ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Իրանի ու Ադրբեջանի միջև լուրջ բախում է հասունանում. փորձագետ

Իրան-Իսրայել հարաբերությունները գնալով ավելի են լարվում։ Իսրայելին Իրանի պատասխան գործողությունից հետո, հիմա էլ Իսրայելն է հայտարարում, որ Իրանին պատասխան հարված հասցնելու իրավունք ունի։

Փորձագետները կարծում են, որ դա արդեն կարող է իսկապես երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը դառնալ։ Նրանց կարծիքով՝ Իրանի հարվածներն ավելի շատ քարոզչական բնույթ էին կրում և միտված չէին Իսրայելին լուրջ վնաս հասցնելուն։ Իրանն ավելի կոշտ արձագանք է խոստանում, եթե Իսրայելը պատասխան գործողություններ ձեռնարկի։ Իրանի արտգործնախարարը Վաշինգտոնին կոչ է արել սզպել Թել-Ավիվին։       

Իրանը չի ձգտում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Այն, ինչը կարող է մեծացնել լարվածությունը, Իսրայելի գործողություններն են՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նա շեշտել է, որ այս ուղերձն են իրենք փոխանցել ԱՄՆ-ին՝ Իրանի իրականացրած «Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո։

Որոշ փորձագետների գնահատմամբ, եթե հիմա Իսրայելը հարվածներ հասցնի Իրանին, ապա դա կնշանակի, որ Իրանը պատասխանելու է շատ ավելի լուրջ զինատեսակներով, ինչը անկասկած, հանգեցնելու տարածաշրջանում մեծ պատերազմի։

Որոշ փորձագետների գնահատմամբ, սակայն, միջազգային խաղացողները չեն ցանկանում, որ էսկալացիան շարունակություն ունենա։ Մասնավորապես, ըստ նրանց, Միացյալ Նահանգներն  այս պահին ցանկանում է Մերձավոր Արևելքում իրավիճակը կառավարելի պահել, որպեսզի կարողանա ուժերը կենտրոնացնել ռուս-ուկրաինական հակամարտության վրա։

Իրանագետ Գարիկ Միսակյան. «Դատելով պաշտոնական հայտարարություններից ու ԱԽ  նիստից՝ եթե իսրայելական կողմից չլինի հարված իրանական տարածքի ուղղությամբ, ապա չեմ կարծում, որ որևէ շարունակություն ունենա այս լարվածությունը։ Իսկ պրոքսի պատերազմը Իրանի ու Իսրայելի միջև շարունակվելու է, ինչպես միշտ։ Նաև մյուս դերակատարները՝ սկսած ԱՄՆ-ից մինչև տարածարջանային պետություններ, ոչ մեկին այս փուլում պատերազմ պետք չէ։ Նույնիսկ այն պարագայում, որ Իրանի հարձակման ժամանակ ԱՄՆ–ն լրջորեն օգնեց Իսրայելին պաշտպանվել, սակայն պահանջում է Իսրայելից, որ ավելի չսրի իրավիճակը»։

Իրանական աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության փորձագետները դադարեցրել են իրենց գործունեությունը և հեռացել երկրից։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասյանյանը նկատում է՝ դա նշանակում է, որ Իսրայելի համար թիրախներ կարող են լինել հենց Իրանի միջուկային օբյեկտները։

«Իրանի համար դրանք կենսական նշանակություն ունեն, հետևաբար՝ Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ անելու է ոչ միայն այդ օբյեկտները պաշտպանելու (և արդեն անում է՝ մեծ քանակությամբ ՀՕՊ համակարգեր տեղակայելով հենց միջուկային օբյեկտների շրջանում), այլև՝ իր հերթին հարվածներ է հասցնելու Իսրայելի միջուկային օբյեկտներին»։

Այն, որ դաժան պատասխան կհետևի վայրկյանների ընթացքում՝ Իրանից արդեն ամենաբարձր մակարդակով է հայտարարվել։ Այսինքն՝ գնալով իրավիճակն ավելի է լարվում, արձանագրում են փորձագետները՝ նկատելով, որ Հայաստանի համար դա նույնպես մեծ վտանգ է ներկայացնում՝ հաշվի առնելով, որ Իրանը հարևան է և լուրջ դաշնակից-գործընկեր։ Այսօր Սյունիքը հայկական պահելու լուրջ երաշխավոր է Իրանը, քանի որ բազմիցս հայտարարել է, որ հայ–իրանական դարավոր սահմանն իր համար «կարմիր գիծ է»։

Ուշագրավ է, որ այս ֆոնին որոշ իսրայելական լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, որ Թել-Ավիվի ու Բաքվի կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում՝ Ադրբեջան-Իրան սահմանի ադրբեջանական հատվածում երեք ավիաբազա Իսրայելին տրամադրելու շուրջ։ Փորձագետները նկատում են՝ դա նշանակում է, որ տարածքներ են տրամադրվելու բռնազավթված Արցախից։ Միջազգայանգետ Գրիգոր Բալասանյանը հենց դրանով էլ պայմանավորում է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Վարանդայում օդանավակայանի կառուցումը։

«Հիմա պարզվում է, որ նպատակը Իրանի սահմանին մոտ կառուցելն էր, որ անհրաժեշտության դեպքում օգտագործեն Իրանի դեմ։ Իսկ փորձագետներն այդ մասին զգուշացնում էին դեռևս 4 տարի առաջ»։

Իրանական կողմն էլ տևական ժամանակ է, ինչ պնդում է, որ Ադրբեջանն օկուպացրած Արցախում տարածք է տրամադրել իսրայելական անօդաչու թռչող սարքերի և կործանիչների համար։ Նշվում է, որ հենց այնտեղից կարող է սկսվել Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի վրա։ Ի դեպ, իրանական լրատվամիջոցները գրել են, որ Թեհրանն զգուշացրել է Ադրբեջանի նախագահին, որ Արցախի օկուպացված տարածքներում իսրայելական օբյեկտներն ու բազաները կարող են Իրանի հրթիռային հարձակումների թիրախ դառնալ։ 

Եթե դա իրականություն դառնա, ապա Սյունիքին մոտ տարածքներում կարելի է սպասել Իրան-Ադրբեջան շատ լուրջ բախումների՝ ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

 «Ինչևէ, Իրան-Իսրայել ուղիղ ռազմական բախում լինելու է։ Ժամկետի հետ կապված՝ կդժվարանամ ասել, թե երբ, բայց իրադարձությունները բավականին արագ են զարգանում և մենք ևս պետք է պատրաստ լինենք ցանկացած իրադարձությունների և պետք է հասկանանք, թե որն է լինելու մեր անելիքը, իհարկե, առաջին հերթին՝ մենք պետք է առաջնորդվենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերով, չտրվենք այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հորդորներին և համոզումներին»։  

Այս առումով բավականին ուշագրավ էին Հայաստանում Իրանի դեսպանի՝ վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։ Դեսպան Սոբհանին ՀՀ-ում հավատարմագրված Արևմտյան որոշ պետությունների դեսպանատներին ուղղակիորեն մեղադրեց Հայաստանում հակաիրանական քարոզչություն անելու և հասարակության մեջ միակողմանի խոսույթ տարածելու մեջ։ Իրանի դեսպանը հիշեցրեց նաև, որ 44-օրյա պատերազմում հայ զինվորները զոհվել են հենց իսրայելական զենքով։ Նա շեշտեց նաև, որ երկակի ստանդարտներով տարածաշրջանում խաղաղության մասին քարոզելն անթույլատրելի է:

Back to top button