու, այլ լուծումներ գտնելու, ուղղակի կարծրատիպերից ձերբազատվելու համար», – ասում է Քրիստինե Սարգսյանը։

Back to top button