Ազդ անցյալից

Ծանուցումներ վաճառաշահ Զմյուռնիայից․ «Ազդ անցյալից»

  • Մատամ Մարիցան հոս է…    
  • Զանազան պիժութըռի…
  • Քուլամպիտիս էֆենդին կահկարասի կը շինէ…             

Հր. Աճառյանը գրում է, որ վաճառաշահ Զմյուռնիայում կան բնակավայրեր, որտեղ խոսում էին Ղարաբաղի բարբառով: Մինչ Կիլիկիո թագավորության անկումը, Լենկ Թեմուրի, Շահ Աբասի արշավանքները, երբ  շատ հայեր Արարատյան դաշտից, Ագուլիսից, Հին Ջուղայից, Երևանից, Շվանիձորից, Շիկահողից, Կարբիից, Սրաշենից, Կապանից, Տաթևից ու Ղարաբաղից հանգրվան գտան Էգեյան ծովեզերքին գտնվող փոքրասիական չքնաղ քաղաք Զմյուռնիայում, վաճառականները այստեղ էին արդեն:

1790 Զմյուռնիայում հայերը կերպասի մի մեծ գործարան հիմնեցին, որը 50 տարի շուկայում թելադրողը դարձավ: Սուլթան Սելիմի ֆերմանով էլ յազմայի արտադրությունը և արտահանման արտոնությունը հայերի տրվեց: Նրանք շուկայից դուրս մղեցին բոլորին:    

Օսմանյան կայսրության ամենախոշոր նավահանգստային հունական այս քաղաքում, որտեղ հոծ հայ բնակչություն կար, 1676-ին հիմնվում տաճկաստանում 1-ին հայկական տպարանը՝ Սուրբ Էջմաիծին և Ս. Սարգիս Զորավարի անունով Ջուղայեցի ոմն Մկրտիչի կողմից: 83 տարվա դադարից հետո՝ 1759-ից սկսած, Զմյուռնիայում հիմնվում են նորանոր տպարաններ: Հովհաննես Չելեպին իր հորը հետ հիմնում է 1-ին հայկական թերթը՝ բողոքական հայերի «Շտեմարանը»: Դա 1839 թվականն էր:

    

Դրանցից հետո՝ 1840–ին հիմնվում է նոր տպարան, որտեղ էլ սկսում է տպագրվել Ղուկաս  Պալթազարեանի «Արշալույս Արարատեանը»: Եվ այսօր թերթելու ենք հենց միմիայն «Արշալույս Արարատեանի» էջերը:

 

Հր. Աճառյանը գրում է .««Արշալույս»-ը իսկապես առաջին հայ թերթն է՝ արժանի պատվավոր կերպով կրելու այդ անունը: Նա դարձավ բովանդակ հայության բերանը և Չինաստանէն մինչև Աւստրիա գտնուած հայ գաղթականութիւններէն թղթակցութիւններ ունէր: … «Արշալույս»-ը Իզմիրի հայութեան համար յաւիտենական պատիւ էր»:   

    

1841-ից այս թերթի վերջին էջերում  ստեպ-ստեպ հայտնվում էին հայտարարություններ և ծանուցումներ: 

«Պարոնայք Իվալտի և Սամբիէրի իտալացի ժամագործք կըծանուցանեն քաղաքիս յարգոյ  հասարակութեանը թէ իրենց գործատունը և մեքենականութեան ուսումնարանը ի Մատամախանը փոխադրուած են, ուր չափաւոր գիներով կըծխեն չքնաղագիւտ զարդեր (պիժութռի) զանազան տեսակ ժամացոյցներ և անոնց վերաբերեալ  պէսպէս զարդարանք:Այլև յանձնառու կըլլան շինելու ազգի  մեքենաները, ելեկտրական, օդաչափական, ջրաբաշխական ու շոգեշարժ գործիքները և այլն:      

Թերթի գովազդատուները շատ հաճախ օտարազգիներ էին, որոնք հայկական «Արշալույս Արարատյանի» միջոցով առաջ էին մղում իրենց բիզնեսը Հոմերոսի ենթադրյալ ծննդավայր Զմյուռնիայում, որը Լամարթինը անվանում էր Արևելքի աստղ, իսկ թուրքերը՝ գյավուր Իզմիր: Լսենք Մատենադարանի արխիվագիտական բաժնի գիտաշխատող Անահիտ Աստոյանին:

