Ո՞րն է լինելու Փաշինյան-Պուտին 3-րդ հանդիպման թիվ մեկ հարցը
Քաղաքագետների փորձագետնրի ուշադրության կենտրոնում երեք օր առաջ Ալիևի Սոչի այցի ամփոփումն է ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 8-ին սպասվող Մոսկվա այցն ու ռուս գործընկերոջ Վլ. Պուտինի հետ հանդիպումը:
Ինչ սպասել ՀՀ վարչապետի Մոսկվա այցին ու ինչ է արձանագրում Ալիևի Սոչի այցը:
Ադրբեջանում ավելի շատ հետևում են Նիկոլ Փաշինյանի այցերին, քան Ալիևի: Անգամ հումորով գրում են, որ Ալիևը բարևել սովորել է ՀՀ վարչապետից, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ուշադիր հետևում է ադրբեջանական լրատվամիջոցներին, լսում տեղի քաղաքագետների կարծիքները և նման եզրահանգում անում:
Պուտին-Ալիև հանդիպումը էական նշանակություն չունեցավ ադրբեջանցիների համար ասում է՝ զերծ մնալով Պուտին-Ալիև հանդիպման երևացող պայմանավորվածությունների մասին վերծությությունից:
Նա ավելի կարևորում է Ալիևի Սոչի այցի չերևացող պայմանավորվածությունները: Դրանք շուտով հայտնի կդառնան՝ Փաշինյանի Մոսկվա այցից հետո: ՀՀ վարչապետի այցը հստակեցում կմտցնի նաև ղարաբաղյան խնդրում, ասում է:
Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպումը կլինի թվով երրորդը: Առաջինը մայիսի 14-ին էր՝ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Երկրորդը հունիսի 13-ին Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակներում ՀՀ վարչապետի ՌԴ այցի ընթացքում:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը սակայն Պուտին Ալիև հանդիպման արդյունքում եզրակացրել է, որ Բաքուն ու Մոսկվան ավելի են սերտացնում հարաբերությունները, իբրև ասվածի հիմք նա մատնանշում է երկու երկրների միջև փոխգործակցության շուրջ ճանապարհային քարտեզների մշակումն ու երկկողմ պայմանագրերը:
Ավելին, նա հակված է ընդունելու փորձագետների այն պնդումները թե Ալիևի վերջին այդ այցն ամենակարևոր էր վերջին 10 տարում:
ՌԴ նպատակ ունի դառնալ այն հիմանկան տրանզիտը, որ կապում է Եվրոպան Ասիայի հետ: Մյուս կողմից Ադրբեջանը տարածաշրջանում կարևոր տրանզիտ է ձգտում լինել և շահերը այդ առումով համընկնում են ասաց քաղաքագետը նշելով նաև, որ Հայաստանն էլ այս պայմաններում պետք է ռուս-ադրբեջական մերձեցմանը հակազդելու քայլեր ձեռնարկի:
Աղմուկ առաջացրած հարցերից էր նաև Սոչիում արված Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն ավելի քան հինգ միլիարդ դոլարի ռազմատեխնիկական նշանակության արտադրանք է գնել Ռուսաստանից. այս հարցում Հայաստանում չպետք է թուրընկալում լինի, խոսքը անցած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինության մասին է, և ոչ նոր ձեռք բերվելիք.
«Ցավոք, ոմանք դա ընդունեցին՝ որպես նոր ռազմական համաձայնագիր»:
Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը առհասարակ չի քննարկվել Սոչիում, ինչը նշանակում է, որ աղմուկը, որը բարձրացավ Ալիևի Սոչի այցի ընթացքում, նյարդերի լարում ապահովելու համար էր, ինչը հաջողվեց. կարծում է քաղաքագետը:
Հայաստանում անգամ հստակեցվեց, որ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության հարցի դեպքում ՀՀ կկիրառի վետոյի իր իրավունքը: