Ազդ անցյալից

Լուսանկարչական սարքերից մինչև շքեղ ալբոմներ` 19-րդ դարի հայկական մամուլի գովազդներում․ «Ազդ անցյալից»

  • Լօրնետ, պէնսնէ…
  • Լիւմիէրի եղբայրերու ապրանքը  մեր պահեստին մէջ…
  • Աշակերտական պարագաներ…

Մարդկանց առօրյայում ուղեկցող ապրանքների և ծառայությունների որակական և քանակական փոխակերպումների մասին պատկերացում կազմելու վստահելի տարբերակներից մեկը մամուլն է: Ավելի ճիշտ` մամուլի գովազդային բաժինների ուսումնասիրությունը: Ինչը և մենք անում ենք միասին: Այսօր կշարունակենք պատմել մասնագիտական ոլորտում նաև կենցաղում ամուր տեղ զբաղեցնող ևս մի քանի առարկայի մասին,  որոնք ակտիվորեն գովազդվում էին 19-րդ դարի հայկական մամուլում:

Եվ այսպես՝ «Մշակ»-ի 1888թ. համարներից մեկում ծանոթանում ենք  ոմն խանութպան ՑԷՅՏԼԻՆԻ վաճառատան օպտիկակական բաժանմունքի առաջարկի հետ: Մինչ այդ մի փոքրիկ հիշեցում անհիշելի ժամանակներից. Դեռևս Միջագետքում, Եգիպտոսում գիտեին աչքերի խնամքի և տեսողության շտկման որոշ գաղտնիքներ:

Այդ վայրերում կատարված պեղումներից և հնագույն գրառումներից պարզվում է, որ հղկված  զմրուխը և լեռնային բյուրեղը  հիմնական բաղադրիչն էին ակնոցների նախատիպի համար: Վկայություն կա այն մասին, որ 12-րդ դարում Չինաստանում դատավորները կրում էին թանձր ծխագույն կվարցե հարմարանքներ, դատավարության ընթացում թաքցնելու իրենց աչքերի արտահայտությունը ներկաներից:

Իսկ հյուսիսային ժողովուրդները,արևից, ձյան ճերմակությունից և ձյունե մրրիկներից աչքերը պաշտպանելու համար պատրաստում էին նեղ կտրվածքով ոսկրե կամ փայտե հարմարանքներ:Նինվեի պեղումների ժամանակ հայտնաբերվել է մշակված լեռնային բյուրեղից լինզա, ավելի մեծը և առավել լավ հղկվածը՝ Կրետե կղզում: Հայտնի է՝ Սենեկան, որ թույլ տեսողություն ուներ կարդալու համար գործածում էր  ապակե գունդ՝ իբր խոշարացնող միջոց:

ՕՊՏԻԿԱՆ ԿԲԱԺԱՆՄՈՒՆՔ Մ. Գ. ՑԷՅՏԼԻՆԻ ժամացոյցների մագազինում: Պալատի այգու դիմաց, անկիւնի մագազինը: Ամեն տեսակ ԱԿՆՈՑՆԵՐ, ՊԷՆՍՆԷ, ԼՕՐՆԷՏՆԵՐ և ԶԵՐՄԱՉԱՓԵՐ: Տրվում են ճշգութեամբ պ.պ. բժիշկների կարգադրութեան համեմատ, նոր մետրիական և նախկին դիւյմային սիստեմայով:Կարկատվում են ակնոցները և նոր ապակիներ են դրում: ԳներնԵՐԸ ԱՄԵՆԱՉԱՓԱՒՈՐ ԵՆ: 

7-րդ դարում Անանիա Շիրակացին նայում էր երկնքին, կենդանիների վարքին և մեկնաբանում օդերևութաբանական իրավիճակը: Արդեն 17-րդ դարից սկսած Գալիլեյո Գալիլեյը, ապա Ֆարէնհայթը, Ցելսիուսը և մյուսները ջանում էին ստեղծել  առավել ստույգ ջերմաչափ: Իսկ 19-րդ դարի ավարտին Պոլսում վաճառքի են հանվում  ճշգրիտ ջերմաչափեր հայերենով ծանոթագրված:

