Դպրություն

Ֆիզմաթի ամառային ճամբարը՝ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն․ «Դպրություն»

Աշխարհի լավագույն բուհերի ուսանողներ հանդիսացող Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտները կազմակերպել էին Ֆիզմաթի պատմության մեջ ամենամասշտաբային ամառային դպրոցը` United Global Generation-ը, միջին և ավագ դպրոցի աշակերտների համար (5-12-րդ դաս.): Ճամբարի ընթացքում ավելի քան 300 երեխաներ ուսումնասիրեցին  մաթեմատիկան ու ծրագրավորումը, ստացան գիտելիքներ իրենց անծանոթ և նախկինում բարդ թվացող թեմաներից։

Կարևորելով միջազգային փորձի առկայությունը աշակերտների համար` խմբերը կազմվեցին  և անգլերեն լեզվով ուսուցմամբ, և հայերեն։ Սա ֆիզմաթի պատմության մեջ ամենամասշտաբային ամառային դպրոցն է` միջին և ավագ դպրոցի աշակերտների համար:

««Կամավորական միություն»–ը հիմնադրել ենք 2021թ․-ի սեպտեմբերին, 44–օրյա պատերազմից մեկ տարի հետո։ Մենք որոշեցինք «Կամավորական միության» հիմնադրմամբ հնարավորություն տալ էլ ավելի շատ ֆիզմաթցի երեխաների՝ մասնակցել կամավորական ու հասարակական աշխատանքների և նպաստել իրենց համայնքի զարգացմանը։  «Կամավորական միության» հիմնական խնդիրը եղել է հասանելի կրթության ապահովումը Երևանի և մարզերի բոլոր երեխաների համար։ Այս տարի մենք հյուրընկալեցինք 300 երեխաների, որոնցից 100-ը մարզերից էին», – ասում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի «Կամավորական միության» նախագահ Անուշ Սահակյանը։

Անի Գյունաշյան, Անուշ Սահակյան, Հովհաննես Մուրադյան, Լուսինե Մովսիսյան

«Մեր կազմակերպած ճամբարի գլխավոր նպատակներից է նաև այն, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, անկախ նրանից, ինքը մարզից է, թե ոչ՝ ունենա հնարավորություն ճամբարին մասնակցել և շփվել ֆիզմաթցիների հետ։ Այստեղ նրանք ստանում են գիտելիքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ՝ ֆիզմաթ ընդունվելու համար։ Ֆիզմաթ դպրոցը մարզերից եկած ճամբարականներին անվճար սկզբունքներով տրամադրում է հանրակացարաններ և սնունդ՝ խթանելով  նրանց որակյալ ուսման պրոցեսը»,– ասում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Հովհաննես Մուրադյանը։

«Ես Ճամբարում աշխատել եմ անգլերենով ուսուցանվող խմբի հետ։ Այստեղ մենք ուսումնասիրեցինք թեմաներ, որոնք հիմնականում անցնում են համալսարանի 2–րդ կուրսում։ Հույս ունեմ, որ այս ճամբարը հնարավորություն տվեց երեխաներին կողմնորոշվելու իրենց մասնագիտական ընտրության մեջ», – ասում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ ուսանող, Ֆիզմաթ դպրոցի «Կամավորական միության» անդամ  Անի Գյունաշյանը։

«Ճամբարի մասին իմանալով՝ շատ ոգևորվեցի։ Ինձ ոգևորեց այն փաստը, որ ճամբարը անցկացվելու էր ֆիզմաթում, ֆիզմաթցիների միջավայրում։ Ես փորձել եմ ընդունվել ֆիզմաթ դպրոց, բայց չի ստացվել։ Դրանից հետո ես անընդհատ ձգտում եմ լինել նրանց միջավայրում։ Ճամբարի ուսուցչուհուս օրինակը շատ մոտիվացնող էր՝ մասնագիտական կողմնորոշման առումով։ Ես շնորհակալ եմ ֆիզմաթ «Կամավորական միությանը»։ Իմ սպասելիքները ավելի քան արդարացան», – ասում է Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտուհի , Ֆիզմաթ դպրոցի ճամբարի մասնակից արցախցի Լուսինե Մովսիսյանը։

Նկարները՝ Ֆիզմաթ դպրոցի Աշակերտական Խորհուրդ / Student Council of PhysMath school ՖԲ էջից

Back to top button