1915թ․ Օսմանյան կայսրությունում վիճկագրություն է անցկացվել, ըստ որի Էգեյան ծովի, միջերկրական, սևծովյան տարածաշրջաններում տնտեսվարողների 95-96 %-ը կազմել են հայեր և հույներ: Տնտեսական դաշտը թողել էին ոչ թուրք տարրերին, հիմնականում հայերին և հույներին: Թուրքերը քաղաքակրթական այն մակարդակի վրա չէին գտնվում, որպեսզի վարեին երկրի տնտեսությունը: Ուստի հայերը և հույները, 500 տարի վարեցին երկրի տնտեսությունը: Հայ տնտեսվարողը աշխարհի հետ համընթաց քայլեց և անընդհատ նորացրեց իր գիտելիքները: Դա շատ կարևոր էր: Զմյուռնիայի և Պոլսի հայկական առևտրային տները իսկապես անմրցելի հաստատություններ էին:

«Մատամ Մարիցցա մօտիստրան, որ քաջածանոթ է քաղաքիս հայ տիկնանց, այսօրերս վերադարձաւ Փարիզէն ընկերութեամբ Գաղղիացի դերձակուհիի մը եւ իւր հետը  բերելով շատ տեսակ գեղեցիկ ու նորելուկ բաներ կանանց հագուստի վերաբերեալ:Իւր աշխատութեան տունը հոկտեմբերի 3-էն  հինգշաբթի օրը պիտի բացուի, ուստի մատամ Մարիցցան կը յուսայ թէ կարող  պիտի ըլլայ ամէն կերպիւ գոհ ընել իւր միւշթերիները, ինչպէս որ ցայսօր յաջողած է անոնց հաճոյքը  կատարելու»:   

«Իր հետ բերելով շատ գեղեցիկ և նորելուկ բաներ», ինչ լավ բառ է՝  նորելուկ: Երբեմն հանդիպում է 19-րդ դարի հայկական մամուլում նոր տեսականի, նորություն իմաստով: Գուցե շրջանառենք մեր առօրյայում: Օրինակ՝ խանութում նորելուկ կոշիկներ են ստացել: Ի՞նչ վատ է որ:

«Գործատուն կահկարասեաց. Ներքոյգրեալս պատիւ համարիմ անձինս ծանուցանել արգոյ հասարակութեան թէ կատարելագործելով զգործատունն իմ, նորա մէջ կը շինեմ ամեն տեսակ գեղեցիկ և ամենահաստատ կահկարասիք եւրոպական  ձևով, աժան գնովք: Գործատունս կըգտնուի Շիշէճիներու շուկան, Բէդրային ֆրէնքխանէին մէջ, թիւ 5: Տիմիգրիօս Քուլամպիտիս»:   

Զմյուռնիայի հայերի հարստության մասին լեգենդներ են պտտվում: Այդ հարստությունը օգնեց առժամանակ խուսափել անձնական հաշվեհարդարից, բայց. պատմում է Անահիտ Աստոյանը.

1918 Մուդրոսի զինադադարից հետո Ալեքսանդր Շիրվանզադեն եղել է Զմյուռնիայում և այցելել Սիվրիհիսարեան-Ազնավուրեան առևտրական հաստատության պահեսները և վաճառատները և ստացել է այն տպավորությունը, որ միայն այս առևտրական ընկերության վաճառատներում և պահեստներում պահվող ապրանքները բավարար էին Կովկասի ողջ բնակչության 1 տարվա  կարիքների համար:

Զմյուռնիան1915-ին չտեղահանվեց, որովհետև հայերը և հույները հսկա կաշառքներ տվեցին: Բայց հարմար պահը պիտի գար: 1922թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամեհի հրդեհը:

Հրդեհը ընդհանրապես տեղի էր ունենում հայերի և հույների տեղահանությունից հետո անմիջապես: Դա հայերին և հույներին վերջնականորեն երկրից արտաքսելու մի ձև էր: Ի դեպ չէր տեղահանված նաև Քյոթահիայի գավառը, որովհետև տնտեսական շատ կարևոր կենտրոն էր: Այստեղ 4 գորգի գործարաններ և 3 հախճապակու գործարաններ աշխատում էին Եվրոպայի համար: Բայց հարմար պահը եկավ և տեղահանվեցին ու կոտորվեցին նաև այս տարածաշրջանի հայերը:

Հենց այս դեպքերի ժամանակ իբրև Toronto Star-ի թղթակից էռնեստ Հեմինգուեյը գտնվել է Զմյուռնիայում և շարադրել իր տեսածը «Մեր ժամանակը» ժողովածուի «Զմյուռնիայի նավահանգստում» պատմվածքում. «Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջների մեջ էի ընկնում»։ Այս մեկ նախադասությունը արդեն ամեն ինչ ասում է:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button