Հայերէն ջերմաչափ վերջին աստիճանի ճիշտ եւ զգայուն հայերէն ծանոթութիւններով բացատրուած: Այս հայերէն ջերմաչափ, զոր մասնաւոր խնամքով պատրաստած է Վէնսան էֆենդի Գասպարեան, մայրաքաղաքիս ամենէն հին և պատուաւոր դեղավաճառը, շատ մը տեսակներու բաժնուած ըլլալով այլ և այլ գներով կը ծախուի, Կ.Պոլիս Պահճէ Գափու  թիւ 7,Գասպարեան դեղավաճառատունը:

Հեղինակն այս ջերմաչափը ճոխ ծանոթութեամբ պատրաստելով, նպատակ ունեցած է գիտական ծառայութիւն մը մատուցանել հասարակութեան և բարեբախտաբար յաջողած է:

Այս նորահնար ջերմաչափ անոր համար ճիշտ է, որ սնդիկ պարունակող ապակեայ խողովակին ներքին մասն ու արտաքին ստորաբաժանումները վերջին աստիճանի համաձայն են իրարու եւ անոնց ճշդութիւնը վավերացուած է  Բարիզի ու Պերլինի օդերեւութաբանական հաստատութիւններէն: Վաճառվում  են նաև դեղեր, հանքային ջրեր, վիրաբուժական գործիքներ, կազդուրիչ գինիներ, մանկական սնունդ, սթէռիլիզաթէօռ և այլն:

 Լուսանկարչության համաշխարհային պատմությունը լեցուն է հայազգի  բացառիկ վարպետների անուններով: Բոլորին թվելը տևական ժամանակ կպահանջի.  պալատական լուսանկարիչներից մինչև աշխարհի տաբեր քաղաքներում հռչակավոր լուսնակարչատների հիմնադիրներ, ևս առավել  լուսանկարչության միջոցով  կենսաէներգիան, այսպես ասած,  լուսանկարելու գյուտի  հեղինակը՝  Սիմոն Կիրլյանը:

Թիֆլիսում բացված «Յոախիմ և ընկերների» լուսանկարչական պահեստից վստահաբար օգտված կլինեն Արևելյան Հայաստանի 19-րդ դարի լուսանկարիչները:

Լուսանկարչական պարագաների պահեստ Ֆ. Եօխիմ եւ  ընկերներ

Առաջարկում են առաջիկա սեզոնի համար լուսանկարչական ամեն տեսակ պարագաներ մեծ քանակութեամբ նոր կատարելագործուած կամերաներ, որոնք հանում են մոմենտալ կերպով : Գլխավոր  ներկայացուցիչը ամբողջ Ռուսաստանի համար լուսանկարչական ապակիների Վէյսբրոդ  գործարանի: Այս ապակիները իրենց զգայնութեամբ գերազանցում են Լիւմերի ապակիներից  եւ վերջիններից տարբերվում են իրենց շերտի անսովոր մաքրութեամբ: Գների Էժանացման, այլ և զանազան նորութիւնների մասին մամուլի տակ գտնված հրահանգը ուղարկւում է ձրի:  

Այս գովազդը Թիֆլիսի «Նոր Դար»-ից էր, 1895 թվական: Այսօր Հայաստանի պատմության թանգարանում և Ազգային պատկերասրում հարևանությամբ ցուցադրվում են լուսանկարչական 2 տարբեր դպրոցների հայ ներկայացուցիչների ՝ հայր և որդիներ Վրույների և Կոստանդնուպոլսեցի Աբդուլլահյան եղբայրների անկրկնելի աշխատանքները:

Անպայման պետք է այցելել: Իսկ 1893-ի «Հայրենիք»-ի համարներից մեկը գրում է.

Յ. Տիրատուր, Կոստանդնուպոլիս, Պահճէ Գաբու, Ճելալ Պէյ խանի ներքեւ, թիւ 8

Մասնաւոր վաճառատուն լուսանկարչական ամէն տեսակ պիտոյից.

Սոյն վաճառատուն (յաջորդ նախկին Մէրճանօֆ տան լուսանկարչական պիտոյից ճիւղին) ի վաճառ հանած է բոլորովին նոր դրութեամբ կարգ մը մեքենաներ որք թէ լաւ եւ թէ գէշ օրերու կրնան ամենալաւ պատկերներ առնել: Գները անհաւատալի կերպով աժան, այսինքն 13-18 սանդիմէթր պատկեր հանող 3,5 ոսկիէն եւ 18-24 սանդիմէթր 5,5 ոսկիէն սկսեալ:

Այս մեքենաներ շատ թեթեւ են եւ փոխադրութեան յարմար:Կը գտնուին նաեւ ճոխ եւ առաջնակարգ անգլիական մեքենաներ, ինչպէս նաեւ տաք երկիրներու յատուկ մասնաւոր շինուծքով մեքենաներ: Թուրքիոյ համար միակ ներկայացուցիչ Լիօնի Լիւմիէր եւ Որդւոց չոր բլաքներու: Սոյն բլաքներ կը վաճառուին յատուկ տուփերու մէջ որոց վրայ կը գտնուի գործարանապետին ստորագրութիւնը կրող պիտակ մը, որ միակ երաշխաւորութիւնն է թարմ եւ գործարանէ ուղղակի եկած լինելուն:Նոյն գործարանին Սիթրաթ տ՛ Արժանի պատրաստ արծաթուած թուղթը եւս իր փայլունութեամբ, արտադրած գեղեցիկ եւ յատուկ պատկերներովը, գործածութեան  դիւրութեամբ եւ գնոյն աժանութեամբը կոչուած է բոլորովին բառնալու Ալիւմինէ թղթին գործածութիւնը:

Վերջապէս, ամէն փորձառու լուսանկարիչ համոզուած է թէ լաւ պատկեր մը կարելնալ շինելու համար պէտք է գործածել Լիւմիէրի բլաք եւ Լիւմիէրի թուղթ:   նկ մանրմունր15

Շարունակելով թեման. «Նոր դար»-ի 1896 թվականի համարներից մեկի հայտարարությունը սպառողին է ներկայացնում, ամենայն հավանականությամբ, Պետերբուրգում, շվեյցարացի Սամուել Բեխլիի կողմից հիմնադրված ալբոմների, կաշվե աքսեսուարների գործարանի բացառիկ արտադրանքը՝ նշելով գործարանի գրասենյակի հասցեն և  պատասխանատուի անունը:

      Յատարարութիւն

Լուսանկարչական այլբօմերի եւ կաշեղէն ապրանքների Պետերբուրգի առաջին գործարանի Բերնարդ Մէերովիչ,Պետերբուրգ, գոյութիւն ունի 1880 թուականից:

Գործարանը պատրաստում է հետեւեալ ապրանքները. Զանազան ալբոմներ լուսանկարչական պատկերների, ոտանաւորների և նկարչութեան համար, արձանագրութիւնների, մինիստրական, մուրհակների պորտ ֆէյլներ, ամեն տեսակ թղթապանակներ, պորտ-մոնէ, քսակներ, ռեդիկիւներ, պորտ-սիգարներ, պորտ-վիզիտներ, նեսսեսերներ, ծոցատետրեր, ճանապարհի պայուսակներ, շրջանակներ և այլ, և այլն ամենաէժան  գնանոցներից մինչեւ ամենաթանկ գնանոցները:

 2-րդ արդյունաբերական հեղափոխության շրջանն էր: Խոշոր քաղաքներում  հիմնվում էին գործարաններ, եղածները ներդնում էին նոր տեխնոլագիաներ, բարձրացվում էր արտադրողականությունը, նոր շուկաներ էին բացվում: Այդպես եղավ և Կիևի թղթի գործարանների հետ: Կարդում ենք 1896-ի «Նոր դար»-ի համարներից մեկում.

 Կիեւի թղթի գործարանների բարձրագոյն հաստատուած Դիտեատկովսկու  ընկերութիւնը սրանով պատիւ ունի յայտնելու  ի գիտութիւն յարգելի հասարակութեան, որ սեպտեմբերի 10-ից  ինքը բացել է Բագւում , Թումանյեան եղբայրների տանը Միլիւտինսկայա փողոցի վրայ, սեպհական գործարանների արտադրութեան թղթերի պահեստ, ուր մեծ քանակութեամբ գտնւում են գրելու, գծագրական, աշակերտական և դիւանական պարագաներ: Վաճառումն լինում է մեծ և փոքր քանակութեամբ գործարանական գնով: 

Ծանոթացանք օպտիկայից մինչև ալբոմների, կաշվե աքսեսուարների և թղթե արտադրանքի  գովազդներին: Սա 19-րդ դարն էր՝ Պոլսից մինչև Թիֆլիս և 2 կայսրությունների այլ  քաղաքներ:     

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: 

Back to top button